ԳՅՈՒՂԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՆՈՐ ԴՊՐՈՑ ԿՈՒՆԵՆԱ
Հադրութի շրջանի Ազոխ համայնքում ավարտին է մոտենում նոր, արդի չափանիշներին համապատասխանող կրթօջախի շինարարությունը:
Նորակառույցում այժմ ներկարարական, ներքին ու արտաքին հարդարման և բարեկարգման աշխատանքներ են կատարվում: Կապալառու, ՙՇտիրլից և Կ՚ ընկերության աշխղեկ Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ իրականացվող աշխատանքները միանգամայն բարձրորակ են, շինարարներն ամենայն պատասխանատվությամբ են կատարում իրենց գործը:
Նշենք, որ Ազոխի գործող դպրոցը ոչ տիպային շինություն է, վթարային: Կառուցվել է 1930-ական թվականներին և ընդամենը վերջին տարիներին է միայն մի քանի անգամ մասնակի վերանորոգվել: Կրթօջախում 120-ից ավելի երեխա է սովորում, իսկ նախադպրոցական տարիքի երեխաների թիվն էլ համայնքում հասնում է մոտ 80-ի: Ուստի, նոր դպրոց ունենալն Ազոխում ևս անհրաժեշտություն էր:
Շենքի շինարարությունը վերսկսվել է 2011 թվականի հուլիսից: Առաջին փուլում մոնտաժման ու ամրացման աշխատանքներ են իրականացվել: Կառուցման ընթացքում հնարավորինս օգտագործվել է տեղական շինանյութ: Նոր կրթօջախը, որ նախատեսված է 200-ից ավելի աշակերտի համար, կառուցվում է ԼՂՀ պետական բյուջեի հաշվին: Այն կունենա հարմարավետ պայմաններ, ինչը բացակայում է գործող դպրոցում. լուսավոր դասարաններ, նոր գույք, մասնագիտական կաբինետներ, ջեռուցման կենտրոնացված համակարգ, բարեկարգ ու ասֆալտապատ բակ, ծառուղի, ծաղկանոց, մարզադահլիճ:
ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունից տեղեկացանք, որ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ, իսկ մարզադահլիճը` հաջորդ տարի:
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ