ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ` ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ժամանակը կանգ առնել չգիտի, ոչ էլ՝ խնայել որեւէ մեկին…
Քսաներկու եւ ավելի տարիների վիշտ ու դժվարություններ են կրում Արցախյան առաջին պատերազմում անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքները, հարազատները։ Տան, ինչպես ընդունված է ասել, կերակրողին կորցրածների համար դա ինքնըստինքյան հասկանալի իրողություն է։
Ստեղծման տարուց ի վեր մեր կազմակերպությունը՝ ԼՂՀ ԱԿԱՀՄ-ը, ջանում է հնարավորինս օգնել նրանց որոշակի հարցերում, նպաստել առավել կարեւոր խնդիրների լուծմանը։ Բարոյական մշտական աջակցությունից բացի մենք տարիների ընթացքում բազմիցս ենք նյութական օժանդակություն ցուցաբերել պատերազմից տուժած առավել կարիքավոր ընտանիքներին, օգնությունը հայթայթելով ամենատարբեր փողերով, հիմնականում, կարելի է ասել, պետական ու բարեգործական։
Նման մի գործողություն էլ իրականացրինք օրերս, ինչի առնչությամբ մեր կազմակերպության անունից շնորհակալություն եմ ուզում հայտնել հանրապետության Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ հերթական անգամ մեր թախանձագին միջնորդությանն ընդառաջելու եւ նյութական օգնություն (բացառապես՝ սննդամթերքներ, որոնց սուր կարիքն ունեն անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների՝ առավել ծանր վիճակում գտնվող, բազմազավակ կամ անկողնին գամված, հարազատները) տրամադրելու համար։ Մեր նախաապես ներկայացրած ցուցակի համաձայն նախարարության երկու ներկայացուցչի՝ Սմելա Սարուխանյանի եւ Նարինե Ապրեսյանի հետ միասին այցելեցինք 30 ընտանիքի եւ հանձնեցինք օգնությունը։ Եթե անկեղծ խոստովանեմ, պիտի ասեմ, որ բոլորիս համար հաճելի էր, բայց եւ միաժամանակ ծանր՝ տեսնել, զգալ այդ մարդկանց ուրախությունը նվերի համար... Որովհետեւ ուրիշ բան է, երբ մարդ քեզ շնորհակալություն է հայտնում զուտ բարոյական աջակցության համար, եւ ուրիշ՝ երբ նրա երախտագիտության նյութը հենց նյութականն է… Դա, սակայն, արտառոց բան չէ դեռեւս չճանաչված եւ պատերազմի շարունակական վտանգի տակ գտնվող երկրի համար, եւ մենք ու նրանք դա լավ ենք հասկանում։
Մեկ այլ կարգի օգնություն էլ գրեթե միաժամանակ կազմակերպել ենք ավելի լայն շրջանակի համար. հագուստեղենի տրամադրում հանրապետության մայրաքաղաքում ու շրջաններում ապրող բազմազավակ 118 ընտանիքների։ Այստեղ էլ իմ հատուկ շնորհակալությունը պետք է հայտնեմ դրանք բարեգործական սկզբունքով ԱԿԱՀՄ-ին նվիրած անձանց. ՙԱրծվաբերդ՚ ՍՊԸ տնօրեն Գալյա Գրիգորյանին, ՙՊրեստիժ՚ ՍՊԸ տնօրեն Ռայա Միրզոյանին, ՙԼիրա՚ ԱՁ տնօրեն Էլմիրա Սարգսյանին, ՙՖաբիոմ՚ ԱՁ տնօրեն Ամրամ Սարգսյանին։
Մեր ժողովուրդն, այո, միաբանվել գիտի ե՜ւ վիշտ ու հոգսի, ե՜ւ բերկրանքի պահերին, եւ, անշուշտ, նաև իր ա՜յդ հատկանիշի շնորհիվ է, որ կարողացել է դարերով ու հազարամյակներով դիմակայել իրեն նետված մարտահրավերներին ու հարատեւել։
Վերա ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՂՀ ԱԿԱՀՄ նախագահ