[ARM]     [RUS]     [ENG]

ԲՈԼՈՐՍ ԵՆՔ ԾԵՐԱՆԱԼՈՒ

Ծերությունն  օրգանիզմում կոդավորված փոփոխությունների շարք է, որոնք վերաբերում են ոչ միայն ֆիզիկականին, այլև հոգեկանին:

Հոգեբանները ծերունիների երեք տիպ են առանձնացնում` ծերունի-հանդիմանողներ, որոնք ժխտում են իրենց ծերությունը, ծերունի-էքստրավերտներ՝ ովքեր ընդունում են ծերության փաստը, ինտրովերտ տիպ` ովքեր ծերության փաստի հետ կապված սուր ապրումներ են ունենում: 

Ծեր մարդը փորձում է պատասխանել ոչ միայն արտաքին աշխարհի ազդակներին, այլև` սեփական օրգանիզմի եւ հոգեկանի փոփոխություններին: Փոխվում է վերաբերմունքը ոչ միայն շրջապատի, հարազատների նկատմամբ, այլև` սեփական անձի: Այս տարիքի էական առանձնահատկություններից է համակողմանի հարմարվելը տեղի  ունեցող  փոփոխություններին: Ոմանք դառնում են ինքնամփոփ և խոր հուսահատություն են  ապրում չիրականացած երազանքների համար, դառնում մելամաղձոտ, ոմանք էլ թշնամանք են տածում արտաքին աշխարհի հանդեպ, քննադատում երիտասարդությանը, ժխտում նորարարությունները: 

Համաձայն Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալների` ուսումնասիրված  236 հազար ծերերից 100 հազարը տառապում է հոգեկան հիվանդություններով: Սակայն սա  չի նշանակում, որ այդպիսիք դատապարտված են: Առաջին հերթին անհրաժեշտ է ուշադիր լինել սեփական անձի, ինչպես նաև ծերացող հարազատների առողջության հանդեպ և ժամանակին դիմել մասնագետի: Ծերերը, հատկապես նրանք, ում մոտ նկատվում է ցերեբրալ աթերոսկլերոզ, բողոքում են գլխի ծանրության զգացողությունից, ականջներում խշշոցի առկայությունից, գլխապտույտից, շուտ հոգնածությունից: Հիվանդները դառնում են ավելի նյարդային, անհանդուրժող, չեն կարողանում տանել բարձր ձայնը, շուտ են  հուզվում և արտասվում, սկսվում է հիշողության թուլացում, քնի խանգարում: Երբեմն հոգեբանական ապրումներից առաջացած ֆիզիկական ցավերը շփոթում են սոմատիկ հիվանդությունների հետ ու սկսում  տարաբնույթ դեղաբուժություններ: Այս տարիքում առավել տարածված է դեպրեսիան` թախիծ, անօգուտ լինելու և անպաշտպանվածության զգացումներ, կորչում է նաև ընտանիքի, հարազատների հանդեպ սերը, մարում են նախկին հետաքրքրությունները: Նկատվում է ընդհանուր հոգեկան գործընթացների`  մտածողության, հիշողության, ուշադրության խախտում: Դիտվում են ախորժակի կորուստ, անքնություն կամ քնկոտություն, մշտական հոգնածության զգացում, ինչպես նաև ֆիզիկական ցավեր: Ծերացող մարդիկ հաճախ  այս ախտանիշները ձեռք են բերում արհեստականորեն` դեղամիջոցների չարաշահման ճանապարհով: Այս դեպքում, ինչպես վկայում են թերապևտները, օրգանիզմում դանդաղ  նյութափոխանակության պատճառով դեղերը օրգանիզմի մեջ ավելի երկար ժամանակ են մնում  և հասնում թունավորման մակարդակի, որն էլ ի հայտ է բերում տարբեր նյարդահոգեբանական խանգարումներ և դեմենցիա (մտածողության խանգարում): Ծերերի հոգեբանության վրա ծանր են  անդրադառնում հատկապես հարազատների անտարբերությունն ու անհոգությունը: Ժամանակակից կյանքն իր բազում խնդիրներով ու աճող հակաբարոյական ՙարժեքներով՚ հետին պլան է մղում մարդկանց միջև եղած  հարգանքն ու ակնածանքը: Թուլացել է  հանդուրժողականությունն ուրիշների թերացումների  հանդեպ: Այս մթնոլորտը հատկապես նկատելի է ծերերի հետ հարաբերություններում: Մինչդեռ ծեր ծնողներին անհրաժեշտ է խնամել, թեկուզ հենց նրա համար, որ նրանք էլ հոգացել են մեզ համար մեր անպաշտպանվածության ժամանակ: 

Սովորաբար ծերացող մարդու հարմարվողականությունը պայմանավորված է լինում ինքնակառավարման ունակությամբ: Սակայն դա չի նշանակում, որ շրջապատող մարդկանց, հատկապես` հարազատների դերն այստեղ նվազ է: Եթե ծերության մեջ էլ մարդը շարունակում է աշխատել, եւ հասարակական-կազմակերպչական ակտիվ գործունեություն կատարել, ապա տարիքային այս փուլը դյուրին է անցնում: Հակառակ դեպքում ծեր մարդուն պետք է շրջապատեն սիրող զավակներն ու թոռները: Նա պետք է ունենա ակտիվ շփումներ, զգա իր կարեւորությունը` անձնական փորձի և ունակությունների անհրաժեշտությունը, իսկ եթե ոչ, ապա նեւրոզներն ու տառապանքները, ցավոք, անխուսափելի են: 

Նշենք, որ յուրաքանչյուր տարիք իր նպատակն ու իմաստն ունի: Եթե պատանեկության տարիքում  սերն ու սովորելու պահանջն է, հասուն տարիքում` աշխատանքն ու կարիերան, ապա ծերությունն էլ հայտնի է կյանքը վայելելու, թոռներին ու ծոռներին սիրելու, նրանց հետ շփվելու տեսքով։ Նրանց այս ամենից զրկելով` մեծ, անմարդկային վնաս ենք պատճառում նաև ապագա սերնդին. չէ՞ որ երեխաներով զբաղվելու, նրանց ուսուցման ու դաստիարակության գործում երիտասարդ, աշխատանքային կարիերայով տարված ծնողները խնդիրներ են ունենում, եւ տատիկ-պապիկների դերն այստեղ անգնահատելի է: Եվ, ի տարբերություն եվրոպական հոգեկերտվածքի, մեր ծերերն ապրում են ոչ թե անձնական կյանքով ու հետաքրքրություններով, այլ` ընտանիքի: Ի վերջո, լավագույն դեպքում,  բոլորս ենք ծերանալու, ուստի բարի գտնվելով մեծերի հանդեպ, բարենպաստ հող ենք նախապատրաստում ինքներս մեզ համար: 

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ

Հոգեբան