[ARM]     [RUS]     [ENG]

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ

Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի դպրոցական նոր շենքի շինարարական աշխատանքներն սկսվել  են  դեռևս 2011 թվականին։ Նախատեսված էր, որ գալիք՝  2016-2017 ուսումնական տարվա առաջին զանգը պետք է հնչեր նորակառույց դպրոցում:

Սակայն ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների պատճառով շինարարական  աշխատանքները որոշ ժամանակ հետաձգվեցին: Կրթօջախի շենքը տիպային է՝ նախատեսված 300 աշակերտի համար։ Նկուղի հետ միասին եռահարկ է: Կարմիր Շուկայում դպրոցական նոր շենք ունենալն անհրաժեշտություն էր, քանզի ներկայում գործող դպրոցը վթարային վիճակում է: Բացի այդ, համայնքում տարեցտարի ծնելիության աճ է նկատվում:

Նորակառույց դպրոցը հարմարավետ է՝ ընդարձակ դասասենյակներով, մասնագիտական կաբինետներով, ապահովված կլինի կենտրոնացված ջեռուցման համակարգով, մշտական ջրով: 

Շինարարության այս փուլում աշխատանքներ են տարվում ներքին ու արտաքին հարդարման, տարածքի բարեկարգման ուղղությամբ: 

Կապալառու՝ ՙՌաֆո՚ ՍՊԸ շինարարների հավաստմամբ՝ շինարարության ընթացքում հիմնականում տեղական հումք է օգտագործվել: Նախատեսվում է դպրոցական շենքը շահագործման հանձնել մինչև տարեվերջ:

 Շինարարության ֆինանսավորումն իրականացվում է պետբուջեից։

Լաուրա Գրիգորյան