[ARM]     [RUS]     [ENG]

ԽՈՀԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

Տարիների ընթացքում ինձ մտահոգում էր մի հարց, թե ինչ վերացական և իրական հանգամանքների շրջապտույտի քաոսի մեջ են ձևավորվում ազգի հոգևոր աշխարհը, նրա բարոյական նորմերը,  ընդհանրական գծերը։

Ինչու մի ազգ առաջնորդվում է բարոյական բարձր և հիացմունքի արժանի նորմերով, որը մի բառով անվանվում է ՙմարդկայնություն՚, իսկ մեկ ուրիշի մոտ գերիշխում է իր հարևան նմանակին ոչնչացնելու, բնաջնջելու և ատելության կիրքը։ Մարդկության պատմության մեջ կան ցայտուն ու բնորոշ դեպքեր և իրադարձություններ, որոնք խորհելու տեղիք են տալիս։

Երիտասարդությունս համընկել է այն տարիներին, երբ կոմունիստական գաղափարախոսությունը գերիշխում էր Խորհրդային Միություն կոչված հսկայածավալ և հզոր երկրում, և բնականաբար, նաև նրա բուհերում, որոնցից մեկում ուսանող էի ես, հասարակագիտական առարկաներն ուսուցանվում էին մարքսիզմ-լենինիզմի ՙամենահաղթ՚, անսասան դրույթներով։ Եվ այստեղ հստակ ասվում էր, որ ազգի հոգեկերտվածքը վերնաշենքային դասակարգում է և ձևավորվում է տվյալ ազգի կացութաձևի, սեփականագիտական հարաբերությունների կամ, այսպես կոչված, բազիսի վրա, որի վրա բարձրանում է վերնաշենքը։ Դաժան կացութաձևը վայրենացնում է ազգը, իսկ զարգացած  արտադրահարաբերություններ ունեցող ազգը գնում է դեպի համամարդկային նորմեր և ապրելաձև։

Ինչ-որ տեղ սա համոզիչ էր թվում։ Խորհելով թաթար-մոնղոլների, սելջուկ-թուրքերի և արևելքից, Բայկալի ավազանից դեպի բարեբեր վայրեր, Վոլգայի ավազանը և Միջերկրականի ափեր բռնահոսող  ժողովուրդների կենցաղավարման ձևերի շուրջ՝ կարծես համոզմունք է առաջանում, որ դաժան  կենցաղավարությունը նրանց հոգեկան աշխարհը սրսկել է այնպիսի դժնդակ և վայրագ գծերով, որոնք հարիր չեն համամարդկային նորմերին ու գաղափարներին։ Ունենալով ոչխարների բյուրավոր հոտեր, ձիերի և ուղտերի երամակներ,  քոչվորական այդ  ցեղերը երազում էին ունենալ անմարդաբնակ, ամայի տարածքներ՝ անասուններն արածացնելու համար և վանելով ու կոտորելով նվաճված երկրների տեղացիներին՝ իրենք իսկ դաժանանում էին, ձեռք բերում հոգեկերտվածքի այնպիսի գծեր, որոնք հեռու-հեռու են համամարդկային  ընդունված նորմերից։

Մեր ժողովրդի համար տիեզերական աղետն սկսվեց այն պահից, երբ սելջուկ-թուրքերն արշավեցին դեպի Միջագետք, Կովկաս և անատոլիական տարածքներ։ Նրանք ճանապարհներին կոտորում էին տեղացի հին, հոգնած և ավատատիրական հարաբերություններով մասնատված ժողովուրդների՝ հայերին, ասորիներին, հույներին, սերբերին՝ իբրև անհավատների։ Երևույթը կրոնով չի բացատրվում։ Պարսիկները ևս դավանում էին իսլամը, բայց, ի պատիվ իրենց, նրանք ցեղասպանության փորձ չարեցին, վանում էին գողությունը, անազնվությունը։

Զարմանալիորեն գերմանական ազգը տեղի տվեց նացիոնալ-սոցիալիզմի գաղափարներին, և այն ազգը, որ ուներ զարգացած տնտեսություն և արտադրական հարաբերություններ,  ընդունեց ֆաշիզմի  գաղափարներն, ու երբ Հիտլերը կամ Գեբելսը ճառում էին զրկված և հալածված իրենց ժողովրդի  մասին, գերմանացի կանայք լաց էին լինում։ Կարճ ժամանակում Գյոթե և Գաուս ծնած Գերմանիան դարձավ մարդասպանների օրրան։

Դրան հետևեցին Դահաուն, Օսվինցիմը, Մայդանեկը, հրեաների, լեհերի, սերբերի, ռուսների և այլ ժողովուրդների կոտորածները։ Հարց է ծագում. ինչո՞ւ ստեղծարար գերման ժողովուրդը կարճ ժամանակում դարձավ ավերող, սպանող, ապականող։

Սա խորհրդածությունների տեղիք է տալիս, փաստերն անողոք են, և դրանք բերում են այն գաղափարին, որ ազգի հոգեկերտվածքը դաստիարակվում է։ Ինչ  գաղափարախոսություն գերակայում է ժողովրդի կյանքում տվյալ ժամանակահատվածում, այն էլ կերտում է ազգի ընդհանուր հոգեբանությունը։

Դրա վառ օրինակը ներկայումս Ադրբեջանում տիրող իրականությունն է։ Այնտեղ մթնոլորտը լի է հարևան հայ ժողովրդի նկատմամբ զազրախոսություններով ու զրպարտանքով։ Պատմության փաստերի խեղաթյուրումը կատարվում է պետական մակարդակով, ընդհուպ մինչև հասել են նրան, որ Արարատյան աշխարհը, ուր հայկական արքաների տասնյակ նստավայր-մայրաքաղաքներ են եղել,  Արևմտյան Ադրբեջան են կոչում։ Ստին և վայրահաչություններին վերջ չկա։ Բայց սա դեռ մի կողմ. ինչպե՞ս է դաստիարակվում ազերի ժողովուրդը։ Մարդկության ձեռքբերած բարոյական բարձր նորմերի հակառակ գաղափարներով։ 

Քնած մարդուն կացնահարելը դրվատանքի է արժանանում, կատարողին հերոսի կոչում են տալիս, փառաբանում ամենուր։ Սա քաղաքակրթությունից, մարդկության ձեռքբերած բարոյական նորմերին հակընթաց երևույթ է։ Փառաբանում են նրանց, ովքեր խրամատում սպանված թշնամական բանակի զինվորի գլուխ են կտրում՝ հետագայում դրանք ցույց տալու և հպարտանալու համար, և այդպիսիներին նայում են որպես հերոսական մարդկանց։

Փորփրում ես հիշողությունդ, և պատմությունից, գրականությունից այլ փաստեր են ի հայտ գալիս։

Փարիզում, ասպետականության ժամանակներում չորս հրացանակիրներ մենամարտում են հինգ գվարդիականների հետ, հաղթում են չորսին, իսկ վերջինին առաջարկում են հանձնվել։ Վերջինը՝ Բիկարան, որը մի կորովի երիտասարդ էր, սուսերով մի շրջան է գծում հողի վրա և ասում. ՙԱյստեղ կմեռնի Բիկարան, բայց զենքը չի հանձնի՚։ Հրացանակիրները սուսերով պատիվ են տալիս համարձակ գվարդիականին և դադարեցնում մարտը՝ առաջնորդվելով ՙՄիայնակին, ընկածին մի խփիր՚ նշանաբանով։

Ասում են, որ Աուստերլիցից հետո, ջարդելով ռուս-ավստրիական միացյալ բանակը, Նապոլեոնն առաջինն այցելել է թշնամական ռուս բանակի վիրավոր սպաների հոսպիտալ, զրուցել նրանց հետ և մինչև անգամ իր անձնական բժշկին հանձնարարել բուժել նրանց։

Կարելի է շատ օրինակներ բերել, երբ ոխերիմ թշնամիներն անգամ կենաց-մահու ընդհարումից հետո արդեն խաղաղվում են և չեն կոխկրտում այն չափանիշները, որ սահմանել են մարդիկ դարավոր թշնամանքի հանգուցալուծումից հետո՝ վարվեցողության նորմերից ելնելով։ Այս ամենը կարծես թուրք-ազերիների համար չէ։ Նրանք գնում են քաղաքակրթության հակառակ հոսանքով և չեն խորշում այլանդակ վարքագծից։

Գողությունը, սուտ խոսելը, պատմության աղավաղումն Ադրբեջանում դարձել են կյանքի նորմ։ Իսկ հակահայկական գաղափարախոսությունն աչք է ծակում։ Ընդհուպ մինչև 2-3-րդ դասարանների դասագրքերից սկսած մինչև մասսայական գաղափարախոսության միջոցները լի են հայերի նկատմամբ զրպարտություններով և ատելության սերմանումով։

Սա մեզ բերում է համոզմունքի, որ ազգի հոգեկերտվածքը դաստիարակության արդյունք է, նայած  թե ազգի առաջնորդներն ինչպես են ցանկանում առաջ տանել յուրայիններին և նրանց ներաշխարհը։

Հայտնի է Հիտլեր-Գեբելս գաղափարախոսների արածը, որը գերմանական ժողովրդին տարավ խոտոր ճանապարհով և ստեղծարար գերմանացիներին դարձրեց պրոֆեսիոնալ ջարդարարներ և մարդասպաններ։ Այժմ այդ նույն ճանապարհն է անցնում նաև թերուսների խումբն Ադրբեջանում, որոնք ազերիներին տանում են հարևան ժողովրդի նկատմամբ ատելության և թշնամանքի ուղիով։ Ուղի, որ երկար ժամանակ չի ջնջվի այդ ժողովրդի հոգեկան աշխարհից, և այդ թշնամանքը տևական կլինի  թերևս մինչև ապրող սերնդի վերջը։

Ազգի հոգեկան կերտվածքը դաստիարակության ենթակա է, և տիրող վերնախավը տվյալ ազգի մեջ պիտի դաստիարակի ամենայն լավը և ցանկալին, որ ձեռք է բերել մարդկությունը դարերի փորձով, այլապես թշնամանքի և ատելության սերմանումը ոչ մի լավ բանի չի հասցնի։

Ասում են, երբ Հիսուսն ասել է՝ ՙՍիրիր մերձավորիդ՚, այդ ժամանակ թուրքերը չեն եղել։ Հրապարակի վրա է Աքրամ Այլիսլիի ՙՔարակերտ երազներ՚ վեպ-ռեքվիեմը, ուր ադրբեջանցի ժողովրդական գրողը հստակ պատկերացում է տալիս իրենց հանրապետությունում տիրող մթնոլորտի, հայատյացության և համամարդկային գաղափարներից հեռու գնացող բարքերի մասին։ Նրա վկայությամբ՝ և՜ Սումգայիթի ողբերգությունը, և՜ Բաքվի ջարդերն Ադրբեջանում տիրապետող վերնախավի ձեռքի գործն են, որն առայժմ կարողանում է թունավորել սեփական ժողովրդի հոգեբանությունը։

Կանցնեն տարիներ, գուցե և տասնամյակներ, և բոլոր ժողովուրդները, որոնք շեղված են համամարդկային գաղափարայնությունից, կունենան նոր առաջնորդներ, որոնք նրանց կտանեն ճշմարիտ ճանապարհով, և մարդկությունը կմիավորվի բնական սպառնալից մարտահրավերներին դիմակայելու համար։

Էմիլ ԲԱԼԱՅԱՆ

ԼՂՀ վաստակավոր մանկավարժ