[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՐՑԵՐ ԵՆ

Ստեփանակերտի պատկերասրահում օրերս տեղի ունեցած  ՚100 դուռՙ նախագծի ցուցահանդեսին ներկա էր նաև Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու քահանա տեր Շմավոն ՂԵՎՈՆԴՅԱՆԸ, ում հետ ճեպազրույց ունեցանք հանրությանը  հուզող հոգևոր մի շարք հարցերի շուրջ:

 - Ինչպե՞ս եք գնահատում եկեղեցու առաքելությունը  ներկա դրությամբ: 

- Եկեղեցու գործը սովորական չափանիշներով դժվար և սխալ է գնահատելը: Այն, որ տարեցտարի ավելանում է մարդկանց հոսքը դեպի եկեղեցի, ինքնին խոսուն է: Հաճախ հարց են տալիս` եկեղեցի այցելողներից բոլո՞րն են հավատացյալ: Անշուշտ, միանշանակ չես կարող պատասխանել: Եթե նյութականի աճը ֆիզիկապես տեսանելի է, ապա հոգևորինը պետք է ուղղակի զգալ: Մի բան հստակ է` եկեղեցի այցելողները մասնակցում են ծեսերին, պատարագներին, հաղորդություն են ստանում, շփվում հավատացյալների, հոգևոր այրերի հետ, ու այդ ամենն անհետևանք  չի կարող անցնել: Արդյունքում ձևավորվում է քրիստոնյա մարդու արժեհամակարգ, որը նրան զերծ է պահում նախ և առաջ չարիքից, այլոց կողմից ներդրվող կեղծ ու անբարո արժեքներից, ուժ է տալիս դիմակայելու կյանքի դժվարին պահերին, ինչի շնորհիվ ձևավորվում է երկրին, ազգին հավատարիմ հանրություն:

- Զանազան մարտահրավերներով լի այս դարաշրջանը չի՞ խանգարում եկեղեցուն ժողովրդի հոգևոր աշխարհը կրթելու գործում:

- Այո, մեր ժամանակներում ավելի քան շատ են խանգարիչ երևույթները, իրադարձությունները, ազդեցությունները: Դրանք նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմյան բարդ իրավիճակներն են, աղետի գոտին է, որի բազմատեսակ խնդիրները մինչ օրս լուծված չեն։ Դրանք ներխուժող ագրեսիվ աղանդավորական կազմակերպություններն են, երկրի տնտեսական ծանր վիճակն է, որը պատճառ է դառնում մեծաքանակ գաղթի, և այլ բազում խոչընդոտներ: Էլ չենք խոսում ԽՍՀՄ-ի կործարանար դերի և թողած հետքի մասին: Այս բոլոր պատճառներն ազդում են մարդկանց  հոգեվիճակների վրա, ինչը սահմանափակում է գիտակցությունը՝ այն ուղղորդելով  դեպի  կենցաղային հարցերի լուծում: Այնուամենայնիվ, քահանան մարդկանց հետաքրքրող հարցերից, նրանց զրույցներից զգում է եկեղեցական համայնքի հավատքի աճը, զարգացումները: Վստահ եղեք` հավատացյալների շարքերը ստվարանում են:

- Դուք նշեցիք ԽՍՀՄ-ի կործանարար դերի մասին՝ հավատքի ասպարեզում, բայց այդ հանգամանքը ոչ  պակաս բացասական ազդեցություն է թողել հենց եկեղեցու վրա: Ինչպե՞ս է  եկեղեցին խնդիրները լուծում:

- 70 տարիների ընթացքում մենք սպառեցինք 1000-ամյակների պաշարածը: Անցյալ դարի 20-30-ականների ընթացքում աքսորվեց ու գնդակահարվեց 3-4 հազար հոգևորական՝ միայն Հայաստանից: Ավերվեցին բազում եկեղեցիներ: Այսօր ՀԱԵ-ն հոգևորականների սերունդ աճեցնելու խնդիր ունի, որը դյուրին գործ չէ: Մինչև անկախություն ձեռքբերելը Երևանում կար ընդամենը 10-11 քահանա, ամբողջ Հայաստանում` 40-50: Այսօր ունենք մոտ 130 կուսակրոն քահանա, մոտ 600 քահանա, բազմաթիվ սարկավագներ, որոնք, այնուամենայնիվ, բավարար չեն. պահանջարկը շատ ավելին է: Ամեն տարի Գևորգյան ճեմարանում սովորում է 40-50 ուսանող, բայց բոլորը չէ, որ ավարտում են, ու բոլորը չէ, որ դառնում են քահանա: Մեր խմբում սովորում էր 16 հոգի, ավարտեցինք 8 հոգի, քահանա դարձավ 6-ը: Աշխատանք շատ կա անելու: Խնդիրներ նույնպես շատ են կուտակված: Բայց բոլորը հաղթահարելի են:

- Ի՞նչ եք կարծում, մարտահրավերներով լի այս դարաշրջանում բավակա՞ն է քարոզչություն տանել միայն եկեղեցու ներսում:

- Անշուշտ, այսօր դա բավական չէ, և եկեղեցին դրանով չի բավարարվում: ՙ100 դուռ՚ և նմանատիպ նախագծերը ևս քարոզչություն են: ՀԱԵ-ն ունի հեռուստատեսությամբ քրիստոնեական արժեքների քարոզչության հնարավորություն. երևի տեղեկացված եք ՙՇողակաթ՚ հեռուստաալիքի մասին: Եկեղեցին քարոզչություն է իրականացնում համացանցի, սոցցանցերի միջոցով, ունի Ekexeci.am կայքէջը, որի միջոցով, այդ թվում և հարց-պատասխան ձևաչափով, հավատացյալը, հետաքրքրվողը կարող է ստանալ հուզող հարցերի պատասխանները: Եկեղեցին դրանով էլ չի սահմանափակվում. յուրաքանչյուր քահանա ունի եկեղեցուց դուրս քարոզելու ծրագրեր, որոնք իրականացվում են ուղղակի և անուղղակի: Նրանք հաճախ հրավիրվում են դպրոցներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ` զրուցելու դավանաբանական կամ հարակից թեմաների շուրջ: Հոգևոր այրերն այցելում են հիվանդներին, մանկատուն, ծերանոց, կատարում հոգեհանգստի արարողություն: Այդ շփումները, ասված կենդանի խոսքը հաճախ դառնում են այն սերմերը, որոնք  ծիլեր են տալիս:

Վերջում տեր քահանա Ղևոնդյանը հորդորեց մտահոգվածներիս հաճախ այցելել եկեղեցի, մասնակցել պատարագներին, միասնական աղոթք անել, քանի որ եկեղեցին շենքը չէ, եկեղեցին հավատացյալ հոտն է, որը Քրիստոսի տանը հնարավորություն ունի կենդանի շփման մեջ գտնվելու Բարձրյալի հետ:

;