[ARM]     [RUS]     [ENG]

ԱԿՆԱԲՈՒՅԺՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ

Օրերս Երևանի ՙՔանաքեռ-Զեյթուն՚ բժշկական կենտրոնի մի խումբ ակնաբույժներ ԼՂՀ ԱՆ Հանրապետական բժշկական կենտրոնում կատարեցին անվճար վիրահատություններ։

Նախօրոք գրանցված ու հերթագրված 16 քաղաքացիներից երկուսի մոտ իրականացվել են գլաուկոմայի, իսկ 14 հիվանդի մոտ՝ կատարակտի բարդ վիրահատություններ։ 

ԼՂՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Ռուզաննա Ադամյանի պարզաբանմամբ՝ աչքի բարդ խնդիրներ ունեցողներից շատերն են դիմել վիրահատվելու համար, սակայն ընտրվել են սոցիալապես անապահով և բարդ վիրահատությունների կարիք ունեցողները։ 

ՙՔանաքեռ-Զեյթուն՚ բժշկական կենտրոնի ակնաբուժական վիրահատարանի վարիչ Անդրեյ Ամիրխանյանի խոսքով՝ բացի վիրահատություններից իրականացրել են հիվանդների ընդունելություն, խորհրդատվություն։ 

Առանձին հիվանդների մասնագետները խորհուրդ են տվել Երևանում ենթարկվել լրացուցիչ հետազոտման՝ հետագա վիրահատությունների համար։ Նշենք, որ նույն խմբի բժիշկներն այս տարի արդեն երկրորդ անգամ են այցելում Հանրապետական բժշկական կենտրոն և նմանօրինակ նախաձեռնություններով փորձում իրենց աջակցությունը բերել Արցախին։  

Ա. Ամիրխանյանի հավաստմամբ՝ ծրագիրը կկրի շարունակական բնույթ։  

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ