[ARM]     [RUS]     [ENG]

ԹԱԼԻՇԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է

Թալիշի ճակատագրի հարցում նախորդ մեկ-երկու շաբաթները որոշակի հստակություն բերեցին: Այդ առթիվ քաղաքական որոշումը Նախագահ Բակո Սահակյանը բանաձեւեց հենց Թալիշում կայացած խորհրդակցության ժամանակ:

Արցախի քաղաքական ղեկավարության որոշումը համահունչ է նաեւ թալիշցիների ցանկությանը. գյուղը վերականգնվելու է, այն էլ ամենակարճ ժամանակահատվածում եւ հիմնավոր: 

ՙՄենք Արցախի ու Հայաստանի դարբասն ենք: Եթե էս դարբասը բացվեց ու մնաց բաց, ուրեմն մնացածը... Մնացածն արդեն պարզ է…՚,- քիչը ասում՝ շատի մասին մտածելու հիմք է տալիս Թալիշի բնակիչ Վարյա Աբաղյանը: Խոսքը Արցախի հյուսիսային դարբասի՝ Թալիշի մասին է: Գյուղն ապրիլյան պատերազմի ժամանակ ավերվեց: Բնակչության հիմնական մասն այսօր էլ Մարտակերտի շրջանում է՝ Ալաշանում: Սակայն սեփական օջախն է կանչում: Արցախի հյուսիսային դարբասը բաց չի մնա: ՙԱրդեն մի շաբաթից ավելի է՝ գյուղի բնակիչներից մի խումբ բնակվում է գյուղում: Եվ շրջում են, եւ որոշ աշխատանքներ են կատարում իրենց այգում, տնտեսությունում՚,- պատմում է Թալիշի համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը:

Վերադարձողները հիմնականում տղամարդիկ են: Տիկին Վարյան, սակայն, կանանց համար էլ գործ տեսնում է: Գյուղը վերականգնողները հաց ու ջրի կարիք ունեն: ՙՊատերազմը պատերազմ, աշխատանքը՝ աշխատանք, բայց էս մարդկանց հացն էլ առաջնային է: Եկել եմ, մեր տղաների համար կերակուր պատրաստել, համագյուղացիներից ով էլ պատահել է՝ հրավիրել եմ՚,- պատմում է տիկին Վարյան:

Թերեւս հենց թալիշցիների այս վերաբերմունքն էլ նպաստեց, որ Արցախի իշխանությունը չհետաձգի անխուսափելին: Սպասման ու անորոշության մշուշը ցրվեց  երկու շաբաթ առաջ: Գյուղը պետք է վերականգնվի եւ վերականգնվելու է ամենակարճ ժամանակում. Արցախի նախագահի հայտարարությունը հենց Թալիշում է հնչել: ՙՈրոշ աշխատանքներ ավելի վաղ էին սկսվել: Նախագահի այցելությունն ավելի շատ կոնկրետություն մտցրեց գյուղի վերականգնման ծրագրերում՚,- գնահատում է Թալիշի համայնքի ղեկավարը: 

Օրեր առաջ Թալիշում անցկացված խորհրդակցության ժամանակ Արցախի նախագահի խոստումը թալիշցիների համար ավետիս էր, մի շարք ոլորտների պատասխանատուների համար՝ հանձնարարական: Խորհրդակցությանը հաջորդած օրերին էկոնոմիկայի եւ քաղաքաշինության նախարարներն ավելի շատ Թալիշում էին լինում, քան Ստեփանակերտում: Առաջին փուլում  ենթակառուցվածքներն են կարգավորվում: Աշխատանքներն սկսվել են անմիջապես եւ արդեն գրեթե ավարտվել են: ՙՀանձնարարականը հետեւյալն էր՝ ամբողջությամբ վերականգնել գյուղի ենթակառուցվածքները: Օրեր առաջ էլեկտրիֆիկացման աշխատանքներն ենք ամբողջությամբ ավարտել: Վերականգնել ենք փողոցների լուսավորությունը: Բոլոր այն բնակիչները, որ վերադարձել են, արդեն ապահովված են էլեկտրականությամբ՚,- թվարկում է էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Օրակարգում բջջային կապի կարգավորման հարցն է: Այս խնդիրն էլ լուծման ճանապարհին է, վստահեցնում է էկոնոմիկայի նախարարը. ՙԳյուղի հիմնական մասում կապը կա: Խնդիր ունենք վերին հատվածում: Մոտ օրերս այդ խնդիրն էլ կլուծվի՚: 

Ենթակառուցվածքների կարգավորմանը զուգահեռ՝ շինարարներն են նախապատրաստվում: Թալիշում Արցախի ամենամեծ շինհրապարակներից մեկն է ձեւավորվելու: Անելիք շատ կա: Ասելիքը քաղաքաշինության նախարարինն է. ՙԸնդհանուր, մանրամասն հատակագիծ ենք պատվիրել: Նախագիծն արդեն պատրաստ է: Նախատեսվում է մանկապարտեզ ունենալ, հանդիսությունների տունը վերակառուցել, ընդհանուր այդ տարածքը բարեկարգել, որ գյուղի մոտքն ավելի գեղեցիկ տեսք ունենա: Ճանապարհները պետք է բարեկարգվեն՚,- թվարկում է Կարեն Շահրամանյանը: Հանրապետության խոշոր շինարարական կազմակերպություններից մեկն արդեն գյուղի տարածքում իր մշտական տեղակայման վայրն է նախապատրաստում տեխնիկայի ու մի քանի տասնյակ աշխատակիցների համար: ՙԵթե հարկ լինի՝ երկրորդ, երրորդ կազմակերպություններն էլ ենք ներգրավելու: Բայց այս պահին մեկ  կազմակերպությունն էլ բավական է՚,- վստահեցնում է քաղաքաշինության նախարարը: Թալիշը պետք է ազատվի ավերակներից: Սա վերակառուցման աշխատանքներում սկզբունքային ուղղություններից մեկն է: ՙՆախատեսում ենք, որ գյուղն ավելի գեղեցիկ լինի,  նոր շունչ ստանա, հին տները, որոնք վերականգնման ենթակա չեն, քանդվեն եւ տեղում նորը կառուցվեն՚,- ընդգծում է Կարեն Շահրամանյանը: 

Թե որտեղ ինչ է կառուցվելու՝ մասնագետներն են որոշելու: Մեկ տասնյակից ավելի ճարտարապետներ Ստեփանակերտից, Երեւանից եւ Մոսկվայից օրերս Թալիշ են հասել հենց այդ առաքելությամբ: Նրանք ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի եւ քաղաքաշինության նախարարի հետ քննարկել են գյուղի նոր հատակագծի նախագիծն ու վերակառուցման առաջին փուլի կազմակերպական աշխատանքները: Գեւորգ Սաֆրազբեկյանն, օրինակ, ճարտարապետի 30 տարվա փորձ ունի: Թալիշի վերականգնման ծրագրին մասնակցելու համար ժամանել է Մոսկվայից. ՙՀավաքվել ենք, որ տեսնենք, զուտ որպես մասնագետներ ինչ կարող ենք անել, մոտավորապես էսքիզային ծրագիրը հասկացանք՝ ինչպես պետք է արվի՚: ՙՎերակառուցումը մի քանի փուլով է իրականացվելու: Մեր համալսարանը պատրաստակամ է մասնակցել այդ աշխատանքների բոլոր փուլերին՚,- վստահեցնում է Հայաստանի ազգային ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը: Աշխատատեղերի հարցում բազմազանություն է լինելու: Ավանդական՝ գյուղատնտեսական ուղղությունը զարգացվելու է: Բայց նաեւ նորություններ կլինեն: Կարեն Շահրամանյանը դեռ ոչ բոլոր փակագծերն է բացում. ՙԹալիշում նախատեսում ենք հիմնել նաեւ արտադրամաս, որը աշխատատեղ է ապահովելու ամենից առաջ կանանց համար՚: Սա միակ նորությունը չի լինի: Թալիշը կարող է ավանի կարգավիճակ ստանալ: Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ մեկնարկը  Թալիշից է տրվելու, բայց դա, խոշոր հաշվով, սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ պետության ընդգծված ուշադրությունն է նախանշելու՝ տեսանելի հետեւանքներով: ՙԿա իշխանությունների մոտեցումն այդ հարցի վերաբերյալ, ընդհուպ մինչեւ օրենսդրական մակարդակով: Առաջարկելու ենք սահմանամերձ բնակավայրերը հարկային արտոնություններ ստանան, էլեկտրաէներգիայի գնի սուբսիդավորման հարց է լուծվելու, հողի, ջրի, անասունների հարկերի վերանայում է լինելու: Եվ վստահեցնում եմ՝ բնակչությունը զգալու է բեռի թեթեւացումը՚,- անելիքը դեռ ընդհանուր գծերով է շարադրում Անվտանգության խորհրդի քարտուղարըը: Բնականաբար, այս բոլոր նախաձեռնությունների հիմքում թալիշցիների անվտանգության ապահովման բաղադրիչն է լինելու: Վիտալի Բալասանյանը վստահեցնում է՝ Թալիշում բնակվելը լինելու է նույնքան անվտանգ, որքան Մատաղիսում եւ Մարտակերտում. ՙԱյսօրվա մեր պաշտպանական գիծը թույլ է տալիս ապահովել մեր բոլոր բնակավայրերի, առաջին հերթին՝ հենց Թալիշի անվտանգությունը՚:

Կարճ ժամանակ անց Թալիշը նոր տեսքով է ներկայանալու՝ հարմարավետ ու ապահով: Դրան ուղղվելու են միջոցներ ինչպես Արցախի պետական բյուջեից, այնպես էլ արտաբյուջետային աղբյուրներից: Արդյունքները շուտով կերեւան, վստահեցնում է Վիտալի Բալասանյանը: Իսկ թերահավատներին սեպտեմբերի 1-ին հրավիրում է Թալիշ. ՙՍեպտեմբերի 1-ին դպրոցի բացումն է լինելու: Եվ կտեսնեք այստեղ մի ուրիշ հրաշք տարածք՝ իր բոլոր կառույցներով՚:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ