[ARM]     [RUS]     [ENG]

ՙՆԻՎԱ՚ ՄԱԿՆԻՇԻ 10 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԱՐՑԱԽԻՆ

Շարունակվում է աշխարհի տարբեր երկրների հայ համայնքների և առանձին բարերարների աջակցությունն Արցախին։ Մայիսի 11-ին ՙՆԻՎԱ՚ մակնիշի 10 ավտոմեքենա Արցախի կառավարությանն է նվիրաբերել ՀՀ-ում գործող ՙՀամբարձումյան ընտանիք՚ բարեգործական հիմնադրամը։

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի պարզաբանմամբ՝ այս ծանր օրերին մշտապես կապի մեջ են Համբարձումյան ընտանիքի ներկայացուցիչների հետ։ Նշենք, որ բարեգործական այս կառույցը հիմնադրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանը, ով իր ազգակիցների հետ մեկտեղ իրագործում է բարեգործական տարբեր ծրագրեր։ Հիմնադրամը բազմապիսի օգնություն է տրամադրել Արցախին և ինչպես նշեց Ա. Աղաբեկյանը, նախանշվել են նաև նպատակային ծրագրեր։ Արդյունքում հիմնադրամը որոշում է կայացրել Արցախին նվիրել ՙՆԻՎԱ՚ մակնիշի մեքենաներ։ Դրանք հիմնականում նպատակաուղղվելու են մոբիլիզացիոն խնդիրների ի կատար ածմանը, որի թիվ 1 նպատակը մեր պաշտպանական կարողությունների զորացումն է։ 

ՙՇնորհակալություն եմ հայտնում Համբարձումյան ընտանիքին և մեր բոլոր այն բարեկամներին, ովքեր ապրելով հայրենիքում կամ նրա սահմաններից դուրս, իրենց կարողությունների չափ այս օրերին աջակցություն են ցուցաբերում մեր հանրապետությանը, որպեսզի կարողանանք գոտեպնդված զսպել սանձարձակ հակառակորդին՚,-հավելեց Ա. Աղաբեկյանը։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ