Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

...ՈՒ ԵԼՆՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻ ԾՈՒԽ ԾԽԱՆԻՆ

1991 թվականին, երբ Արցախը հռչակվեց որպես հանրապետություն, ՙՕղակ՚ տխրահռչակ գործողությունն օղակի մեջ էր առել Հադրութի շրջանի Ծամձոր և Սարինշեն գյուղերը։

Հարևան 12 գյուղերի հետ մի քանի ամիս անց ազատարգվեցին Ծամձորն ու Սարինշենը՝ հռչակելով նաև իրենց ազատությունը։ Իսկ ՙայստեղով թուրքն է անցել՚ հանրահայտ արտահայտությունն այսօր էլ արդիական է ռազմավարական նշանակության տարածքի համար։ Վերադարձածները, ցավոք, շատ չէին։    

Թիկունք թիկունքի երկու գյուղ են, մեկ համայնք։ Ամեն ինչ նորից են սկսել։ Ազատագրումից հետո ավելի ընդգծվեց գյուղերի փոքրությունը։ Ազատամարտիկների արյամբ փրկագնված գյուղերին երկրորդ կյանք տալ էր պետք։ Ամեն տուն  հայրենի  ծուխ ծխանին բարձրացնողի կարիք ուներ։ Նախկին ազատամարտիկ, ներկայում Ծամձոր  համայնքի ղեկավար, սարինշենցի Կարո Մինասյանն ամուսնացել է պատերազմից հետո՝ հարս բերելով հարևան Ծամձորից։ ՙԴա եղել է 18 տարի առաջ,- հիշում է կինը՝ Վեներա Մանասյանը,- ամուսնացել ենք 1996 թվականին։ Սկզբում ներքևի տանն էինք. հին տուն էր։ Հետո՝ 2000-ին, երբ կառուցվեց  նորը, տեղափոխվեցինք այստեղ։ Չորս երեխա ուենք՝ երկու տղա, երկու աղջիկ։ Սովորում են Ծամձորի միջնակարգում։ Դպրոցի 8 աշակերտներից  4-ը մերոնք են՚։ 

Կարո Մինասյանի կինն ամեն օր հայրական գյուղ՝ Ծամձոր, աշխատանքի է գնում որպես բուժքույր։ Մեր հանդիպման օրը երկու գյուղ սպասարկող բուժքույրը ոտքով էր իջել աշխատանքի, քանի որ համայնքի միակ տրանսպորտային միջոցը հնձվորներին դաշտ էր տեղափոխել։ 

    -Գյուղ բերող ճանապարհները նորոգելուց հետո Նախագահ Բակո Սահակյանը համայնքին ՈՒԱԶ   մակնիշի ավտոմեքենա է նվիրել,- տեղեկացնում է տիկին Վեներան։- Ամենագնացից  բոլորն են օգտվում. հիվանդները՝ շրջկենտրոնի հիվանդանոց կամ հանրապետական բժշկական կենտրոն, հնձվորները՝ դաշտ, աշակերտները՝ երբեմն դպրոց տեղափոխվելու նպատակով։ 

Առաջին բուժօգնության դեղերով ապահովված են։ Անհրաժեշտության դեպքում Հադրութից բժիշկ են կանչում, գալիս են, օգնության ձեռք մեկնում տեղում։ 

Երբ հետաքրքվեցինք, թե քանի մարդ է ապրում համայնքում, պատասխանը հակադարձեցին հարցով. ամռա՞նը, թե՞ ձմռանը։ Համայնքի բնակիչների թիվը հարաբերականորեն  74 է. 51 հոգի բնակվում է Ծամձորում, 23-ը՝ Սարինշենում։ Ամռանը գյուղերն ավելի մարդաշատ են դառնում։ Այլ տեղերում բնակություն հաստատած նախկին ծամձորցիներն ու սարինշենցիները գալիս են գյուղ, ամիսներով մնում այստեղ։ Մշտաբնակները հովեկներին ամառային բնակիչներ են անվանում՝ հույսով, թե գուցե մի օր վերադառնան, հարազատ օջախներին նորից շունչ տան։ Երևանաբնակ Ալեքսանդր Սարգսյանն ամառային բնակիչներից է։ Ասում է՝ գալիս եմ, որովհետև չեմ կարող չգալ։ Տխուր է, գյուղը կարծես լքված է։ Երեկոյան կամ առավոտյան գնալու տեղ չկա։ Փողոցներում մարդկանց քիչ է հանդիպում։ Երեխաները քիչ են. չի լինում ամեն անգամ մի դույլ ջուր բերելու համար խնդրի նույնին։ Դե իսկ հացի կամ առաջին անհրաժեշտության որևէ պարագայի համար Հադրութ հասնել է պետք։ Ալեքսանդր Սարգսյանն իր մանկության Սարինշենն է ուզում, կամ գոնե նախապատերազմական գյուղը։ 

Ի դեպ, Սարինշենը հանրապետության այն սակավաթիվ գյուղերից է, որտեղ խանութ չկա։ Համայնքի ղեկավարի՝ գործով շրջկենտրոն գնալը սպասված օրերից է. հավաքվում են բոլորով, նստում ՙբազմագործառույթ ավտոմեքենան՚, շրջկենտրոնից  այնքան նպար ու տնտեսական ապրանքներ բերում, որ հերիքեն մինչև շրջվարչակազմին կից խորհրդի հաջորդ նիստը։ ՙԱյնպես չէ, որ քաղաքում ամեն ինչ թափած է, գյուղում՝ պակաս,-համոզված ասում է տիկին Վեներան։- Պետք է աշխատես, որ լավ ապրես։ Գյուղաբնակներ կան, որոնք բազմաթիվ առավելություններ ունեն։ Մեր գյուղի ամենալուրջ հիմնախնդիրը շրջկենտրոնին ու մայրաքաղաքին հեռու լինելն է։ Իսկ եթե գյուղերում բնակչության թիվը համամետաբար մեծ լինի, կմեղմվի հեռավորության չափը՚։ 

Այստեղ  հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ Իսկ եկամուտներն ամփոփելու նպատակով օգտագործված թվերը սակավախոս են. ցանել են 17 հա գարի, 3 հա ցորեն։  Միջին բերքատվությունը կազմում է 10-12ց։ Թվերը համեստ են նաև անասնապահության բնագավառի համար. խոշոր եղջերավորները 175-ն են, մանրերը՝ 230։

Համայնքի ղեկավարի համար առաջին, ավանդական ու ժամանակակից հիմնախնդիրն աշխատելն է. բոլորը պիտի աշխատեն և պիտի աշխատեն ինքնամոռաց։ Հիմնահարցերը շատ են, բայց՝ հաղթահարելի։ Գալիք տարիները գյուղին  խոստանում են հարմարավետություն և զարգացում։ Բնական պայմանները կան ու կան։ Հյուրերի պակաս էլ չունեն, արձակուրդներին, նույնիսկ շաբաթ-կիրակի օրերին եկող-գնացողներ կան։ Իրենք են գնում, երեխաներին չեն զրկում ոչնչից։ Սահմանամերձ գյուղի երեխան էլ իրավունք ունի աշխարհ տեսնել, մեծ քաղաքների առօրյայով ապրել։ 

 -Արձակուրդին տղաս Երևան էր գնացել, ամռանը Ստեփանակերտ էին եկել, մանկական զբոսայգում են եղել, Հունոտի կիրճում՝ հովանոցում հանգստացել... Ոչ մի տեղից կտրված չեն,-պատմում է Վեներա Մանասյանը։- Իսկ եթե կուզեք՝ աշխարհի կենտրոնը հենց մեր գյուղն է՝ միացրու համացանցը, վայրկյանների ընթացքում կարող ես շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել, նոր տարածքներ հայտնաբերել...                                                                    

Հեռավոր գյուղում անելիքները որքան շատ, ժամանցի համար պահեր գտնվում են։ Կանայք հավաքվում, հասցնում են մի բաժակ սուրճ կամ թեյ վայելել, փոխանցել վերջին նորությունները։ Տղամարդիկ էլ մի բաժակ օղով բարի լույս են ասում, գործի անցնում...                                                             

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, համայնքը ծննդյան տոնը չէ, որ նշում է, այլ՝ ազատագրման 25-րդ տարեդարձը։ Հյուրերի պակաս չունի այսօր համայնքը։ Արցախցին տոնական օրերին ընդգծված սիրալիր և նպատակամետ է դառնում. ազատագրման հաջորդ 25-րդ տարեդարձն ավելի շուքով կնշեն, ավելի մեծ ձեռքբերումներով։

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ