ՙԿՐԿԱ՚ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ԱՐՑԱԽՈՒՄ
Նոյեմբերի 14-ին Ստեփանակերտի ՙԱրմենիա՚ հյուրանոցի նիստերի դահլիճում ՙԿրկա՚ միջազգային դեղագործական ընկերության ներկայացուցիչները տեղի մասնագետների համար կազմակերպեցին սեմինար։
Ներկա էին ԼՂՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները, գաստրոէնտերոլոգներ, հարակից նեղ մասնագիտությունների բժիշկներ։
ՙԿրկա՚դեղագործական ընկերության ներկայացուցիչ Մարիամ Սարիբեկյանի պարզաբանմամբ՝ սեմինարի նպատակն է օգնել արցախցի մասնագետներին՝ ամենօրյա աշխատանքային գործունեության ընթացքում կիրառելու ժամանակակից բժշկությունում առկա արդյունավետ և երկարատև նշանակվող նորագույն դեղորայքը։
ՙԿրկա՚-ն հիմնադրվել է Սլովենիայում և ունի վեց տասնամյակի պատմություն։ Մ. Սարիբեկյանի խոսքով՝ ընկերությունն ունի 4 մեծ գործարան-լաբորատորիա, որտեղ սինթեզվում է հումքը, և դեղորայքը Հայաստան է ներմուծվում մայր գործարանից։ ՙԿրկա՚-ի ավելի քան 2000 անուն դեղորայքը նախատեսված է սիրտ-անոթային և գաստրո խնդիրներով տառապող հիվանդների համար։ Երևանյան ներկայացուցչությունն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանի բոլոր մարզերում և փորձում նույնաբնույթ աշխատանք տանել նաև Արցախում։ Ներկայացվող դեղորայքն արդեն վաճառվում է հանրապետության դեղատներում՝ բժշկի դեղատոմսով։ Դեղերն ունեն երկարատև կիրառման առանձնահատկություն, սակայն դրանց չափաբաժինները կարող է նշանակել միայն բժիշկը, հաշվի առնելով հիվանդացության աստիճանն ու բարդությունները։
Ընկերության դեղորայքային գծով մենեջեր Տիգրան Մանթաշյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում անվտանգության և արդյունավետության առումով ՙԿրկա՚-ի դեղերի հանդեպ արդեն վստահություն կա։ Արտադրանքը համապատասխանում է եվրոպական չափանիշներին և հասանելի է բոլորին։ ՙԳաղտնիք չէ, որ շատ լավ դեղամիջոցներն այսօր գումարային առումով հիմնականում հասանելի չեն մեր հիվանդներին։ Իսկ ՙԿրկա՚-ի արտադրանքը գնային առումով մատչելի է և որակապես չի զիջում այլ ընկերությունների։ Ընդ որում, Հայաստանում ընկերությունը վարում է գնային հատուկ քաղաքականություն, այսինքն՝ ի տարբերություն այլ երկրների, դեղորայքը վաճառվում է բավականին ցածր գնով՚,- ասաց Տ. Մանթաշյանը։ Ընկերության ներկայացուցիչներն Արցախում անց են կացրել դիտարկում, որի արդյունքներով բոլոր դեղատներում ՙԿրկա՚-ի դեղորայքը ներկայացված է մատչելի գներով։ Նշենք նաև, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ընկերությունը դեղորայքի մեծ խմբաքանակ է որպես օգնություն առաքել Արցախ։
Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս, Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի քարտուղար, Միացյալ եվրոպական գաստրոէնտերոլոգների ֆեդերացիայի (UEC) գլխավոր ասամբլեայի անդամ, բժիշկ-գաստրոէնտերոլոգ Մանիկ Գեմիլյանի՝ արցախցի բժիշկներին ներկայացրած սեմինարի թեմաները վերաբերում էին առանձին խմբի դեղորայքների, որոնց կիրառումը բժիշկներին կօգնի ստամոքսի բարձր թթվայնության հետ կապված հիվանդությունների բուժման ժամանակ։ Բժիշկները հաճախ նշանակում են այնպիսի դեղեր, որոնք հիվանդը պետք է օգտագործի շատ երկար՝ ընդհուպ մինչև իր կյանքի վերջը։ Եվ անխուսափելիորեն հարց է ծագում դրանց անվտանգության վերաբերյալ, իսկ այսօրվա ապացուցողական բժշկության լայնածավալ հետազոտությունների արդյունքները փաստում են, որ ներկայացվող պրոտոնային պոմպի ինհիբիտորների խմբի դեղորայքը կարելի է կիրառել երկարաժամկետ ու անվտանգ։ Մ. Գեմիլյանն անդրադարձավ բժիշկ¬գաստրոէնտերոլոգների կողմից հիվանդներին հաճախ նշանակվող աղիքային միկրոֆլորան կարգավորող որոշ հակաբիոտիկների հատկություններին։ Թե որքանով են դրանք արդյունավետ և անվտանգ, ՙԿրկա՚-ի ներկայացուցիչները պարզաբանեցին տեղի բժիշկներին։ Սեմինարի ընթացքում մասնագետները նշեցին ստամոքսի թթվայնության հետ կապված հիվանդությունների առաջացման պատճառները, դրանց տարածվածության մակարդակը։ Քննարկեցին նաև որովայնի վերին հատվածում և կրծոսկրի հետևում հաճախ հանդիպող այրոցի զգացման խնդիրները։ Վիճակագրական տվյալներով՝ զարգացած երկրներում այրոցն արձանագրվում է բնակչության 20-50%-ի մոտ։ Հայաստանյան մասնագետները դեռևս հստակ թիվ չունեն հիվանդության տարածվածության վերաբերյալ, բայց բժիշկները փաստում են, որ այդ ախտանշանով մարդիկ հաճախ են դիմում իրենց։ Այրոցի հիմնական պատճառը ստամոքսից դեպի կերակրափող ստամոքսահյութի հետնետումն է (ռեֆլյուքս), որի հետևանքով տեղի է ունենում կերակրափողի լորձաթաղանթի վնասում ստամոքսահյութի ակտիվ բաղադրիչներով՝ աղաթթու, պեպսին, լեղաթթուներ և այլն։ Առողջ մարդու մոտ նույնպես երբեմն տեղի է ունենում ռեֆլյուքս, սակայն հաճախակի ռեֆլյուքսներն արդեն ախտաբանական են։ Մ. Գեմիլյանը ներկայացրեց այրոցին նպաստող որոշ գործոններ։ Այն հաճախ առաջանում է ուտելուց հետո, հատկապես ճարպոտ, կծու ուտեստների, սև շոկոլադի, սուրճի, թունդ սև թեյի, ցիտրուսների, շատ տաք, ալկոհոլային կամ գազավորված ըմպելիքների կիրառումից։ Եթե այրոցը փոխարինվում կամ ուղեկցվում է ցավով և դրան զուգահեռ դիտվում է քաշի անկում, ախորժակի բացակայություն և մարմնի ջերմաստիճանի բարձրացում, պետք է անհապաղ դիմել բժշկի։
Այրոցի առկայության դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս փոխել կենսակերպը, սննդային սովորությունները։ Այսինքն՝ ազատվել ավելորդ քաշից, հրաժարվել ծխելուց և ալկոհոլի չարաշահումից, չհագնել որովայնը սեղմող հագուստներ, քնել գլխատակը քիչ բարձր։ Սննդակարգից պետք է բացառել կծու, յուղոտ ուտեստները, նարնջի և լոլիկի հյութերը, գազավորված ըմպելիքները, սոխը, տոմատը, մի շարք համեմունքներ։ Սնունդը պետք է օգտագործել փոքր չափաբաժիններով և հաճախակի՝ օրական 4-5 անգամ, իսկ քնելուց առնվազն 2-3 ժամ առաջ չուտել։ Բուժական սննդակարգը պետք է ոչ թե արգելքներ ստեղծի, այլ լինի բազմազան և համապատասխանի ինչպես հիվանդությանը, այնպես էլ մարդու սովորություններին։ Մ. ԳԵմիլյանը ոլորտի մասնագետներին հորդորեց արդյունավետ պայքար տանել այրոցին նպաստող առավել հայտնի գործոնների՝ ծխելու, նստակյաց կենսակերպի և ճարպակալման դեմ, որպեսզի արդյունքները լինեն ակներև։
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ