Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԾՐԱԳՐԵՐԸ ԲԽՈՒՄ ԵՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋԻՑ

Օրերս ԼՂՀ ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպությունը հերթական ՙԿլոր սեղան՚ կազմակերպեց  Հադրութ շրջկենտրոնում։ Միջոցառման ընթացքում շոշափվել են ընտանիքին, դպրոցին, երեխաների դաստիարակությանը, շրջապատի առողջացմանը վերաբերող հարցեր։

Մի առանձին քննարկման նյութ դարձավ  հայուհու դերը հասարակության մեջ։ 

Հադրութի մանկապատանեկան  ստեղծագործության կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանն իր խոսքում նշեց, որ ՙՄայրություն՚ ՀԿ-ն, սկսած 1988 թվականից, շրջանում արդյունավետ գործունեություն է ծավալել, սակայն եղել են ակտիվ ու պասիվ շրջաններ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված։ Հաշվի առնելով, որ կազմակերպության կորիզը կազմում են շրջանի մտավորականները, տիկին Թամրազյանը համախոհներին կոչ արեց ի մի բերել բոլոր ռեսուրսները։ Նրա կարծիքով՝ ճիշտ է,  չունեն բավարար միջոցներ, սակայն այդ բացը կարելի է լրացնել նախաձեռնողականության, մշտական  պրպտումների շնորհիվ։

ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը ներկաներին իրազեկեց այն բոլոր միջոցառումների, նախաձեռնությունների մասին, որ վերջին շրջանում իրականացվել են կազմակերպության նախաձեռնությամբ։ Ըստ նրա՝ մեր հասարակության պրոբլեմներն ընդհանուր են, և մենք դատապարտված ենք դրանք լուծելու միասնական ուժերով,   համախմբված, պարզապես մեզանից պիտի վանենք անտարբերությունը։ Հ. Միքայելյանի համոզմամբ՝ ՙՄայրության՚ ծրագրերը, նպատակները բխում են նաև ժամանակի պահանջից։ Մասնավորապես, ապրիլյան դեպքերի հետ կապված՝ կազմակերպության ակտիվիստները բոլոր հնարավոր միջոցներով սատարել են բանակին։ Հ. Միքայելյանը գաղափարակից ընկերուհիներին կոչ արեց առաջնորդվել նպատակամետ ծրագրերով, անձնական օրինակով ցույց տալ, որ կարող են լինել և՜ լավ մասնագետ, և՜ ընտանիքի լավ մայր, և՜ հասարակությանը խորթ ու անհարիր երևույթները չհանդուրժող, ակտիվ  ու գիտակից քաղաքացի։ Խոսելով կնոջ մեծագույն առաքելության մասին, այն է՝ դաստիարակել արժանավոր սերունդ,  կազմակերպության  պատասխանատուն հորդորեց ծագող պրոբլեմների մասին բարձրաձայնել, համարձակ ծեծել բոլոր դռները՝ մինչև խնդրի վերջնական լուծումը։ Ծխախոտի, թմրանյութի օգտագործում, ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների սրացում, բռնություններ և բազում այլ խնդիրներ, որ այսօր առկա են մեր շրջապատում և որից ձերբազատվելու համար անհրաժեշտ է լինել անհանդուրժողական։

 Հադրութի ոստիկանության բաժնի անչափահասների հարցերի գծով ավագ տեսուչ կապիտան Գուրգեն Բեգլարյանը՝ ներկայացնելով անչափահասների շրջանում տարվող աշխատանքների ընդհանուր իրավիճակը, մատնանշեց համագործակցության այն ուղիները, որոնց պարագայում միայն հնարավոր կդառնա լիարժեք դաստիարակություն իրականացնել։ Նրա կարծիքով՝ ծնող-ուսուցիչ-դպրոց-հասարակություն համախմբմամբ միայն կարելի է պայքարել առկա բազում ստվերային երևույթների դեմ։ Հաճախ ծնողներն իրենց անգործության, անհետևողականության համար մեղադրում են  ուսուցիչներին և՝ հակառակը։ Ուշադրության կենտրոնում են նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները։ Գ. Բեգլարյանի  կարծիքով, բոլոր տեսակի օգնությունները հարցի ժամանակավոր լուծում են, ուստի անհրաժեշտ են ավելի արմատական մոտեցումներ։ 

ՔԿԱԳ Հադրութի տարածքային բաժնի պետ Փիրուզա Գասպարյանի բերած տվյալներով՝ վերջին շրջանում ծնելիության նվազում է արձանագրվել։ Ահա թե ինչու պետք չէ ձեռքերը ծալած նստել, անհրաժեշտ է բացատրական աշխատանք տանել կանանց շրջանում, ՙոչ՚ ասել հղիության արհեստական ընդհատումներին։ Հադրութի շրջանային սոցապահովության բաժնի գլխավոր մասնագետ Արշալույս Բաբայանն անդրադարձավ բազմազավակ ընտանիքների խնդիրներին։

Շրջանում  ՙՄայրություն՚ ՀԿ-ի նորանշանակ պատասխանատու Ռիտա Ավանեսյանը խոսեց  այն ծրագրերի մասին, որ իրականացնելու են մինչև տարեվերջ։ Նա կարևորեց հատկապես նոր տարվա տոնածառի կազմակերպումը սահմանափակ  կարողություններով երեխաների հետ։ Միջոցառման ավարտին Հ. Միքայելյանը Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի  մի խումբ  սաների պարգևատրեց ՙՄայրական երախտագիտություն տաղանդավոր երեխաներին՚ հուշամեդալով։ Ներկաներն իրար հրաժեշտ տվեցին ամանորյա շնորհավորանքներով և գալիք տարի առավել ակտիվ ու նախաձեռնող լինելու վճռականությամբ։ 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ