[ARM]     [RUS]     [ENG]

ՀՀ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԵՐՆ ԱՐՑԱԽ

Հոկտեմբերի 14-15-ը ՙՀայ-ամերիկյան առողջության կենտրոն՚ հիմնադրամի նախաձեռնությամբ ԼՂՀ ԱՆ հանրապետական բժշկական կենտրոնում կազմակերպվեց հերթական ՙԲաց դռների օր՚, որի շրջանակներում հայաստանյան առաջատար մասնագետներ՝ Կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի, մամոլոգ Արմեն Քոչարյանի և ռադիոլոգ Գայանե Հովակիմյանի կողմից կատարվեցին անվճար հետազոտություններ, խորհրդատվություններ, վիրահատական միջամտություններ։ 

 Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի մասնագետներն Արցախում արդեն չորրորդ անգամ են իրականացնում անվճար հետազոտման և բուժօգնության այս ծրագիրը։ Ընդհանրապես Կենտրոնի առաքելությունն է կրծքագեղձի և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ ախտորոշման և կանխարգելման ճանապարհով պահպանել ու բարելավել կանանց առողջությունը և նպաստել ողջ ընտանիքի առողջությանը՝ տարեկան առնվազն մեկ անգամ կատարվող ընտանեկան բժշկի կանխարգելիչ հետազոտությունների շնորհիվ։ Կենտրոնի տնօրեն Խ. Հակոբյանի պարզաբանմամբ՝ ամեն տարի իրականացվող ծրագրի շրջանակներում հետազոտվում է շուրջ 200-300 մարդ։ Գաղտնիք չէ, որ քաղցկեղի միակ բուժումը կանխարգելումն է, իսկ դրա համար անհրաժեշտ է իրականացնել սկրինինգային ծրագրեր, ինչի արդյունքում հայտնաբերվում է նախաքաղցկեղային վիճակը, և ռիսկի խմբում հայտնված կանանց և տղամարդկանց ցուցաբերվում է մասնագիտական ճիշտ բուժօգնություն։ Այցի նպատակը քաղցկեղի կանխարգելումն է, ուստի հետազոտման հրավիրվում են նաև տղամարդիկ, քանի որ նրանք նույնպես հիվանդանում են կրծքագեղձի քաղցկեղով։ ՙՑավոք, ներկայումս շատ երիտասարդ կանայք տառապում են կրծքագեղձի քաղցկեղով, ուստի ամեն ամիս այցելում ենք ՀՀ հեռավոր մարզեր, շրջաններ, կատարում անվճար հետազոտություններ՝ հիվանդության վաղ հայտնաբերման ու կանխարգելման ուղղությամբ։ Ամեն անգամ Արցախ մենք սիրով ենք գալիս, կարևորում ենք այս այցերը, ու մեր հետազոտությունների թիրախային օրգանը հանդիսանում է կրծքագեղձը։ Բացի դրանից, բավականին լուրջ խնդիր են նաև վահանաձև գեղձի հիվանդությունները, որոնք հաճախ քաղցկեղածին են։ Այցի շրջանակներում հետազոտվեցին այս երկու օրգանները, իրականացվեցին նաև գինեկոլոգիական զննություններ։ Մեր ցանկությունը քաղցկեղածին նշյալ  հիվանդությունները բացառելն է՚,- ասաց Կենտրոնի տնօրենը։ Հետազոտություններից բացի կատարվել են նաև կրծքագեղձի առանձին վիրահատություններ՝ քիչ վնասվածքի ենթարկելով ու պահպանելով օրգանը։ 

Կենտրոնն իր գործունեության 20 տարիների ընթացքում որպես աշխատանքային ավանդույթ՝  կապվում է տվյալ մարզի, տարածքի առողջապահական կազմակերպության հետ և ըստ ժամանակացույցի՝ նպատակադրվում իրականացնել կանխարգելիչ հետազոտական ծրագրեր։ Արդյունքները վկայում են, որ բավականին մեծ թիվ են կազմում վահանաձև գեղձի և կրծքագեղձի  խնդիրներով տառապող մարդիկ։ Քանի որ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը ՀՀ-ում մամոգրաֆիկ զննությումների իրականացման հիմնադիրն է, ուստի նրանք հակված են առավել նեղ մասնագիտական խմբով ճշգրիտ զննումներ կատարել ու հայտնաբերված հիվանդներին օգնել ապաքինման հարցում։ Վաղ ախտորոշման շնորհիվ այդ տարիների ընթացքում փրկվել է շուրջ 5 հազար կնոջ կյանք։ Քաղցկեղով հիվանդ կանանց 30%-ը տառապում է կրծքագեղձի քաղցկեղով, և այդ հիվանդության պատճառով մահացության թիվն ավելի նվազ կլինի, եթե նրանք հետևեն իրենց առողջությանը, պահպանեն որոշակի կանխարգելիչ սկզբունքներ՝ կրծքագեղձի ամենամսյա ինքնազննում, ամենամսյա ստուգում բժշկի կողմից և պարբերաբար ենթարկվեն մամոգրաֆիկ (կրծքագեղձի ռենտգեն) հետազոտման։ Կրծքագեղձի քննության այս երեք միջոցների համակցմամբ քաղցկեղը հնարավոր է ավելի վաղ հայտնաբերել և դեպքերի 90%-ը բուժել հաջողությամբ՝ պահպանելով կրծքագեղձը։ Արցախում իրականացված հետազոտությունների արդյունքներով՝ յուրաքանչյուր երկրորդ կին ունի վահանաձև գեղձի խնդիր։ Ըստ Խ. Հակոբյանի, նույն վիճակագրությունն է նաև Երևանում, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։ Իսկ վահանաձև գեղձի խնդիրների պատճառով հիվանդանում է մարդու կրծքագեղձը, պատահում են գինեկոլոգիական խնդիրներ։ Լինելով էնդոկրին համակարգ, վահանաձև գեղձի խնդիրներ ունեցող մարդիկ դառնում են խոցելի։ 

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը, համագործակցելով տեղի մասնագետների հետ, ամեն տարվա հոկտեմբեր ամսին կազմակերպում է ՙԲաց դռների օր՚, իսկ հոկտեմբերը համարվում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։ Այդ ժամանակաընթացքում իրականացվող զանազան միջոցառումներից մեկն էլ Արցախի բնակչությանը մատուցած անվճար բուժօգնությունն է։ Այցի շրջանակներում երկուստեք փոխանակվեցին ոլորտի ձեռքբերումներն ու առաջընթացները։ Ի դեպ, Կենտրոնի ներկայացուցիչները գոհ են Հանրապետական բժշկական կենտրոնում աշխատող ոլորտի մասնագետներից։ ՙՏեղի ռադիոլոգը շատ գրագետ ու ճիշտ ժամկետներում է կատարում հետազոտությունները, ճիշտ են ընտրված նաև հետազոտվողների տարիքային խմբերը։ Մենք ոգևորված ենք, որ կան այսպիսի մասնագետներ՚,- ասաց օնկովիրաբույժ, ուռուցքաբան Արմեն Քոչարյանը։ Հայաստանյան մասնագետները նաև փաստեցին, որ մարդիկ աստիճանաբար ավելի ուշադիր են դառնում իրենց առողջության նկատմամբ, ու երիտասարդ սերունդը, լինելով առավել գրագետ, հաճախ է դիմում բժշկի՝ հիվանդությունները բացառելու կամ հայտնաբերելու համար։ Խ.Հակոբյանը կանանց հորդորեց հնարավորության սահմաններում զերծ մնալ սթրեսներից, նյարդային լարված վիճակներից, լինել ուշադիր առողջության նկատմամբ, միշտ հիշել, որ սթրեսն առաջացնում է բացասական լուրջ հետևանք։ Ամեն դեպքում պետք է հետևել առողջ ապրելակերպի։ 

Նշյալ օրերին Հանրապետական բժշկական կենտրոնի նիստերի դահլիճում դասախոսություններով հանդես եկան ՀՀ սեքսոլոգների հայկական ասոցիացիայի անդամները՝ ներկայացնելով կանանց ու  տղամարդկանց շրջանում տարբեր բորբոքային խնդիրներով պայմանավորված սեռական խանգարումներին վերաբերող թեմաներ։ 

ՀՀ գլխավոր սեռաախտաբան, ԵՊՀ  սեքսոպաթոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Արամ Հակոբյանի պարզաբանմամբ՝ Արցախում առաջին անգամ կազմակերպված այս դասախոսությունները նպատակ ունեն միաբանել օժանդակ հարակից բժիշկների՝ հոգեբույժների, գինեկոլոգների, ուրոլոգների, նյարդաբանների, մաշկաբանների և հոգեբանների հետ, որպեսզի վերջիններս իրենց աշխատանքային գործունեության ընթացքում բնակչության շրջանում եղած որոշ խնդիրների դեպքում ճիշտ բուժօգնություն ցուցաբերեն։ ՙՍա մեր առաջին և, հուսով ենք, որ վերջին այցը չի լինելու, ու Արցախի առողջապահական ոլորտի որոշ մասնագետներ կընդգրկվեն մեր գործունեության շրջանակներում, որպեսզի կարողանանք համատեղ մեծ ծրագրեր իրականացնել։ Սեռաախտաբանների հայկական ասոցիացիան ունի շուրջ 30 անդամ, և Արցախում են հիմնադիր խորհրդի 7 մասնագետները, ովքեր հանդես եկան համապատասխան թեմաներով՚,- նշեց Ա. Հակոբյանը։ Ասոցիացիայի տնօրեն, բժիշկ սեքսոպաթոլոգ  Ռուզաննա Ազատյանն իր հերթին ասաց, որ, նպատակ ունենալով ծանոթանալ տեղի հարակից մասնագիտությունների բժիշկների հետ, փորձում են սերտ կապեր հաստատել, ներկայացնել իրենց անելիքները, վեր հանել և վերացնել խնդիրները, որովհետև Արցախից նրանք ունենում են բազմաթիվ այցելուներ։ Տեղի բժիշկների հետ ավելի նեղ շրջանակներում քննարկված տարիքային անդրոգենային անբավարարության, տղամարդկանց անպտղության, զինծառայողների շրջանում սեռական դրսևորումների բնութագրի և ոլորտի ժամանակակից մարտահրավերներին վերաբերող թեմաներով մասնագետները փորձեցին կոտրել որոշակի կարծրատիպեր, որպեսզի բնակչության շրջանում հանդիպող խնդիրները ստանան համապատասխան լուծում։ Այդ ամենին զուգահեռ՝ մասնագետները խորհուրդ տվեցին բազմապիսի խնդիրներից զերծ մնալու և կյանքի որակը չվատթարացնելու համար նվազեցնել բացասական հույզերը, լինել ֆիզիկապես ակտիվ, զերծ մնալ վատ սովորություններից,  հետևել առողջ ապրելակերպին։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ