Logo
Print this page

ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ԴԱԴԻՎԱՆՔ

Զբոսաշրջությունը դարձել է մեր երկրի զարգացման կարևոր նախադրյալներից մեկը։

Մենք ունենք դրա համար անհրաժեշտ պայմանները, ուստի տարեցտարի բավականին լուրջ միջոցներ են ներդրվում ոլորտի զարգացման համար։ Այդ շրջանակում է տարբեր փառատոների կազմակերպումը, արտերկրից զբոսաշրջիկների և մեր համերկրացիների ներգրավումը։

Արցախն ունի շատ հարուստ պատմություն, որի վկաներն են դեռևս պահպանվող պատմամշակութային կոթողները։ Դրանք իրենցից բավականին մեծ արժեք են ներկայացնում և այն հիմք ունենալով՝ պետական ու հովանավորչական լուրջ միջոցներ են ներդրվում այդ արժեքները վերականգնելու և ներկայանալի դարձնելու համար։

Մյուս կողմից՝ Արցախն ունի շատ հարուստ և գեղեցիկ բնություն, որը նույնպես մեծ հետաքրքրություն է առաջացնում արտերկրի պոտենցիալ զբոսաշրջիկների շրջանում։ Ապրելով Արցախում, սակայն, արցախցիներիս մեծ մասը բավականին քիչ է տեղեկացված մեր հարուստ մշակույթի, նրա կենդանի վկաների, մեր բազմերանգ ու հարուստ բնության մասին։ Այդ իսկ պատճառով վաղուց արդեն ժամանակն է ծանոթանալ և վայելել դրանց գեղեցկությունն ու հմայքը։

Հենց այդ նպատակն էր հետապնդում  Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից դեպի Դադիվանքի վանական  համալիր կազմակերպված արշավը, որին մասնակցում էին շրջկենտրոնի մի խումբ ակտիվ երիտասարդներ։ Այն հովանավորեց շրջվարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը և շրջանի արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Աշոտ Մարտիրոսյանը։

Դադիվանքն անգնահատելի մեծ ժառանգություն է արցախյան քրիստոնեական մշակույթից, բավականին հարուստ, հետաքրիր և յուրահատուկ գեղեցկությամբ ամփոփված բնությամբ։ Այն այցելուներին ձգում է որպես պատմամշակութային անկրկնելի արժեք, ինչպես նաև՝ հետաքրքիր և գեղատեսիլ վայր։ Ինչպես արցախյան յուրաքանչյուր պատմամշակութային օջախ և վայր՝ այն ևս առանձնահատուկ և եզակի է իր տեսակի մեջ։

Մարդու աշխարհընկալումն ու զարգացումը սկսվում են շրջապատի, սեփական երկրի, հայրենիքի, նրա պատմության, անցյալի ճանաչումից։ Նաև այդ ճանաչումն իր դերակատարումը կունենա ազգայինի քարոզման, դրսին ներկայացնելու համար։ Հենց այս նպատակին էր ծառայում Դադիվանք կատարած արշավը։ Ճանաչենք մեզ, մեր պատմությունը, մշակույթը և կարողանանք ներկայացնել ուրիշներին։

 

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

ք. Մարտունի

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.