[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐԱԶԱՏ ՔԱՂԱՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՉԼԻՆԵԼ ԱՆՏԱՐԲԵՐ

Ապրիլի 1-30-ը մայրաքաղաքում հայտարարված է ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ, որի պատշաճ անցկացման համար Ստեփանակերտի քաղաքապետարանում ստեղծվել է հանձնաժողով` քաղաքապետի տեղակալ Արմեն ՀԱԿՈԲՅԱՆԻ նախագահությամբ։

Ըստ Ա. Հակոբյանի, արդեն մշակված և հաստատված են միամսյակի ընթացքում իրագործվելիք աշխատանքերը: Ինչպես միշտ, այս անգամ ևս միամսյակի հիմնական աշխատանքները կիրագործվեն քաղաքապետարանին ենթակա հիմնարկ-ձեռնարկությունների` ՙԱկադեմիկոս Թախտաջյանի անվան Ստեփանակերտի բուսաբանական այգի՚ ՓԲԸ-ի, ՙՍանմաքրում՚ ՀՈԱԿ-ի, ՙԲՇՏ՚, ՙՋրմուղ-կոյուղի՚, ՙՋերմային տնտեսություն՚, ՙՆ. Ստեփանյանի անվան քաղաքային զբոսայգի՚ ՓԲԸ-ների ուժերով: Այդ ընկերությունների կողմից կիրականացվեն ինչպես առօրյա, այնպես էլ լայնածավալ աշխատանքներ. բոլոր աղբահավաք կետերի մաքրում, փողոցներից ու բազմաբնակարան շենքերի բակերից՝ կենցաղային ու շինարարական աղբի մեքենայացված հավաքում և տեղափոխում, բազմաբնակարան շենքերի մուտքերի սանմաքրում, կենտրոնական գերեզմանոցի մերձակա տարածքի սանիտարական մաքրում, խոտանված նյութերի տեղափոխում, եզրաքարերի ուղղում և այլն: Կկազմակերպվեն ծառերի հատում ու երիտասարդացում, ծառաբների կրաջրով ներկում, սիզամարգերի սանմաքրում, ծաղիկների ցանում, ծառատունկ մի շարք փողոցներում, Բաղրամյան փողոցում նոճիների փոխարինում նորերով, ծառատունկ քաղաքային աղբանոց տանող ճանապարհի երկայնքով, ֆիլտրկայանների, պոմպակայանների, տարածքների մաքրում, բարեկարգում և այլն։ Կարգի կբերվեն մայրաքաղաքի զբոսայգիները, պուրակները: Բարեկարգման աշխատանքներ կընթանան Շուշի տանող ճանապարհին հարող տարածքներում, Բաղրամյան, Նաբերեժնայա փողոցներում, Մելիքավան և Արեշ թաղամասերում։ Ապրիլի 23-ը հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ: Ա. Հակոբյանի հավաստմամբ` բոլոր պետական կառավարման մարմինները, գերատեսչությունները, հիմնարկ-ձեռնարկությունները, կազմակերպությունները` անկախ սեփականության ձևից, ուսումնական հաստատությունները կտեղեկացվեն իրենց հասանելիք աշխատանքների, տարածքների մասին. դրանց կողմից շաբաթօրյակի ժամանակ կկատարվեն հիմնականում իրենց շենքերի շրջակա և հարակից տարածքների սանմաքրման և կանաչապատման աշխատանքներ: Այդ օրը կլվացվեն նաև մայրաքաղաքի բոլոր հուշարձանները: Այս տարի միամսյակը կառանձնանա մի ուշագրավ միջոցառումով` ամբողջ ամիս հանրակրթական դպրոցներում պարապմունքներն սկսելուց առաջ կարճատև դասընթացներ կկազմակերպվեն շրջապատի մաքրության, կանաչ գոտիների և, ընդհանրապես, բնապահպանության կարևորության վերաբերյալ: Արմեն Հակոբյանը համաքաղաքացիներին կոչ է անում անտարբեր չլինել հարազատ քաղաքի խնդիրների հանդեպ, պահպանել մայրաքաղաքի մաքրությունը, կանաչ գոտիները: 

 Էմմա ԲԱԼԱՅԱՆ