[ARM]     [RUS]     [ENG]

ՏԻԿՆԱՅՔ՝ ՀԱՅՈՑ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՑ

ՙՏիկնայք փափկասունք Հայոց աշխարհի...՚. նրանցից յուրաքանչյուրը օջախի պատվար ու խորհրդանիշ, նրանցից յուրաքանչյուրը՝ Մեծամայր՝ սեփական շնչով օջախ տաքացնող, օջախին շունչ ներարկող...

Եվ, այդքանով հանդերձ, նաև թև ու թիկունք աշխարհաշեն այրերին։ Հայ կինը, մայրը նաև գիտնական է, բժիշկ, ուսուցիչ ու ինժեներ, և ինչ բնագավառի ասես, որ նրա ձեռքը չի հասնում։ Լուսանկարից մեզ նայող, ժպտացող տիկնայք ու աղջիկները ծառայում են N զորամասում, նրանք զինվորագրվել են ՙՃերմակ խալաթավորների՚ բանակին սիրով ու ակնածանքով առ Հայրենիք։ Հոսպիտալի պետ փոխգնդապետ Վահան Ոսկանյանի հավաստմամբ, այս բուժանձնակազմը Հիպոկրատի երդվյալ զինվորներից է, և նրանց խոսքն անգամ բալասանի ուժ ու ներգործություն ունի մանավանդ տուն ու տեղից հեռու զինվորների համար, նրանք և՜ մայր են, և՜ քույր ՝ հոգեկից, հարազատ ու գթասիրտ։ Էլեոնորա Շահինյանը, Իրինա Մելքումյանը, Հռիփսիմե Մարտիրոսյանը, Կարինե Սողոմոնյանը, Արեգա Ադամյանը, Սուսաննա Պետրոսյանը, Լիլիթ Գրիգորյանը, Մարիետա Ղահրամանյանը՝ բոլորն ունեն մասնագիտական բավարար պատրաստություն։ Հիպոկրատի երդվյալները բոլոր հայ մայրերին ու կանանց միջազգային օրվա կապակցությամբ առաջին հերթին ցանկացան առողջություն, առողջություն՝ ինչը հաջողությունների հիմքն է ու գրավականը։ Նրանց շուրթերին խաղաղություն բառը մանանա է, սուրբ ու բաղձալի արտահայտություն, յուրաքանչյուր մոր սրտի ցանկություն։ -Մի ընտանիքի պես ենք,¬ վստահեցնում են նրանք,¬ տղամարդ բժիշկները մեզ հոգատարությամբ են շրջապատում, իսկ տոն օրերին՝ անակնկալներ մատուցում։ Մի խոսքով՝ նրանք ուշադրության կենտրոնում են, ու իրենք էլ՝ թև ու թիկունք տղամարդկանց՝ վիրահատարանում, հիվանդասենյակներում ու նաև ծառայությունից դուրս՝ ընտանեկան ջերմ մթնոլորտում։ Հոսպիտալում դրվածքը ՙէն գլխից՚ է այդպես՝ համերաշխ կոլեկտիվ, որտեղ բոլոր հարցերը լուծվում են ամենքի ու յուրաքանչյուրի ջանքերով։ Ի վերջո, նրանք բոլորն էլ ծառայում են նույն՝ զինվորի շուտափույթ ապաքինմանն ու շարք վերադառնալուն նպատակին։ Բացի այդ, նրանք նաև զինվորի համար բարի խորհրդատու են, սրտակից մայր ու քույր, նրանց դժվար օրերին հարեհաս ու աջակից։ Այս տիկնայք ու աղջիկները նվիրված ծառայության դիմաց իրենց վարձատրված են զգում, նրանց միշտ գնահատում ու մատնացույց են անում, իսկ հիվանդներն ապաքինվելուց հետո երախտագիտության խոսքեր չեն գտնում իրենց գոհունակությունն արտահայտելու։ Նրանք իրենց հոգածությամբ փորձում են մեղմել տղաների ունեցած տան կարոտը, և հաճախ են ծնողներին հորդորում չգրել իրենց մանր¬մունր խնդիրների մասին, որ նրանք իզուր չանհանգստանան ու երկար ճանապարհ չկտրեն զավակներին հասնելու համար։ Տղաները ապաքինվելուց հետո շնորհակալություն են հայտնում բուժքույրերին բարի, արդարացի ու նրբանկատ խորհրդի համար։ Այո, նկարից մեզ ժպտացող այս սիրասուն տիկնայք և աղջիկները ճերմակ խալաթով այն զինվորների բանակից են, ովքեր ծառայում են խղճով, նվիրումով ու զորակցում բանակի կայացմանն ու ամրապնդմանը։ 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ