[ARM]     [RUS]     [ENG]

ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆ Է, ԳՐԱՆՑՎԵԼ Է ՆՈՒՅՆԻՍԿ ՆՎԱԶՄԱՆ ՄԻՏՈՒՄ

Ս. թ. հունվար ամսից Արցախում գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճարակաբանական իրավիճակի անկայունության պատճառով ԼՂՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկել և շարունակում է իրականացնել կանխարգելիչ համալիր միջոցառումներ։

Ողջ հանրապետությունում առ այսօր կատարվում են ամենօրյա դիտարկումներ, որոնց տվյալները յուրաքանչյուր  օրվա վերջում փոխանցվում են ԼՂՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը։ 

Բնակչության շրջանում վերոնշյալ վարակների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և հետևողական մի շարք ծրագրերի իրականացման արդյունքում հանրապետությունում դիտվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացման կայուն իրավիճակ, ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության և շտապօգնության կանչերի որոշակի նվազում:  

ԼՂՀ Ան պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի տեղեկատվությամբ՝ ամբուլատոր հիվանդների բուժսպասարկման համար բժշկական հաստատությունները ոչ աշխատանքային օրերին էլ են շարունակում  հերթապահությունները։ Շաբաթ և կիրակի օրերին աշխատում է նաև տեսչությունը՝ հավաքագրելով մշտադիտարկման արդյունքները։ Համակարգված աշխատանքների շնորհիվ գրիպի և վերին սուր շնչառական ուղիների համաճարակաբանական վիճակը շարունակում է մնալ կայուն, նկատվում է ինչ-որ տեղ նույնիսկ վարակի դեպքերի նվազում։ Այսպես, դիտարկման տվյալներով՝ փետրվարի 9-ի դրությամբ հանրապետության բժշկական հաստատություններում վերին շնչառական ուղիների հիվանդություններով ստացիոնար բուժում էր ստանում 103 հիվանդ, որից 31-ը՝ մինչև 18 տարեկան: Հոսպիտալացված 52 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, ընդ որում  5-ը` մինչև 18 տարեկան: Իսկ արդեն փետրվարի 10-ի դրությամբ բուժհաստատություններում գրանցվել է 87 հիվանդ, այդ թվում 31-ը՝ մինչև 18 տարեկան: Հոսպիտալացված 41 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 5-ը՝ մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել: 

Ինչ վերաբերում է հանրապետության նախադպրոցական և հանրակրթական հաստատություններում տիրող համաճարակաբանական իրավիճակին, տեսչության պետ Օ. Հարությունյանը տեղեկացրեց, որ ախտահանման ռեժիմը պահպանելու նպատակով բոլոր այս օջախներն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և ախտահանիչ նյութերով։ Ամենօրյա դիտարկումներ են իրականացվում դպրոցներում, մանկապարտեզներում, պարզաբանվում բացակայությունների պատճառները: Նախադպրոցական հաստատություններում շարունակվում է առավոտյան ֆիլտրումը, այսինքն՝ բոլոր երեխաներն ստուգվում են, հիվանդներին չեն թողնում հաճախել մանկապարտեզ։ Փետրվարի 10-ի դիտարկման արդյունքներով  հիվանդության պատճառով բացակաների թիվը մանկապարտեզներում կազմել է 5%, իսկ դպրոցներում՝ 2,8 %։ ԼՂՀ շրջաններում վերոնշյալ վարակների համաճարակաբանական իրավիճակը նախարարության մասնագետների կողմից գնահատվել է կայուն։

ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից կշարունակվեն վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ինչպես բուժական, այնպես էլ կանխարգելիչ միջոցառումները: Առաջիկա ոչ աշխատանքային օրերին ևս տեսչությունն ու բժշկական հաստատությունները կշարունակեն հերթապահությունները։ Մասնագետները հորդորում են չթուլացնել զգոնությունը, պահպանել հիգիենայի տարրական կանոնները, խուսափել գրիպանման երևույթներով մարդկանց հետ շփումներից, մարդկային կուտակումներից։ Պետք է հագնվել եղանակին համապատասխան, սնվել ու քնել լիարժեք. կարևոր է սննդակարգում ավելի շատ օգտագործել վիտամին C պարունակող մթերքներ՝ օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով։ Իսկ հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում դիմել բժշկի։

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ