ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԼՂՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի փոխնախագահ, ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանի նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 24-28-ը դպրոցական աշնանային (տեղափոխված) արձակուրդների օրերին հանրապետության գրեթե բոլոր շրջաններից բարձր դասարանների շուրջ վեց տասնյակ աշակերտներ նպատակային էքսկուրսիայի մեկնեցին Հայաստանի Հանրապետություն։
Ծրագրի կազմակերպմանն ու իրականացմանն աջակցել են ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունները, ԼՂՀ գիտության, կրթության և սպորտի նախարարությունը, ԼՂՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը։Շրջագայության հիմնական նպատակն էր աշակերտներին ծանոթացնել ՀՀ ռազմական կրթօջախների առօրյային, հետաքրքրություն առաջացնել հայրենյաց պաշտպանի մասնագիտության հանդեպ, աջակցել նրանց մասնագիտական կողմնորոշմանը, սերմանել հարգանք զինվորական գործի հանդեպ։ Հ. Միքայելյանի վկայությամբ՝ իրենց հաջողվել է հասնել նպատակին, նպաստել աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակությանը։ Նրանք տուն վերադարձան ոգևորված. շատերն արդեն ճանապարհին խոստովանում էին, որ ապագա մասնագիտության հարցում արդեն կատարել են իրենց ընտրությունը։
Շրջագայության մեկնարկը տրվել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից, որից հետո ծաղկեդրման արարողություն է եղել Հուշահամալիրում։ ՀՀ տարածքում դպրոցականների առաջին կանգառը Վայքի զորամասում էր, որտեղ հրամանատարական կազմը պատշաճ մակարդակով ընդունելություն է կազմակերպել նրանց համար, ծանոթացրել զորամասի հետ։ Ճանապարհին դպրոցականների այցի երկրորդ հանգրվանը ՙՆորավանք՚ միջնադարյան վանական համալիրն էր. էքսկուրսիայի մասնակիցները հիացան ճարտարապետական այս հոյակապ կառույցով։
Դպրոցականները Երևանում տեղավորվեցին զորակոչային կենտրոնական հավաքակայանում. նրանք մոտ մեկ շաբաթ ապրեցին զինվորական հարգ ու կարգով։
Եռաբլուր պանթեոնում ծաղկեպսակադրման արարողությունից հետո արցախցի դպրոցականները հյուրընկալվել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, հանդիպել հրամկազմի, դասախոսների և կուրսանտների հետ։ Նրանց ողջունել է համալսարանի պետ գեներալ- մայոր Արմեն Ղահրամանյանը և պատրաստակամություն հայտնել միշտ սատար կանգնել դպրոցականների շրջանում իրականացվող ռազմահայրենասիրական բոլոր ծրագրերին։ Աշակերտները ծանոթացել են կուրսանտների սոցիալ-կենցաղային պայմաններին, մասնակցել դասընթացներին, իսկ տեսաֆիլմերի միջոցով՝ համալսարանի պատմությանն ու առօրյային։ Համալսարանի հրաձգարանում աշակերտները ոչ միայն հաճույք են ստացել ստեղծված պայմաններից, այլև կրակել են՝ ներկաներին զարմացնելով իրենց դիպուկությամբ։ Ներկաներին հիացմունք են պատճառել թիվ 11 դպրոցի զինղեկ Արմեն Դոլուխանյանը, Ստեփանակերտի ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցի աշակերտ Մհեր Ավագիմյանն ու թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտուհի Անուշ Բարսեղյանը։
Համալսարանի դասախոսներն աշակերտներին ծանոթացրել են զինտեխնիկայի հետ, սովորեցրել՝ ինչպես աշխատել քարտեզի վրա։ Համալսարանի հարուստ ու հագեցած, յուրատիպ թանգարանում արցախցի դպրոցականների վրա մեծ տպավորություն են թողել ինքնաշեն զենքերը, որոնք կիրառվել են Արցախյան պատերազմի տարիներին։ ՙԱրմենիա Էքսպո՚ միջազգային ցուցահանդեսում արցախցի դպրոցականները ծանոթացել են ռոբոտաշինության և ընդհանրապես՝ տեխնիկական վերջին նորույթներին։
Ծրագրի շրջանակներում դպրոցականները եղել են ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում։ Նրանք մոտիկից ծանոթացել են էլեկտրոնային և համակարգչային տեխնիկայի նորույթներին, կապի և ՀՕՊ արդի միջոցներին, հագեցած կաբինետներում անցկացվող թարգմանչական դասընթացներին։ Կուրսանտներն այստեղ բազմաթիվ լեզուներ են ուսումնասիրում։ Ամերիկյան դեսպանատան միջոցներով կահավորված լեզուների ուսումնասիրման կաբինետից աշակերտները հեռացել են տպավորված։ Ջերմ էր հանդիպումը Արցախյան պատերազմի վետերան-դասախոսների և մեր համերկրացի կուրսանտների հետ, վերջիններս արդեն 3-րդ, 4-րդ կուրսի ուսանողներ են։ Մեր հայրենակից, տեխնիկական գիտությունների թեկնածու փոխգնդապետ Մասիս Աբրահամյանը աշակերտների առջև հանդես է եկել դասախոսությամբ, իսկ վերջում նրանց համար ցուցադրվել է տեսաֆիլմ։ Այդտեղ էլ նրանք փոխգնդապետ Աբրահամյանից տեղեկացել են, թե ինչ է իրենցից պահանջվում ավիացիոն համալսարան ընդունվելու համար։ Հարկ է ավելացնել, որ Մասիս Աբրահամյանը Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ է։
Սարդարապատի հուշահամալիրում շրջելուց հետո արցախցի դպրոցականները մեկնեցին Էջմիածնում տեղակայված ինժեներասակրավորական զորամաս, ծանոթացան ինժեներական տեխնիկայի հնարավորություններին ու նորություններին, որոնք նրանց ներկայացրեց զորամասի հրամանատար գնդապետ Աշոտ Ղազարյանը։ Ճանաչողական այցի շրջանակում նրանք Էջմիածնի մայր տաճարում կատարեցին մոմավառություն, խաղաղության համար աղոթք հնչեցրին, ծանոթացան թանգարանի ցուցադրանմուշներին։ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընդունելությանն արժանանալուց հետո աշակերտները շրջեցին ՙԵրկրապահ՚ ռազմահայրենասիրական և քաղաքապետարանի թանգարաններում, մանրամասն ծանոթանացան ցուցանմուշներին։ Արցախցի շնորհալի ստեղծագործողների ձեռքի աշխատանքներից նրանք նվիրեցին թանգարաններին և հրաժեշտ տվին նոր հանդիպումների ակնկալությամբ։