Logo
Print this page

ՀՍՏԱԿԵՑՆԵԼ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Միջանձնային հարաբերություններում, ուսման մեջ և  աշխատանքում մարդիկ հաճախ սխալ մտածողության պատճառով դժվարությունների ու խնդիրների  են հանդիպում։

Մտածողությունն անհատի ճանաչողական գործընթաց է՝ ուղղված իրականության ընդհանրացված և միջնորդավորված արտացոլմանը, որի ժամանակ սուբյեկտն իրականացնում է տարբեր տեսակի ընդհանրացումներ։ Շնորհիվ մտածողության՝ մարդ դուրս է գալիս զգացողական ճանաչողության սահմաններից և ձեռք բերում իր գործունեությունը ծրագրելու և կանխատեսելու ունակություն։ Մտածել, նշանակում է բացահայտել այն օրինաչափություններն ու հատկանիշները, որոնք ակնհայտ չեն, այլ թաքնված են երևույթների կամ առարկաների խորքային հարաբերություններում։ Մտածողության արդյունքները մտքերն են, որոնք հիմնականում արտահայտվում են հասկացություններում և խոսքում։ Մտածողությունը նաև նորի որոնման և բացահայտման գործընթաց է, որը հենվում է զգայական փորձի և պրակտիկ գործունեության վրա, բայց մեծ չափով դուրս է գալիս դրանց սահմաններից։ 

Գաղտնիք չէ, որ մեր մտածողությունը հաճախ ոչ թե արդյունավետ հոգեկան գործընթաց է, այլ ներքին շատախոսություն` հեղեղված օրվա տպավորություններով, հուզազգացմունքային գնահատականներով` խառնվածքի և բնավորության անմիջական մասնակցությամբ: Այդ մտքերը երբեմն տրամաբանական են, երբեմն էլ` ոչ: Ներքին կցկտուր մտքերը ՙլցնում՚ են հոգու դատարկությունը, ստեղծում ներքին բավարարվածության պատրանք: Մինչդեռ դրանք ոչ միայն պիտանի չեն, այլև վնասակար են: Պետք է ձգտել առավելագույնս դրանցից  ազատվել, քանի որ  ներքին շատախոսությունը խանգարում է նպատակային մտածողությանն ու  ինտուիցիային: Կան մի շարք հնարներ, որոնց օգնությամբ կարելի է փոքրիշատե ազատվել անարդյունք ու անիմաստ մտքերի շարանից: 

Դրանցից ազատվելու համար խորհուրդ է տրվում նախևառաջ գրել կամ նկարել դրանք: Սա աշխատարար գործընթաց է, արդյունքը` էական: Այն, ինչ թղթին է հանձնվում՝ ավելի շղթայական ու տրամաբանական իմաստ է ստանում: Բացի այդ, թղթի վրա կարդալով իր մտքերը, մարդ նկատում է դրանց անտրամաբանական, անհեթեթ, անիմաստ շղթան: Ուստի այս գործը սովորություն դարձնելով՝ մարդ կկարողանա փոքր-ինչ ավելի ուշադիր լինել իր մտքերի հանդեպ:  

Մտքերը տրամաբանական դարձնելու համար խորհուրդ է տրվում նաև դրանք պատմել որևէ համբերատար մեկին: Հաճախ այդ դերում հանդես են գալիս հոգեբաններն ու հոգեթերապևտները: Երբ բարձրաձայնվում է ներքին միտքը, այն հղկվում  ու իմաստավորվում է: Անգամ անեկդոտ կա այս մասին. ՙԵս մի անգամ պատմեցի, նա չհասկացավ: Երկրորդ անգամ` էլի չհասկացավ: Երրորդ անգամից նույնիսկ ես հասկացա, բայց նա էլի ` ոչ՚: 

Ներքին մտքերը  պետք է փորձել  վերլուծել, ինչը թույլ կտա  իմաստային դարձնել դրանք: 

Հետևել մտքին հնարավոր չէ, այն ինչպես գալիս, այնպես էլ անհետանում է, իսկ ահա խոսքը կարելի է կառավարել  ու  շտկել: 

Ներքին անիմաստ շատախոսությունը մեծամասամբ պայմանավորված է նաև սխալ, կցկտուր բառապաշարով: Ուստի պետք է մշտապես զարգացնել այն, ազատվել որոշ անորոշ բառերից: Այսպես, օրինակ, չպետք է չարաշահել  հետևյալ արտահայտությունները՝ ՙպարզ է՚, ՙսարսափելի է՚, ՙհետաքրքիր է՚, ՙկյանքը դժվար է՚ և այլն: 

Սեփական թերությունները դյուրին նկատելու համար կարելի է հետևել ուրիշների խոսակցությանը: Ուրիշի խոսքի մեջ ավելի հեշտ է նկատել թերությունները, ավելորդություններն ու հնարավորինս ձգտել դրանցից խուսափել սեփական արտահայտություններում: 

Ինչպես նշեցինք՝ մտածողությանն օգնում է նաև գրավոր խոսքը: Հստակ, համառոտ, գեղեցիկ մտածելու, ինչպես նաև  արտահայտվելու համար խորհուրդ է տրվում սովորել սեղմ, բայց իմաստալից հոդվածներ գրել: Իհարկե միանգամից չի ստացվի, բայց քրտնաջան աշխատանքը կտա իր ցանկալի արդյունքը: 

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ

Հոգեբան

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.