[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՎԵՐԻՆ ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ԱՃ

ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից շարունակվում են նոյեմբերի 1-ից իրականացվող գրիպի և վերին շնչուղիների հիվանդությունների հերթական մշտադիտարկումները։ 

 ԼՂՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի տեղեկատվությամբ՝ 2016թ. նոյեմբեր ամսին Արցախում արձանագրվել է վերին շնչուղիների սուր վարակների 2802 դեպք, որից 2441-ը (87,1%)՝ մինչև 18 տարեկան երեխաների մոտ,  2015թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 2249 դեպք, ընդ որում՝ 1967-ը (87,5%)՝ մինչև 18 տարեկանների շրջանում։ Նշյալ ժամանակահատվածում աճ է արձանագրվել  553 դեպքով, որից 474-ը՝ մինչև 18 տարեկանների մոտ: Դեկտեմբերի առաջին երկու շաբաթվա դիտարկման արդյունքներով՝  հանրապետության ողջ տարածքում արձանագրվել է վերին շնչառական ուղիների սուր վարակների կրկնակի աճ։ Դեկտեմբերի 16-ին Արցախի բուժհիմնարկների ստացիոնարներում գրանցվել է 54 հիվանդ, որից 26-ը մինչև 18 տարեկան երեխաներ էին։ Վերին շնչուղիների հիվանդությունների հետ կապված շտապօգնության կանչերի թիվն օրվա կտրվածքով հասնում է 7-ի։ Օ. Հարությունյանի պարզաբանմամբ՝ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում շարունակվում է իրականացվել ՙԿանխարգելիչ ֆիլտր՚ ծրագիրը, ինչի արդյունքում  հիվանդ վիճակում հաճախող երեխաներն ուղարկվում են տուն, իսկ տվյալները փոխանցում բուժհաստատություններին։ Հիվանդության պատճառով բացակաների թիվը դպրոցներում չի հասել 25 տոկոսի շեմը, ինչի դեպքում է միայն թույլատրվում դադարեցնել ուսումնական հաստատությունների գործունեությունը։ Շարունակվում են հիվանդների քիթ-ըմպանից վերցված քսուկներն ուղարկվել ՀՀ  առողջապահության նախարարության հիվանդների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիա։ Մինչ այժմ ուղարկված նմուշների հետազոտության արդյունքները եղել են բացասական։ Այսինքն՝ շրջանառվող գրիպի ենթատեսակի հարուցիչ չի հայտնաբերվել։ Մեր զրուցակցի  տեղեկատվությամբ՝ Արցախի բուժկանխարգելիչ հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, միանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով և ախտահանիչ այլ նյութերով ու լուծույթներով։ ԼՂՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հիվանդության ախտանշանների՝ գլխացավի, մկանացավի, ջերմության բարձրացման, թուլության, հարբուխի և այլնի դեպքում իրազեկել բժշկին և հետևել վերջինիս խորհուրդներին։ Անհրաժեշտ է խստորեն պահպանել հիգիենայի տարրական կանոնները,  վարել առողջ ապրելակերպ։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ