[ARM]     [RUS]     [ENG]

ՉՄՈՌԱՆԱՆՔ ԱՆՑՅԱԼԸ, ՈՐ ԽՈՒՍԱՓԵՆՔ ՆԱԽԱԴԵՊԵՐԻ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Հարցազրույց  ՀՀ ԱԻՆ ՙՍեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն՚ ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Մխիթար ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ

 -Պարոն Գրիգորյան, 28 տարի է անցել Սպիտակի երկրաշարժից։ Ի՞նչ դասեր ենք քաղել Հայոց ազգին պատուհասած սարսափելի արհավիրքից։

-1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժը ցույց տվեց, որ Խորհրդային Հայաստանը, ինչու չէ՝ նաև հսկայածավալ ԽՍՀՄ-ը, պատրաստ չէր դիմակայելու նման ուժգնության բնական աղետին: Ուսումնասիրությունները հաստատում են, որ ուժեղ երկրաշարժերը կրկնվելու ընդունակություն ունեն։ Եվ ինչքան հեռանում ենք նախորդ ուժեղ երկրաշարժից, այնքան մոտենում ենք հաջորդին։ Խնդիրն այն է, թե բնության կողմից մեզ տրամադրված ՙհարաբերական դադարի՚  այդ ժամանակահատվածն ինչպես է օգտագործվում թե՜ հասարակության և թե՜ պետության կողմից։ Միանշանակ է, որ բնակչության անվտանգության ապահովմանն ու աղետի կանխմանն ուղղված բոլոր միջոցառումները պետությունը պետք է իրականացնի մինչև երկրաշարժը: 

Եվ այսպես՝ Սպիտակի երկրաշարժի դասերի մասին:

1991թ. մեծանուն գիտնական Սերգեյ Բալասանյանի նախաձեռնությամբ  ստեղծվեց ՀՀ ԿԱ ՙՍեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը՚, որն անմիջապես ձեռնամուխ եղավ ՀՀ-ում սեյսմիկ ռիսկի նվազեցման քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, ընդունվեցին ՙՍեյսմիկ պաշտպանության մասին՚ ՀՀ օրենքը, ՀՀ կառավարության կողմից՝ ՙՍեյսմիկ ռիսկի նվազեցման երկարաժամկետ ծրագիրը՚։ Ի դեպ, նմանօրինակ օրենք և ծրագիր ընդունված և իրագործվում են նաև ԼՂՀ-ում: Կարճ ժամանակաընթացքում ստեղծվեցին ՙՍՊԱԾ՚ տարածքային, այդ թվում Լեռնային Ղարաբաղի (1996թ.) կառույցները: Կատարված մեծածավալ աշխատանքների արդյունքում 1998 թվականին ՀՀ ԿԱ ՙՍՊԱԾ՚-ը ճանաչվեց լավագույնը Եվրոպայում, իսկ սեյսմիկ պաշտպանության հայկական համակարգը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է որպես 21-րդ դարի առաջավոր մոդել և երաշխավորվել  լայն օգտագործման, հատկապես սահմանափակ տնտեսական  հնարավորություններ ունեցող զարգացող երկրների համար: 

Դաս երկրորդ։ Հայաստանի Հանրապետությունում վերանայվեցին շինարարական բոլոր նորմերն ու տեխնոլոգիաները, ուժեղացվեց վարչական ու մասնագիտական վերահսկողությունը նոր իրականացվող շինարարության բոլոր փուլերում:

Ինչո՞ւ: Միայն 20-րդ դարում ՀՀ տարածքում տեղի են ունեցել 4 ուժեղ երկրաշարժեր, որոնցից  մեկը (1968 թ. Զանգեզուրում)` 8 բալ ուժգնությամբ, երկուսը՝ (1926թ. Լենինականում, 1931թ. Զանգեզուրում), 9 բալ, 1988թ. Սպիտակի երկրաշարժը՝ 10 բալ ուժգնությամբ: Հակառակ այս օբյեկտիվ տվյալների՝ շենքերը կառուցվում էին 7-8 բալ սեյսմակայունության հաշվարկով: Սա նշանակում է, որ նախապես բոլոր շինությունները նախագծվում էին կոպիտ սխալով, այսինքն՝ նախապես նվազեցված սեյսմիկ վտանգով և համապատասխանաբար՝ շենքերի ու շինությունների նախապես նվազեցված սեյսմակայունությամբ: Եթե ասվածին գումարենք նաև այս նախապես նվազեցված նորմերը չպահպանելը ևս (իրականում շենքերն ունեին առավել նվազ սեյսմակայունություն), ապա պատկերն, իրոք, աղետալի պիտի լիներ: Մի շարք շենքեր կառուցվել էին առանց տարածքների ճարտարագիտա-երկրաբանական ուսումնասիրությունների: Հաճախ էին խախտվում շինարարական տեխնոլոգիաները, բնակիչների, կամ շենքը շահագործողների կողմից կատարվում էին շինությունների կոնստրուկտիվ լուծումների ինքնակամ փոփոխություններ:

Դաս երրորդ։ Նման աղետին երկրի անպատրաստ լինելը դրսևորվեց արագ արձագանքման համար անհրաժեշտ ուժերի և համապատասխան տեխնիկայի բացակայությամբ: Այդ ամենը պետք էր զրոյից կազմակերպել և ստեղծել:

ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայությունն այսօր արդեն կայացած, միջազգային ճանաչում ու համբավ, տեխնիկական ու կադրային հզոր ներուժ ունեցող կառույց է:

Դաս չորրորդ։ Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ բնակչությունը չուներ երկրաշարժից պաշտպանվելու վերաբերյալ տարրական գիտելիքներ և ունակություններ: 

ՀՀ ԱԻՆ ՍՊԾ գործակալության և տարածքային կառույցների բնակչության հետ տարվող աշխատանքների համար պատասխանատուներն այսօր զբաղված են այդ բացի վերացմամբ: 

- Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր ղեկավարած ՊՈԱԿ-ի գործառույթները՝ վերոնշյալի ենթատեքստում:

- Ստեփանակերտի համալիր կայանից բացի ՀՀ ԱԻՆ ՙՍեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն՚-ը դիտակետեր ունի Բերձորում, Շուշիում, Հադրութում և Մարտակերտում, որտեղ տեղակայված սարքերով կատարվում է ընթացիկ սեյսմիկ իրավիճակի մշտադիտարկում, և ստացվող տվյալներն ամենօրյա ռեժիմով փոխանցվում են ՀՀ ԱԻՆ ՍՊԾ գործակալություն՝ հետագա վերլուծության համար:

Կազմակերպության շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի աշխատակիցներն իրենց լիազորությունների շրջանակներում ոչ միայն վերահսկում են նոր կառուցվող շենքերի սեյսմակայունությունը, օգտագործվող ավազի, խճի ֆիզիկամեխանիկական հատկությունները, բետոնի խառնուրդի որակը, վերջիններիս համապատասխանությունը սահմանված նորմերին, այլև ի կատարումն ՀՀ ԱԻ նախարարի հրամանի՝ իրականացնում են շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և դրանց սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատման աշխատանքներ: Ի դեպ, վերջին տարիներին այս աշխատանքներն զգալիորեն ակտիվացվել են: Եթե 2010-2013թթ. միջինը հետազննվել է տարեկան 19,5 շենք-շինություն, ապա 2014թ.՝ 73, 2015թ.՝ 167, 2016թ.՝ 186 շենք-շինություն: Բոլոր այն դեպքերում, երբ պահանջվում է որևէ կարգի շինարարական միջամտություն (իսկ այդպիսի միջամտություն պահանջում են հետազննված շենքերի մոտավորապես 80%-ը), կազմված եզրակացության պատճեններն ուղարկվում են համապատասխան վարչական շրջանների ղեկավարներին՝ ի գիտություն, որպեսզի հաջորդ տարիների աշխատանքային ծրագրերը կազմելիս առաջնահերթություններում հաշվի առնվեն նաև դրանք: Այսօրվա դրությամբ հետազննված են Շուշիի, Ասկերանի, Մարտունու շրջանների հատուկ և կարևոր նշանակության օբյեկտները, մասնակիորեն այդ աշխատանքները կատարվել են Հադրութի, Մարտակերտի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում: Սա շարունակական աշխատանք է, և հաջորդ տարիների համար սահմանվելու է ավելի բարձր նշաձող:

Տեսանելի են կազմակերպության՝ բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի գործունեության արդյունքները: Դպրոցներում, հիմնարկ-ձեռնարկություններում երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների ուսուցմանը զուգահեռ՝ այդ աշխատանքներն իրականացվում են նաև նախակրթարաններում: Ավանդույթ է դառնում մի քանի դպրոցների մասնակցությամբ ՙԲնական աղետները և դրանցից պաշտպանվելը՚ թեմայով մրցույթ-վիկտորինաների կազմակերպումը: Ընթացիկ տարվա սեպտեմբերին հանրապետության բոլոր դպրոցներին տրամադրել ենք երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները մեկնաբանող գրքույկներ, Ստեփանակերտի բոլոր դպրոցների համար նախաձեռնել ենք ՀՀ ԱԻՆ օրգան ՙԱրտակարգ թերթ՚-ի  2017թ. բաժանորդագրությունը, որն, անկասկած, կնպաստի աշակերտության շրջանում անվտանգության մշակույթի ձևավորմանը, աղետների ռիսկերի նվազեցմանը:

- Բնակչությանն ուղղված Ձեր խոսքը։

- Սեյսմիկ պաշտպանությունը ազգային անվտանգության խնդիր է, և այս հանգամանքի գիտակցումը պետք է տիրապետող լինի հասարակության յուրաքանչյուր անդամի մոտ, որովհետև բոլորս ինչ-որ չափով առնչվում ենք դրան, քանզի սեյսմիկ պաշտպանությունը քաղաքական, իրավական, սոցիալական, տնտեսական, կրթական, կազմակերպական, գիտական, ճարտարագիտա-տեխնիկական և այլ հատուկ գործողությունների ամբողջություն է՝ ուղղված հասարակության և պետության անվտանգության ու կայուն զարգացման ապահովմանը:

Պետք է իմանալ երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները:

Երկրաշարժի դեպքում չպետք է խուճապի մատնվել, անհրաժեշտ է հետևել միայն իրավիճակի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններին:

 Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ