[ARM]     [RUS]     [ENG]

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 8-9-ը աշխատանքային այցով Արցախում էր գտնվում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը`  նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:

Աշխատանքային այցի ընթացքում տեղի է ունեցել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հետ համատեղ նիստ, որին մասնակցում էին նաև  Արցախի` կարգավորմանը ենթակա ոլորտների ներկայացուցիչներ: 

ՀՀ կարգավորող մարմնի ղեկավար Ռ. Նազարյանն իր գոհունակությունը հայտնեց 7 տարի առաջ սկիզբ դրված համագործակցությունը լավագույնս շարունակելու կապակցությամբ, որի արդյունքները, նրա գնահատմամբ,  համեստ են,  բայց ժամանակի ընթացքում միասին կհաջողվի  զարգացնել առկա  դրական միտումները, ինչին էլ հետամուտ  է այդ  այցելությունը: 

Նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր համատեղ աշխատանքների արդյունքների համառոտ ամփոփմանը: Հանձնաժողովների միջև համագործակցության ստորագրումից ի վեր բավականին աշխատանքեր են կատարվել, որոնք ուղղված են եղել ԼՂՀ կարգավորող մարմնին վերաբերող օրենքների և իրավական ակտերի բարելավմանը, հանձնաժողովի աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործմանը, ՀՀ ՀԾԿՀ-ում ներդրված արդյունավետ մեխանիզմների կիրառման հնարավորությանը, կարգավորող մարմնին  վերապահված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգերի մշակմանն ու ներդրմանը, ինչպես նաև ԼՂՀ հանձնաժողովին տեխնիկական  օժանդակության ցուցաբերմանը: 

Ներկայացվեցին նաև երկու հանձնաժողովների 2016թ. համատեղ աշխատանքային ծրագրի գլխավոր դրույթները, որոնք հաստատվեցին և վավերացվեցին հանձնաժողովների նախագահներ Ռ. Նազարյանի և Հ. Ղահրամանյանի կողմից: 

Նիստում լսվեցին նաև տեղական կարգավորման մարմնի ենթակայությանը վերաբերող օրակարգային հարցեր, փոփոխություններ կատարվեցին նախկինում ընդունված մի շարք որոշումներում: Մասնավորապես, հեռուստատեսության, ռադիոյի, հեռահաղորդակցության կարգավորման բաժնի կողմից ներկայացված փոփոխությունները վերաբերում էին հաշվետվության ձևին. որոշման արդյունքում տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցվող անձանց կողմից ներկայացվող հաշվետվություններում կարտացոլվեն նաև բաժանորդների քանակներն ըստ  օգտագործվող արագությունների և շրջանների, ինչպես նաև ամրակցված և շարժական լայնաշերտ ինտերնետի օգտագործման ծավալները, ինչը դյուրին կդարձնի կարգավորվող ընկերությունների աշխատանքը և վերջիններիս կազատի  լրացուցիչ գրություններով պահանջվող տվյալների լրացման և ներկայացման անհրաժեշտությունից: 

Հարցերից մեկով, ինչպես ամեն տարի, հանձնաժողովը հայտարարեց լիցենզավորման մրցույթ հեռահաղորդակցության բնագավառում ազատ ռադիոհաճախականությունների տիրույթում:

Օրակարգի  սպառումից  հետո նիստին ներկա արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին հանձնաժողովներին:   

Մասնավորապես, ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ տնօրեն Տիգրան Ծատրյանին հուզում էր արտադրող կայանների կողմից ռեակտիվ էներգիայի արտադրման չափերի որոշման հարցը: Դա կարգավորված չէ, և ընկերությունն այդ պատճառով զգալի կորուստներ է կրում։

ՀՀ ՀԾԿՀ զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Սերգեյ Արղինյանի պարզաբանմամբ` այդ հարցը Հայաստանում էլ բաց է,  ներկայումս  այն կարգավորվում է զուտ ռեժիմների մակարդակով. էլեկտրաէներգիայի պահանջարկն ապահովվում է կայանների կողմից, բայց որպես լրացուցիչ ծախս չի հաշվարկվում, այսինքն` ընկերություններն ամեն դեպքում ստանում են իրենց հասույթները, բայց առաջացած ծախսերն առանձին կարգով կոմերցիոն բաղադրիչի մեջ չեն մտնում: Նրա տեղեկացմամբ`  ներկայումս մշակման փուլում է  ցանցային կոդեքսը, որը ներառելու է նաև ռեակտիվ էներգիայի կոմերցիոն կարգավորումը: Հաջորդ տարվա առաջին եռամսյակում կլինի այդ փաստաթուղթը,  որը նշված հարցում որոշակի կարգավորում կմտցնի: 

ԼՂՀ ՀԾՏՄԿՊՀ նախագահ Հակոբ Ղահրամանյանն առաջարկեց քննարկումներին ներգրավել  նաև Արցախի շահագրգիռ մարմիններին, ինչը հայաստանյան հանձնաժողովի նախագահ Ռ. Նազարյանն ընդունելի համարեց: 

 

 Սվետլանա Խաչատրյան