[ARM]     [RUS]     [ENG]

ԽՆԴԻՐԸ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀԱՄԱՐ ՏԻՊԱՅԻՆ ՇԵՆՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է

Մանկապարտեզի ընտրության հարցը ծնողների համար լուրջ խնդիր է:

Այն նախադպրոցական տարիքի երեխաների  դաստիարակության, նրանց մոտ տարրական մշակույթ ձևավորելու պայման է, ժողովրդական կրթության համակարգի առաջին օղակը: Նախադպրոցական տարիքի երեխաների համար նման օջախներ գոյություն ունեն աշխարհի գրեթե բոլոր երկրներում: 

Համաձայնվեք՝ մակարդակով, նորմալ պայմաններով  մանկապարտեզ ունենալը մեր օրերում այնքան էլ հեշտ գործ չէ: Մանկապարտեզի և ընտանիքի փոխգործակցությունն ապահովում է երեխայի դաստիարակության և կրթության միասնականությունն ու անընդհատությունը: Դրանք այն  երկու կառույցներն են, որոնք կանգնած են երեխայի ապագայի ակունքներում, և այդ երկուսի  լիարժեք գործունեության ու փոխադարձ կապի հետևանքների կրողը երեխան է: Հետևաբար, անհրաժեշտ է լրջությամբ մոտենալ այն հարցին, թե ինչ նախադպրոցական հաստատություն պիտի ընտրել երեխայի համար:

Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի մանկապարտեզը գործում է 2007 թվականի հոկտեմբերի 1-ից: Համապատասխան շենք չունենալու պատճառով այդ նպատակին ծառայեցվեց գյուղի միջնակարգ դպրոցի աջաթևյան հատվածը: 2009թ. հուլիսին ՙՍեդրիկ Մարտեն՚ հիմնադրամի ֆինանսավորմամբ վերանորոգվեց մանկապարտեզը, փոքր-ինչ բարելավվեցին պայմանները։ Նախաձեռնության հեղինակները եղել են շվեյցարացի Դանիել և Ժակ Մարտեն ամուսինները: 

Ներկայումս Խնապատի մանկապարտեզ է հաճախում 49 երեխա, որոնք ընդգրկված են երկու խմբում՝ կրտսեր և ավագ։ Կրտսեր խմբում (23 երեխա)  2-3 տարեկաններն են, իսկ ավագում (26 հոգի)՝ 4-5 տարեկաններ։ Տնօրեն Լուսինե Մանվելյանի հավաստմամբ՝ բոլոր երեխաներն էլ սիրով ու ոգևորությամբ են հաճախում նախադպրոցական այս հաստատություն:                                                                         

Մանկապարտեզում կրթադաստիարակչական աշխատանքներն իրականացնում են պետական չափորոշիչներով՝ համալիր ծրագրով, շեշտը դնելով երեխաների տարիքային առանձնահատկությունների վրա:

Հիմնական խնդիրն այն է, որ մանկապարտեզը չունի շենք, բակ, զբոսանքի համար տարածք, դահլիճ:                                                                                 

ՙՀամայնքում տարեցտարի ծնունդների աճ է գրանցվում, և մանկապարտեզի համար տիպային շենքը վաղուց անհրաժեշտություն է,- ասում է տնօրենը։ -  Մեր խնդիրը երեխային փոքր տարիքից կրթելն  է, նրա ներաշխարհը կոփելն ու պատրաստելը դպրոցին: Իսկ դրա անհրաժեշտությունն ունեն բոլոր երեխաները՚։

Սուսաննա ՀՈՎՍԵՓՅԱՆ