ՇԱՀ ԹԹԵՆՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ...

Տարինե՛ր առաջ էր. երջանկահիշատակ Սարգիս Բաղդասարյանի հետ զրուցում էինք Արցախի խորհրդանիշը հանդիսացող ՙՄենք ենք, մեր սարերը՚ նրա իսկ կերտած մոնումենտալ հուշակոթողի մոտ, երբ ասաց. ՙԵս պատահական չեմ Տատ ու Պապին ոտքերով ամուր և խորը հողի մեջ խրված կերտել...

Յուրաքանչյուր ղարաբաղցի հողի մեջ ամուր արմատակալած մի կոճղ է, որը մեռնելուց առաջ բազում շիվեր է արձակում։ Սա է մեր գենի, մեր լինելիության գաղտնիքը, սա մեր շահ թթենու գաղտնիքն է, թթենու, որ շվատելուց ոչ թե չորանում, այլ նորանում է...՚։ Սա է մեր արցախյան այն ավանդական գերդաստանների գաղտնիքը, որ բազում տարիներ զրկված լինելով հավատքի տնից, օտարված լինելով սեփական մշակույթից, ծով համբերությամբ ծովի պես ինքնամաքրվում էին, ինքնաօծվում հայ մնալու ավազանում, յոթը որդով սեղան նստում ու հող նախապատրաստում մի պատեհ առիթի անարդարության ճակատը խարանելու։ ...Ավանդապահ մի գերդաստանի մասին եմ ուզում պատմել, Ասծատրյանների գերդաստանի, որ բազում շիվեր է արձակել Ասկերանի շրջանի գողտրիկ Հարավ գյուղում... 60-ականների սկզբին Սոնա և Բենիկ Ասծատրյանները գյուղից տեղափոխվեցին քաղաք։ Երկու զավակները սովորում էին Ստեփանակերտի գիշերօթիկում, եկան երեխաների հետևից ու մնացին։ Աշխատանքի անցան գիշերօթիկի օժանդակ տնտեսությունում ու սկսեցին, ինչպես ասում են, կանաչ խոտի վրա կրակ անել։ Հողի լեզուն հասկացող մարդիկ էին։ Կարճ ժամանակաընթացքում ոտք բռնեցին և դեռ մի բան էլ ավելի. արդեն իրենք էին հարևան¬դրկիցներին ձեռք մեկնում... Գեներով անսահման բարություն, մեծ սիրտ ու ազնվություն էին ժառանգել, և այդ ամենը Սոնա մեծամոր կաթի հետ հոսել է զավակների արյան մեջ, ու նրանց հինգ զավակները մեծացել, բոյ են քաշել օջախի հարգ ու կարգին վայել ավանդույթներով։ Կես խոսքից հասկացել են իրար, ծնողների վաստակածը երբեք քամուն չեն տվել, դեռ ավելին, հենց ուժները պատել է, իրենք էլ իրենց մասնաբաժինն են բերել ընտանեկան բարօրությանը։ Ծնողների համար օրախնդիր հարց էր զավակներին կրթություն տալը, ինչի համար նրանք ոչինչ չէին խնայում։ Ավագ որդին՝ Սլավիկը, ավարտել է Երևանի մեքենաշինական տեխնիկումը, հետագայում Պոլտավա քաղաքում ստացել բարձրագույն կրթություն։ Սվետլանան ավարտել է Կինեշմայի էկոնոմիկայի տեխնիկումը, Սեդան՝ Երևանի պետհամալսարանի կենսաքիմիայի և իրավաբանության բաժինը, Սերժը՝ Ղափանի շինարարական տեխնիկումը, Սամվելը՝ Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի մեքենաշինական բաժինը։ Բոլորն էլ ընտանիք են կազմել, հետո էլ լույս աշխարհ են եկել գերդաստանի թոռ ու ծոռները։ ... 88-ին ողջ ընտանիքով զինվորագրվեցին Ղարաբաղյան շարժմանը, անում էին ով ինչ կարող էր, ում ձեռքով ինչ գալիս էր... Սերժն ու Սամվելը պայքարի առաջամարտիկների շարքերում էին ու տան երես չէին տեսնում։ Ավագ որդին՝ Սլավիկը, շարժման լիդերների կողքին էր, նրանց անխոնջ օգնականը՝ կազմակերպչական հարցերում։ Ասատրյանների Ստեփգէս 32 հասցեում գտնվող տունը վերածվել էր մի փոքրիկ շտաբի, որտեղ գիշերվա ուշ ժամերին հավաքվում էին շարժման լիդերներն ու Հայաստանից ժամանած հյուրերը՝ լուծում գտնելու տարբեր հարցերի ու հիմնախնդիրների։ Սոնա տատը նույնիսկ հյուրընկալել է շարժման դահիճ հանդիսացող Սաֆոնովին, հյուրասիրել ղարաբաղցու սրտաբացությամբ, գուցե թե նրա սիրտը մի փոքր փափկի մեր արդար պայքարի հանդեպ։ Ավա՛ղ… Անհանգիստ ու պրպտուն Սոնա տատը, որ չգիտեր՝ ինչ ասել է վաստակած հանգիստ, մերթ իր ձեռքով պատրաստած կորկոտ էր ուղարկում միտինգավոր¬գործադուլավորների համար, մերթ էլ դույլով պանիր ու դարսով թոնրի հաց, հալած յուղ ու իր բանջարանոցի բարիքները։ Իր տունը մտած հյուրերին Սոնա տատն ամուսնու՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից Բենիկի հետ միասին ոչ միայն լիասիրտ հյուրասիրում էր, այլև բաժին էր հանում տան եղած¬չեղածից։ Դժվար տարիներ էին, պետք է իրար հարեհաս լինեին՝ դիմակայելու մոտալուտ բոլոր արհավիրիքներին։ Իսկ երբ պատերազմն արդեն ՙտարերք՚ էր ապրում, նա 40-լիտրանոց տարողությամբ մեղր էր տարել հոսպիտալ, վիրավորներին բաժանել։ Լուսահոգի Վալերի Մարությանը նրան խնդրել է իր կաբինետում նստել ու հանգստանալ՝ մինչև բուժքույրերը մեղրը կբաժանեն վիրավորներին, բայց Սոնա տատն անդրդվելի էր, նա իր ձեռքով էր ուզում ուտեցնել վիրավորներին ու հետն էլ իր մայրական զորավոր օրհնությունը բաշխել նրանց, որ արագ ապաքինվեն։ Նա ամեն Աստծո օր աղոթքներ էր մրմնջում, որ զավակներն առաջին գծից անփորձանք տուն դառնան։ Շատ ծանր տարավ, երբ թոռան՝ Սուսաննայի ամուսինը՝ Սամվել Իսրայելյանը, զոհվեց։ Միջնեկ որդին՝ Սերժը, երկու անգամ վիրավորվել է, ողնաշարի ծանր վիրահատություն է տարել։ Տան կրտսեր որդին, չար ու կրակ Սամվելը, դեռ փոքրուց մեծ շրջապատ ուներ... Նրա հոգին, հույսն ու հավատը ընկերներն էին։ Իրար գլխի հավաքված՝ ապագայի մեծ ծրագրեր էին կազմում, ու այդպես իրենց մեծ ծրագրերով էլ մտան պայքարի հորձանուտ... Պատահական չէ, որ հենց նրա՝ Մաշտոցի 2, բն. 3 հասցեում գտնվող տունը դարձավ Շարժման նախակարապետների հավաքատեղի։ Նա իր հարկի տակ ընդունում էր միտինգների լիդերներին, նրա ճաշասենյակի դուռը բացվում էր այն հարթակի վրա, որտեղից Ազատության հրապարակում հավաքված ժողովրդի առջև ելույթ էին ունենում առաջնորդները։ Երբ խաղաղ երթերի ու արդար պահանջատիրության վրա արձակվեց առաջին կրակոցը, Սամվելը համախոհ ընկերների հետ տան երես չէր տեսնում։ Նավթով լիքը շշերը գոտկատեղին կապած Կրկժան ու Ջանհասան էին բարձրանում։ Տնեցիներին ոչինչ չէր ասում, ընկերներն էին այս կամ այն առիթով պատմում նրա հանդգնությունների մասին։ Օրինակ՝ Ջանհասանում շրջապատի համար գլխացավանք դարձած դիպուկահարներին վերացնելու համար 7 կիլոմետր փորսող առաջ է գնացել։ Նա, ինչպես և շատ¬շատերը, իր մարտական կենսագրությունն սկսել է կամավորական ջոկատներից. Կրկժան, Խոջալու, Մալիբեկլու, ապա՝ նոր ստեղծված հրետանային ստորաբաժանումներից մեկի ականանետային մարտկոցի կազմում (հրամանատար՝ Մամիկոն Միրզաբեկյան) ամենատարբեր առաջադրանքներ է կատարել, տարբեր պաշտպանական շրջաններում Սամվելը բազմիցս վիրավորվել է, Սարիբաբայում ոտքերը ցրտահարվել են, նա իր մարմնի մեջ բազմաթիվ բեկորներ էր կրում։ Երիկամների լուրջ պրոբլեմներ ուներ, սակայն պատերազմն ավարտելուց հետո էլ շարունակել է ծառայել հակաօդային պաշտպանության ուժերում, նախ՝ որպես թիկունքի գծով, իսկ ապա՝ տեխնիկայի գծով ստորաբաժանման հրամանատարի տեղակալ։ Առողջության հետ կապված խնդիրները օր օրի զգացնել էին տալիս, ու զորացրվեց սեփական դիմումի համաձայն։ Նրա երկարամյա ծառայությունը գնահատվել է բազմաթիվ մեդալներով։ Սամվելի հայրենասիրության ամենավառ դրսևորումներից մեկն էլ նրա վեց զավակներն են՝ չորս որդին ու երկու դուստրը, որոնք, ինչպես վկայում են հարազատները, կողակիցը՝ Էվելինան, նրա պայքարի մի մասն են, նրա կիսատ մնացած երազանքների կրողը։ ...Երջանիկ էին, ողջ գերդաստանով իրար սատարող, իրար թև ու թիկունք, սակայն դժբախտությունն անսպասելիորեն ցնցեց բոլորին։ Պատերազմական փորձություններին դիմակայած ընտանիքը ծանր կորուստ կրեց, ավտովթարի զոհ դարձավ 44-ամյա Սամվելը՝ իր հետևից թողնելով դառը կսկիծ ու խորը ափսոսանք։ Մարտական ընկերները նրան հրաժեշտ տալու եկան գիշերով, եկան կեսգիշերն անց հրաժեշտ տալու իրենց լեն ու նեղ օրերի ընկերոջը։ Գիշերով եկան, որ ոչ ոք չտեսնի իրենց արցունքները, որովհետև կրկնակի, եռակի դժվար ու ծանր էր խաղաղ օրերում մարտական ընկեր կորցնելը։ 2015թ. հունվարի 7-ին ծանր հիվանդության պատճառով կյանքին հրաժեշտ տվեց նաև Սլավիկը... Ասծատրյանների գերդաստանը կրկին ծանր կորուստ կրեց, սակայն վիշտը սրտում շարունակում է հյուսել շահ թթենու գաղտնիքը, թթենի, որ շվատելուց ոչ թե չորանում, այլ նորանում է։ 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ