ԻՆՉ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ ՈՒՆԻ ԱԼԵՔՍԱՆԱ ՂՈՒԶԵ ԿԱՐԱՆԸ

Հունոտի արգելոցի տարածքում է գտնվում Ալեքսանա ղուզե կարանը: Քարայրային համալիրը Կարկառ գետի արեւմտահայաց ափի բլրաշարի վրա է, Շուշիին եւ Քարին տակին դեմ-հանդիման:

Քարայրների գոյության մասին շրջակա գյուղերի բնակիչները վաղուց գիտեին: Սակայն չգիտեին, որ կարող է պատմագիտական առումով հետաքրքրություն ներկայացնել: Ամեն ինչ փոխվեց 2011թ., երբ ոլորտը կարգավորող ԼՂՀ զբոսաշրջության վարչության առաջարկով Ազոխի հնագիտական արշավախմբի անդամները հետախուզական այցով եկան համալիր: 

Կարճատեւ  ուսումնասիրություններից հետո մասնագետները եկան այն եզրակացության, որ շատ հավանական է, որ Ալեքսանա Ղուզե կարանը մարդու համար բնակարան է ծառայել հազարամյակներ շարունակ: Հետագա ուսումնասիրությունների համար արդեն անհրաժեշտ էր արշավախումբ կազմավորել: Սկսվեց մասնագետների եւ ֆինանսների փնտրտուքը, ու երկու տարի առաջ հնագետներն Ազոխի արշավախմբի ղեկավար Լեւոն Եպիսկոպոսյանի գլխավորությամբ ավելի լայն հետազոտություններ սկսեցին: Այս տարի լայնածավալ պեղումների սկիզբը դրվեց: Դրանք իրականացրել է հայ-լեհական համատեղ արշավախումբը: Կատարված աշխատանքների արդյունքում հստակեցվել է, թե հնագետները գոնե մոտավոր ինչ ակնկալիքներ կարող են ունենալ նոր պեղավայրից: Հնագետների կարծիքով՝ քարանձավում մշակութային շերտը 4,5 մետր խորություն ունի: Այս պահին պեղված է 2 մետրը, մանրամասն հետազոտված՝ ընդամենը կես մետրը: Նախնական եզրակացությունն այն է, որ ժամանակագրական առումով մշակութային շերտը շուրջ 50 հազար տարի է ընդգրկում: ՙ50 հազար տարին բավական երկար ժամանակահատված է: Այսինքն այստեղ բնակվել են ե՜ւ մարդ-բանականը՝ ժամանակակից մարդը, ե՜ւ նեանդերթալյան մարդը: Եվ այդ առումով քարանձավային համալիրն ավելի գրավիչ է հետազոտողնների համար,- նշում է մարդաբան-գենետիկ Լեւոն Եպիսկոպոսյանը:- Մեր ակնկալիքն այն է, որ գտնենք նրանց համատեղ գոյատեւման մասին վկայող փաստեր՚: Գիտնականի խոսքով՝  արշավախումբն ապագայում նոր մասնագետներով պետք է  համալրվի, որպեսզի ավելի համապարփակ ուսումնասիրություններ կատարվեն, դրանք բավականին հարուստ նյութ են  խոստանում, ինչը հնարավորություն կտա վերականգնել ոչ միայն պարզապես քարանձավային համալիրի բնակիչների կենցաղին վերաբերող շատ մանրամասներ, այլեւ, ընդհանրապես, որոշակիացնել այս տարածքի բնապատկերները մեզանից ավելի քան հիսուն հազար տարի առաջ. ինչ կենդանիներ են ապրել, ինչ բույսեր են աճել, ինչով է զբաղվել այս տարածքի բնակիչը: Մարդաբան-գենետիկը վստահ է, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն կտան հայտանբերված  եւ հայտնաբերվելիք նյութի ԴՆԹ հետազոտություն կատարել եւ պատասխանել մի հարցի, որն էությամբ պատմական ու գիտական կլինի, հետեւանքներով՝ քաղաքական: ՙՆախնական տվյալներն արդեն ունենք, որ նեոլիթյան ժամանակահատվածի, բրոնզեդարյան հատվածի բնակիչները մեր անմիջական  նախնիներն են: Այսինքն, այստեղ մեր արմատներն ավելի քան 10-15 հազար տարվա պատմություն ունեն: Դա կարող ենք ապացուցել եւ ողջ աշխարհին ցույց տալ, որ մենք այստեղ բնիկ ժողովուրդ ենք՚,- փակագծերը մասամբ է բացում Լեւոն Եպիսկոպոսյանը: Շոգ ամռանը քարանձավի ներսում ջերմաստիճանը 10 աստիճանից փոքր-ինչ բարձր է, ձմռանն էլ դրական կմնա: Հազարամյակներ առաջ դա մարդուն թույլ է տվել այստեղ ապաստանել ու գոյատեւել, իսկ հետո էլ բարենպաստ վիճակ է  ապահովել մարդու բնակությունից մնացած հետքերը ու նաեւ ԴՆԹ-ն պահպանելու համար: Որպեսզի պեղումների ժամանակ ԴՆԹ-ն չխաթարվի՝ հնագետներն արտահագուստով, դիմակներով են աշխատել:

Ալեքսանա ղուզե կարան հնավայրով նաեւ արտասահմանյան հետազոտական շրջանակներն են հետաքրքրվում: Ընդ որում, ո՜չ Արցախի շուրջ քաղաքական խարդավանքները, ո՜չ էլ վերջին շրջանի լարվածությունը այլազգի մասնագետներին չեն խանգարել գալ ու գիտական աշխատանքով զբաղվել մեզ մոտ: Այս տարի արշավախմբի կազմում լեհ  մասնագետներ են աշխատել: Հետագա անելիքները որոշելու համար վերջերս Արցախում էին Լեհաստանի գիտությունների ակադեմիայից  Սլավոմիր Կոզելը եւ Վրոցլավի համալսարանի պրոֆեսոր, մարդաբան Շիշտոֆ Շոստեկը: Նրանք գոհ էին այն ամենից, ինչ տեսել են, եւ մտադիր են հաջորդ տարի ավելի ընդգրկուն աշխատանք կատարել  քարանձավում։ Սլավոմիր Կոզելի խոսքով՝ սա նոր հուշարձան է ե՜ւ տարածաշրջանի, ե՜ւ Եվրոպայի համար, պեղված կամ խաթարված չէ եւ թույլ կտա մարդու էվոլյուցիայի հետ կապված բազմաթիվ հարցերի պատասխաննեեր գտնել: Շիշտոֆ Շոստեկը հույս ունի, որ  հայտնաբերվելիք նյութը հնարվորություն կտա պարզել կենդանիների եւ մարդու միգրացիայի հետ կապված մի շարք հարցեր: ՙՀաջորդ տարի ցանկանում ենք պեղումներ կատարել ավելի մեծ կազմով, ու նաեւ՝ ավելի լայնածավալ աշխատանքների համար ենք ցանկանում ֆինանսներ հայթայթել՚,-վստահեցնում է մարդաբան Սլավոմիր Կոզելը: ՙՄեր համալսարանը մտադիր է ֆինանսական միջոցներ հայթայթել եւ նոր մասնագետներ ընդգրկել, ինչը թույլ կտա ավելի հիմնավոր ուսումնասիրել այս քարանձավից գտնված նյութերը՚,- գործընկերոջը լրացնում է Վրոցլավի համլսարանի պրոֆեսոր, մարդաբան Շիշտոֆ Շոստեկը:

Ալեքսանա կարանն արդեն իսկ հարցեր է առաջադրել. այստեղ օբսիդեանե գործիքներ են գտնվել, իսկ օբսիդիանի ամենամոտ հանքը քարանձավից  30-40 կմ հեռավորության վրա է: ՙԱյսինքն, կապեր են եղել, իր պարզունակ ձեւով գուցե առեւտուր է եղել՚,- թվարկում է Լեւոն Եպիսկոպոսյանը: Այլ կերպ ասած՝ ուսումնասիրությունների դաշտը քարանձավային համալիրից տարածվում է տասնյակ կիլոմետրերի շառավղով:

 Արշավախումբն արդեն ավարտել է աշխատանքը: Մասնագետների այլ խմբի հետ նրա անդամները կվերադառնան հոկտեմբերին՝ քարանձավի, հնագիտական խորշի ստույգ տեղորոշման, կոորդինատների որոշման  համար: Պեղումները շարունակվելու են հաջորդ տարի:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ