Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԶՈՐԱՎԻԳ՝ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Երևանի պետական համալսարանի մի  խումբ դասախոսներ և ուսանողներ՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ, մարտի 18-20-ը հերթական այցով գտնվում էին  Արցախում:

Այս անգամ էլ մայր բուհի  պատվիրակությունը եռօրյա ուխտագնացության ընթացքում եղավ Արցախի տարբեր վայրերում և վերադարձին կանգ առավ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Այստեղ՝ Երևանյան մայրուղու եզրին, կայացավ ծառատունկ: Նոր պուրակը, որտեղ տնկվեցին 50 ընկուզենիներ, այլ ծառատեսակներ, նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակին:

Արամ Սիմոնյանը, կարևորելով դեպի Արցախ այս ուխտագնացությունները, ասաց. 

–Այս օրերին եղանք նաև Մարտակերտի շրջանում, այցելեցինք զորամասեր: Բերձորյան այս պուրակն իր մեջ մեծ խորհուրդ ունի, քանի որ այն կայացավ նոր սերնդի՝ մեր ուսանողների ձեռքով: Տարիներ շարունակ մենք այստեղ Գուրգեն Մելիքյանի հետ պուրակներ ենք հիմնել, այդ ժամանակներում տնկված ծառերն արդեն բերք են տալիս, և հուսով եմ՝ այս պուրակում նույնպես տնկիները կյանք կառնեն ու բերքով կապահովեն մեր զավակներին: Նախատեսել ենք աշնանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-ամյակի պուրակ հիմնել: Ազատագրված մեր հայրենիքում տնկված յուրաքանչյուր ծառ  երիտասարդությանը կապում է Արցախի հետ, և նրանք գիտակցում են, որ Արցախը ևս իրենց տունն է, ու պարտավոր են տեր կանգնել նրա կայացմանը, պաշտպանությանն ու  հզորացմանը: 

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանն արդեն 20 և ավելի տարի է, ինչ օժանդակում է Քաշաթաղի կայացմանը, ուսանողների հետ կազմակերպում ծառատունկեր։ 

 -Յուրահատուկ օր է ինձ համար,-ասաց բարերարը,- Բերձորում իրականություն դարձավ հերթական պուրակը՝ նվիրված ՀՀ անկախության հռչակման 25-ամյակին: Ցուցատախտակին գրված է ՙԶորավիգ լինենք հայոց պետականությանը՚ կարգախոսը, որը պարտավորեցնող է: Այո, նաև նման գեղեցիկ միջոցառումներով պետք է զորավիգ լինենք մեր հայրենիքին:  

Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած ֆակուլտետից 5 դասախոս և 4 ուսանող մասնակցում են ծառատունկին: Նույն դասախոսներն այդ երկու օրը եղել են Մարտակերտի շրջանի տարբեր զորամասերում, դասախոսություններ կարդացել զինվորների համար: Ուսանողները նույնպես այցելել են զորամասեր:                                       

Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Վարդուհի Հարությունյանը երրորդ անգամ է այցելում Արցախ:  Սակայն առաջին անգամ է մասնակցում ծառատունկի: ՙՍկզբում ԵՊՀ ՙՎարդանանք՚ ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի կազմում 7-ական օրով եկել ենք  արշավների,- ասաց Վարդուհին,¬ իսկ այժմ այլ է, հպարտ եմ, որ մեր ծնողների ազատագրած հողում ծառ եմ տնկում՚: 

Մայր բուհի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, ով մշտապես ուսանողներին ուղեկցում է Արցախ, տեղեկացրեց, որ ԵՊՀ պատվիրակության կազմում են մոտ 20 դասախոս և 100 ուսանող: Մինչ Բերձոր գալը Մարտակերտի շրջանի  Ներքին Հոռաթաղ գյուղում ևս պուրակ են հիմնել՝ նվիրված Արցախյան գոյամարտի ժամանակ նահատակված ուսանող, լրագրող Նորայր Մարությանի հիշատակին: Նույն գյուղի դպրոցում մի դասարան անվանակոչվել է հերոսի անունով: 

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսից է Արմեն Խաչատրյանը, նաև ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի անդամ: 6 տարի առաջ եղել է Հայոց բանակի զինվոր, ծառայել Մեղրի-Ագարակ հատվածներում: Պուրակներ հիմնելը նույնպես համարում է հայրենանվեր գործ և պարտավորություն յուրաքանչյուրի համար: Արմենի հետ ծառ տնկեց նաև տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի առաջին կուրսեցի Անի Նազարյանը: Առաջին անգամ է այցելել Արցախ և չի փոշմանում: Մյուս անգամ դարձյալ կգա: Տեղեկացավ նաև Բերձորի պատմությանը: Ուրախ է, որ զորամասում հանդիպել է մարտական բարձր ոգով հայ զինվորների և վստահ է, որ մեր երկիրն ամուր պատվար ունի: Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Սամվել Մուրադյանը կարևորեց, որ հենց Բերձորում՝ Արցախը մայր հայրենիքին կապող տարածքում, կայացավ ՀՀ անկախության հռչակման 25-ամյակին նվիրված պուրակի հիմնումը: Նշեց, որ Արցախի ազատագրումով իրականացավ Շիրազի, Սևակի, մյուս հայ մեծերի երազանքը:                                                

Ծառատունկից հետո համալսարանականներն այցելեցին նաև Մոնթե Մելքոնյանին նվիրված պուրակ, որտեղ քարին փորագրված է հերոսի մարգարեական խոսքը՝ ՙԵթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը՚: Այս գիտակցումով մեր ուսանողները հրաժեշտ տվեցին Արցախին: Պատվիրակության կազմում էին նաև հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտչյանը, աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, ուսանողական խորհրդի նախագահ Րաֆֆի Քարամյանը, լրագրողներ: 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

 

ք. Բերձոր