[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Ասկերանի շրջանի բուժքույրերի համար 

 Ապրիլի սկզբին Արցախում Ադրբեջանի նախահարձակ ռազմագործողություններից բռունցքվեց  ողջ հայ ժողովուրդը։ Համայն աշխարհի հայությունը համախմբվեց և իր ուժերի ներածին չափով աջակցեց և շարունակում է աջակցել Արցախին։ 

ՙՀայաստանի մանուկներ հիմնադրամ՚ (COAF) բարեգործական կազմակերպության տնօրեն Անուշ Եդիգարյանը, առողջապահական կրթության ծրագրի համակարգող Լուսինե Սահակյանը և մյուս  ծրագրերի ղեկավարներն ապրիլի սկզբին ժամանել էին Արցախ, հանդիպում ունեցել ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանի և ոլորտի մյուս պատասխանատուների հետ՝ առաջարկելով իրենց օժանդակությունը։ Հիմնադրամը Հայաստանում իրականացնում է գյուղական համայնքների համապարփակ զարգացման ծրագրեր, որոնք ունեն կրթական, սոցիալ-հոգեբանական, տնտեսական զարգացման, առողջապահական ուղղվածություն։ 

Ապրիլյան քառօրյա պատերազմը և հետագա ոչ դյուրին իրավիճակը միաբանեցին Հիմնադրամի աշխատակիցներին, ովքեր ցանկություն հայտնեցին ընդգրկվել Արցախի օգնության ծրագրերում։ Անուշ Եդիգարյանն ու Լուսինե Սահակյանը հանդիպում ունեցան նաև ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի, ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության պատասխանատուների, ինչպես նաև ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորման գլխավոր տնօրենի և գլխավոր մանկաբույժի հետ՝ պարզաբանելու, թե կոնկրետ ինչ ծրագիր կարող են իրականացնել մեր հանրապետությունում, որը չի հակասի Հիմնադրամի մանդատին, չնայած Արցախն ընդգրկված չէ իրենց ծրագրերում։ ԼՂՀ առողջապահության նախարարության և մյուս կառույցների պատասխանատուները նպատակահարմար գտան հանրապետությունում կազմակերպել առաջին բուժօգնության դասընթացներ շրջանների բուժքույրերի համար։ Իհարկե, մեր բուժքույրերն այդ դասընթացներն անցել էին նաև 2006թ.՝ Կարմիր խաչի և միջազգային այլ կազմակերպությունների համատեղ ծրագրերով։ Սակայն, ելնելով ստեղծված իրավիճակից, դասընթացների թարմացման անհրաժեշտությունն արդիական էր։ 

Ապրիլի 18-20-ը Ստեփանակերտում Ասկերանի շրջանի գյուղերի բուժքույրերի համար կազմակերպվեց առաջին բուժօգնության դասընթաց, որին մասնակցեց ավելի քան 20 հոգի։ Դասընթացը վարում էր Հիմնադրամի առողջապահական կրթության ծրագրի համակարգող Լուսինե Սահակյանը, ում պարզաբանմամբ՝ Արցախի բուժքույրներն ունեն համապատասխան գիտելիքներ, պարզապես մեկ անգամ ևս թարմացրին դրանց պաշարը՝ փոխանցելով որոշ նորություններ։ Դասընթացավարը ոգևորված է բուժքույրերի արագ արձագանքման՝ երկու օրվա մեջ խումբ ձևավորելու առումով։ ՙՄենք մտածում էինք, որ այս խառնակ շրջանում, երբ բուժքույրերի մեծ մասի ամուսինները դիրքերում են, խնդիր կլիներ մասնակցել այս դասընթացին։ Բայց երբ եկանք Ստեփանակերտ և մտանք լսարան, պարզապես հիացանք՝ տեսնելով, որ բոլորը մեկ մարդու պես ներկա էին ու պատրաստ ուսուցմանը՚,- ասաց Լ. Սահակյանը։ 

Եռօրյա դասընթացի մասնակից՝ Այգեստան համայնքի բուժքույր Գայանե Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ընձեռված հնարավորության համար։ Գ. Պետրոսյանը դպրոցում դասավանդում է առաջին բուժօգնություն և ստացած գիտելիքները նաև կփոխանցի աշակերտներին։ Լ. Սահակյանի պարզաբանմամբ՝ Արցախում,  իհարկե, կան մարդիկ, ովքեր կարող էին նմանատիպ դասընթացներ կազմակերպել, պարզապես նրանք ավելի լուրջ հարցերով են զբաղված, ու տեղին չէ հիվանդանոցից կամ հոսպիտալից կտրել բժշկի կամ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հրահանգիչ բերել ու դասընթացներ անցկացրել։ Ասկերանի շրջանի բուժքույրերը պատրաստակամություն հայտնեցին տեղերում ստեղծել բուժօգնության կամավորական խմբեր՝ հարկ եղած դեպքում օգնության հասնելու համար։ 

Մեկ այլ հանգամանք. կազմակերպության հոգեբաններից մեկն էլ աշխատեց տեղի հոգեբանների և Մարտակերտից, Մատաղիսից ու Թալիշից տարհանված ընտանիքների հետ։ Այսպես, Հիմնադրամը հնարավորության սահմաններում որպես բարի կամքի դրսևորում՝  ցուցաբերեց մասնագիտական առաջնահերթ օգնություն։ 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ