[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ՎԱՐԴԱՎԱՌԸ

Վարդավառը կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը նշեց մեծ շուքով։

Հուլիսի 3-ին Այգեստան համայնքում կազմակերպված յուրահատուկ միջոցառմանն ընդգրկվել էին Արցախում գործող երիտասարդական կազմակերպությունների անդամներ, Պաշտպանության բանակի զինծառայողներ, հաշմանդամներ, հավատացյալներ։

Միջոցառումը մեկնարկեց Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուց. տեր քահանա Մինաս Մովսիսյանի գլխավորությամբ մատուցվեց սուրբ Պատարագ։ Քահանան ներկաներին պարզաբանեց տոնի խորհուրդը՝ անդրադառնալով նրա հեթանոսական և քրիստոնեական ակունքներին։ Նա Աստծուց բերք ու բարիք, պտղաբերություն խնդրեց։ Նաև՝ ջրի ցողեր շաղ տվեց ներկաների վրա։ Ջուրն առատության խորհրդանիշն է, հողը ջրում են, որ երաշտ չլինի։

Մասնակիցները եկեղեցու բակից մեկնեցին Ասկերանի շրջանի Այգեստան համայնք, որտեղ համատեղվեցին հաճելին ու օգտակարը. մեծ ոգևորությամբ մաքրման աշխատանքներ իրականացվեցին Մոշ աղբյուրի հարակից տարածքում։ Դրան հետևեցին ազգային ավանդական խաղերը, որոնց ակտիվ մասնակցեցին զինծառայողները։

Մրցանակային տեղեր զբաղեցրածներն ու ակտիվ մասնակիցները նախարարության կողմից խրախուսվեցին պատվոգրերով ու նվերներով։

ՙՍա համազգային տոն է և մեծ ուրախություն է բերում հատկապես մանուկներին ու երիտասարդներին, ովքեր իրար վրա ջուր ցանելով՝ երջանկություն են ապրում։ Վարդավառին նվիրված միջոցառման նպատակը նաև երիտասարդներին ու հասարակության լայն շերտերին ազգային տոներին հաղորդակից դարձնելն է։ Երիտասարդ խաղավարների միջոցով մենք հիշեցրինք այն խաղերը, որ մեր նախնիներն են խաղացել։ Սա նաև հնարավորություն է, որ երիտասարդները խաղի միջոցով անկաշկանդ ցուցադրեն իրենց հմտությունները։ Միջոցառման հիմնական նպատակն էր՝ վերականգնել սիրված տոնն՝ իր ազգային ծեսերով ու ավանդույթներով։ Պայծառակերպության տոնը շատ հետաքրքիր բաղադրիչներ ունի, որը կարելի է կյանքի կոչել այսօր՚,- ասաց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը։

Ըստ ավանդույթի՝ Վարդավառին վարդաջրով ցողվելը հաջողություն է բերում։ Հենց դրա համար տոնակատարություններն արվում են աղբյուրների, գետերի մոտ։ Ասում են՝ հնում նույնիսկ չխոսկանություն պահպանող նորահարսերը ջրում էին իրենց կեսրայրերին։ Օրվա ավարտին շրջակայքում չոր շորերով մարդ գտնել հնարավոր չէր։

Տոնակատարությունը եզրափակվեց շուրջպարով։ 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ