ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐԸ՝ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՎԱՏՔԻ ՎԿԱՆԵՐ

Լեռներով, գետերով, անտառներով, բնական ու պատմական հուշարձաններով հարուստ Քաշաթաղի շրջանում շատ են նաև քարանձավները: Ժամանակին դրանցից շատերը մարդուն ծառայել են որպես կացարան:

 Հետագայում՝ հատկապես միջնադարում, քարանձավների  մի մասն օգտագործվել է նաև պաշտամունքային նպատակներով՝ վերածվելով ժայռափոր եկեղեցիների: Դրանց հարևանությամբ գործել են ճգնարաններ:

Քաշաթաղի  ներկայիս շրջանը, որն ադրբեջանական գերությունից վերջնականապես ազատագրվեց 1992-93 թվականներին,    իր մեջ է առել պատմական Մեծ Հայքի Սյունիք և Արցախ աշխարհների մի քանի գավառներ՝ Աղահեճք-Քաշաթաղ-Խոժոռաբերդ, Բաղք-Քաշունիք-Բարկուշատ, Կովսական-Գրհամ, Հաբանդ, Մյուս Հաբանդ, Վայկունիք և այլն: Տարածքի վերաբնակեցման ընթացքում հայտնաբերվեցին հայոց մշակույթի բազում հուշարձաններ, այդ թվում՝  մի քանի ժայռափոր եկեղեցիներ: Դրանք հիմնականում գտնվում են գետերի կիրճերում եղած քարանձավներում, որոնք ժամանակին եղել են թաքուն ու ապահով վայրեր՝ հեռու ասպատակողներից: Քարանձավ-եկեղեցիների մեծ մասն սկզբնական շրջանում ճգնարաններ էին։ Բացի եկեղեցիներից, շրջանում շատ են նաև քարանձավային համալիրները, որոնք բնակավայրեր էին բնակարաններով, անասնագոմերով: Այսօր էլ որոշ տեղերում նույն քարանձավները ծառայում են որպես անասնագոմ։  Վերջերս քարանձավագետ Սամվել Շահինյանի ուղեկցությամբ Արցախ ժամանեցին ռուս քարանձավագետներ, ովքեր միջազգային գիտական մի շարք ընկերությունների անդամ են: Նրանք 2 օր ծանոթացան Քաշաթաղի տարածքի քարանձավ-հուշարձանների մի մասին: Մինչ այդ եղել էին ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի քանի հնավայրերում: Ռուսական աշխարհագրական ընկերության (հիմնադրվել է 1845թ.) անդամներ Յուրի Դոլոտովը (Մոսկվա), Միխայիլ Լեոնտևը, Վորոնեժի մարզի մշակույթի պետական վարչության ՙԺՌՉվՏչՏՐՖպ՚  բնական ճարտարապետա-հնագիտական թանգարան-արգելոցի թանգարանային գործի բաժնի վարիչ Սոֆյա Կոնդրատևան,  նույն քաղաքից պատմաբան Վիտալի Ստեպկինը, քարանձավային եկեղեցիների մասնագետ Ալեքսեյ Գունկոն (Կազան), հայկական հեռուստատեսության ՙՔարից փափուկ՚ հաղորդաշարի մեկնաբան Սվետլանա Հարությունյանը, փաստաբան Ապետնակ Պետրոսյանը, ուրիշներ այցելեցին Տանձուտի, Հոչանցի, Քրոնքի ժայռափոր եկեղեցիներ, Ծաղկաբերդի մոտակա քարանձավային համալիր, այլ վայրեր: Ռուս գիտնականներին, ովքեր տարբեր երկրներում ուսումնասիրել են նման հուշարձաններ, շատ հետաքրքրեցին քաշաթաղյան քարանձավները, հատկապես եկեղեցիները, որոնք բնական ժայռախոչերում են և պահպանվել են ամբողջովին ու կիսակործան վիճակում: Տանձուտ գյուղը գտնվում է Հակարիի արևմտյան Աղավնո (Արքունագետ-Զաբուխ) վտակի ձախափնյա ձորակում, որի վերջնամասից սկսվում է սարալանջը: Այս մասում մի փոքր գետակ իր ողջ ընթացքում խոր կիրճ է ստեղծել: Բարձրաբերձ ժայռերի մեջ շատ են տարբեր չափերի քարանձավները, որոնք դեռևս հազարամյակներ առաջ արդեն բնակելի են եղել: Միջնադարում նույն կիրճի ձախ կողմում քարանձավային բնակատեղի է եղել. այդ են վկայում ջրաղացի ավերակները, հին ճանապարհի հետքերը, բազում ճգնարան-այրերը և վերջապես՝ 12-13-րդ դարերի ժայռափոր բազիլիկ փոքր եկեղեցին (գտնվում է ծովի մակերեսից մոտ 1300մ բարձրության վրա): Սրբատան չափերն են 5,8-2,5մ, բարձրությունը՝ 4,4մ: Ունի մեկ մուտք և 2 պատուհան  արևմտյան կողմից: Սուրբ խորանից հանվել է սեղանի վեմ-քարը, որի տեղը երևում է: Եկեղեցու արևմտյան կողմում պահպանվել է նաև բնական կամար, որի միջով է ժամանակին անցել սրբավայր տանող ճանապարհը: Կամարի ու եկեղեցու կենտրոնական մասում, մեծ ժայռաբեկորի վրա, փոսորակ կա, որը հիշեցնում է խաչքարի տեղ: Անկասկած,  ժամանակին այստեղ նաև խաչքար-կոթող է եղել, որը մահմեդական  տեղաբնակների կողմից վերացվել է: Այս գյուղի պատմական անունը չի պահպանվել, խորհրդային տարիներին կոչվել է Ղարաղշլաղ: Գյուղից դեպի հյուսիս գնացող ճանապարհի աջ մասում մի մեծ ժայռ կա՝ բազում քարանձավներով, որոնցից մեկը նույնպես եկեղեցի է եղել, սակայն քանդվել է, և պահպանվել է մի պատը: Նույն ժայռի հյուսիսարևելյան կողմում պահպանվել են միջնադարյան ամրոցի պարիսպներ, շինությունների հետքեր: Հնարավոր է՝ այստեղ է եղել Ստ. Օրբելյանի հիշատակած Քաշաթաղ կամ Խոժոռաբերդ ամրոցներից մեկը (ժայռի տեսքից դատելով՝ կարելի է ենթադրել՝ Խոժոռաբերդն է): Հոչանց գյուղը գտնվում է Հակարիի երկրորդ մեծ վտակի՝ Հոչանցի աջափնյա բարձրադիր դիրքում՝ համանուն լեռան արևելյան ստորոտում: Առաջին անգամ հիշատակվում է Ստ. Օրբելյանի ՙՍյունիքի պատմություն՚ գրքում՝ Հունչաք ձևով՝ 12 միավոր հարկաչափով, որն առավելագույններից է: Սա նշանակում է, որ Հունչանք-Հոչանցը (Տաթևի վանքին պտղահարկ (3450 հարկաչափ) մուծող բնակավայրերի ցանկում արդեն հիշատակվում է Հոչանց), ժամանակին եղել է Աղահեճք-Քաշաթաղ գավառի հայաշատ ու շեն բնակավայրերից մեկը: Գյուղում պահպանվել է Ս.Ստեփանոս 17-րդ դարի բազիլիկ միանավ թաղակապ եկեղեցին, որի շուրջը եղել է հայոց հանգստարանը. պահպանվել են մի քանի տապանաքարեր: Հանգստարանի շիրմաքարերի մեծ մասը թուրքերն օգտագործել են որպես շինաքար: Գյուղի թուրքաշեն շատ  տների պատերի մեջ կան զարդանախշ, խաչաքանդակ քարաբեկորներ: Հոչանցի մասին հետաքրքիր հիշատակություն է թողել 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին իր ՙՊատմություն՚ գրքում: Քարանձավագետների այցելած  երկրորդ հուշարձանն արդեն Հոչանցի անապատն է: Հոչանցասարից իջնող փոքր գետակի ստեղծած կիրճի աջ կողմն անտառապատ է, իսկ ձախակողմյանը կերտված է  բարձր և ուղղաձիգ սպիտակավուն կրաքարե ժայռերից, որոնք իրենց փափկության շնորհիվ հեշտ փորվող են:  Այս ժայռերը նույնպես հարուստ են այրերով, որոնք շատ հնուց եղել են մարդկային կացարաններ, իսկ դրանցից ամենաընդարձակը մեր նախնիները դարձրել են բազիլիկ եկեղեցի: Առաքել Դարվիժեցին հիշատակում է, որ այստեղ տեր Կիրակոսը հիմնեց անապատ: Հնարավոր է, որ մինչ նրա այստեղ գալը քարանձավ-եկեղեցին եղել է, պարզապես նրա գալուց հետո այն վերակառուցվել է: Կիրճը գտնվում է Հոչանց գյուղից հարավ-արևելք՝ համանուն գետի աջակողմյան վտակի վրա: Այս մասում իրար են միանում Շալուա և Հոչանց գետերը: Եկեղեցու երկու կողմերում շատ են քարանձավները, որոնք մշակվել են մարդու կողմից, որոշների պատերի մեջ  կան խորշեր, որոնք ծառայել են որպես պահարաններ: Հնարավոր է՝ եղել են անապատի միաբանների բնակարաններ կամ՝ ճգնարաններ: Կիրճի առաջնամասի քարանձավներից մեկը մոտ 20մ երկարությամբ թունել է, որը երևի դիտակետ է եղել. դիրքը դա է հուշում: Անապատը նաև այգի է ունեցել. դարավոր ընկուզենիների հարևանությամբ նաև բալենի ու այլ մրգատու ծառեր կան: Ոռոգման և խմելու ջրի հարցը լուծված է եղել ավելի վերևից իջնող գետակի շնորհիվ: Անապատի եկեղեցին հարավից ունի 2 պատուհան  և 3 մուտք: Սկզբում մեկն է եղել՝ 2 պատուհանների մեջտեղում, սակայն հետագայում դրանք քայքայվել են և հասել հատակին: Հիմնական մուտքի մոտ կա փոսորակ՝ քարերով լի: Հավանաբար, այս փոսում է թաղված եղել Տեր Կիրակոսը, որը հետագայում՝ տարածքի հայաթափումից հետո, այլազգիները քանդել են, տապանաքարը տարել: Եկեղեցու ներսի մոտավոր չափերն են 11-7 մետր, բարձրությունը՝ գրեթե 5 մետր: Սուրբ Խորանի ձախ կողմում 4 խորշեր կան՝  նախատեսված գրքերի համար: Դրանց մոտ   կա մեկ այլ մուտք, որից ներս շրջանաձև խուց է՝ նման ավանդատան՝ բացառությամբ այն բանի, որ  չունի պատուհան՝ ինչպես ընդունված է: Նույն կողմի պատին 4 մեծ խորշեր են փորված, հավանաբար խաչեր են քանդակված եղել, որոնք թուրքերը տաշել են: Նույն խորշերի վերևում ավելի փոքր ու քիչ խոր 8 խորանաձև փոսեր կան: Սուրբ Խորանի աջ կողմը համընկնում է դրսի պատին, և այս կողմում կան 3 կորանման պատուհաններ: Անապատը պատահական հայտնաբերվեց գյուղի վերաբնակեցումից հետո։

Ավարտելով ուսումնասիրությունը՝ բարձրանում ենք կիրճից: Ճանապարհին զրուցում եմ Ալեքսեյ Գունկոյի հետ, ով աշխարհի շատ կողմերում է նման եկեղեցիներ ուսումնասիրել: ՙՀոչանցինը մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Նախ ունի դարերի պատմություն, մեծ չափեր և գտնվում է գեղեցիկ վայրում՚,¬ ասաց իմ զրուցակիցը։ Նա կարևորեց նաև այն, որ անապատի գոյությունը վկայում է տարածքի հայոց երկիր լինելը: Բացի եկեղեցուց, քարանձավագետին հետաքրքրել էին մոտակա անձավները, որոնք նույնպես պատմում են դարերի մասին: Հաջորդ հնավայրը ժայռափոր եկեղեցին է՝ Քրոնքավանքը: Այս սրբավայրը գտնվում է Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղից մոտ 3 կմ հարավ-արևմուտք՝ Հակարի գետի աջակողմյան ժայռակերտ ձորակներից մեկում՝ գետից 1-2կմ հեռու: Մինչ Քրոնք հասնելը՝ անցանք Բերձոր-Ծաղկաբեդ ճանապարհը: Բերձորից մոտ 4կմ հարավ-արևելք՝ Բերդաձոր գետակի աջակողմյան ուղղաձիգ ժայռի միջնամասում 3 քարանձավ կա, որոնք ժամանակին եղել են բնակելի, և այնտեղ բարձրացել են պարանների օգնությամբ: 

13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի ՙՍյունիքի պատմություն՚ (Երևան, 1986թ.) գրքում ՙԱյս աշխարհում եղած վանքերը, եկեղեցական միաբանությունները և նրանց քանակը՚ ԿԲ գլխում պատմիչը հիշատակում է նաև Քրոնից վանքի մասին (էջ՝ 282): Իսկ ՙՍյունիքի տասներկու գավառների եկեղեցու հարկացուցակն ըստ հին սահմանվածի՚ ՀԴ գլխում Հաբանդ 7-րդ  գավառում հիշատակվում է Քրվանք գյուղը՝ 20 մասնաբաժին հարկաչափով (Տաթևի վանքին տրվող), կարելի է ենթադրել, որ Քրոնից վանքը գտնվել է Քրվանք գյուղում: Նույն գավառում հիշատակվում են նաև Խնձորեսկ, Տեղ, Վանոցա և այլ գյուղեր: Վանոցան հայտնի է նաև Ջիջիմլի անվամբ և գտնվում է Ծաղկաբերդից արևմուտք: Այստեղ պահպանվել են 14-15-րդ դարերի, իբր, մահմեդական 2 դամբարան, որոնցից մեկն իր հորինվածքով ավելի շատ հայոց եկեղեցի է հիշեցնում:  Ելնելով բնակավայրերի ցուցակից՝ կարելի է ենթադրել, որ մեր նշած ժայռափոր եկեղեցին Քրոնից վանքն է. ժայռակոփ մի ձորակում դարեր առաջ մեր պապերը Աստծո տուն-եկեղեցի են կերտել քարանձավում, որից միայն մի մասն է պահպանվել՝ Սուրբ խորանի կեսը, հարակից և դիմացի պատերը, որ բլրի շարունակությունն են: Յուրի Դոլոտովն ասաց՝ անցյալում այստեղ պետք է որ շատ հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցած լինեին: Հնարավոր է՝ եկեղեցու դիմացի քարանձավները եղել են ճգնարաններ կամ նաև պաշտպանական նպատակով են օգտագործվել:

Զոհրաբ  ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր