ԶԵՓՅՈՒՌԱԿԱՆՆԵՐԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

Զեփյուռ՚ բնապահպանական հասարակական կազմակերպությունն իր կողմից պարբերաբար իրականացվող ծրագրերին զուգահեռ դեկտեմբեր-հունվար ամիսներին Ամանորի, Սուրբ Ծննդյան և  հունվարի 13-ի՝ Անվանակոչության օրերի կապակցությամբ հետաքրքիր անակնկալ մատուցեց սահմանապահ N զորամասերի զինվորներին։ Ծրագիրը կյանքի է կոչվել ԼՂՀ կառավարության աջակցությամբ։ 

 Կազմակերպության անդամները մեծ եռանդով պատրաստել են նվերների կապոցներ, որոնցում, բացի զինվորների համար անհրաժեշտ իրերից, տեղադրել են նամակներ, որտեղ զեփյուռականներն իրենց ջերմ խոսքով գոտեպնդել են հայրենյաց պաշտպաններին։ Ի դեպ, նշյալ զորամասերում իրենց ժամկետային ծառայությունն են անցկացնում ՙԶեփյուռ՚-ին անդամագրված որոշ երիտասարդներ։ Տեղերում կազմակերպվել են տոնական միջոցառումներ, և զորամասերի հրամանատարությունը յուրաքանչյուր զինվորի տրամադրել է նախատեսված նվերը։ 

ՙԶեփյուռ՚ ՀԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Մայիլյանի խոսքով՝ կազմակերպությունը տարաբնույթ ծրագրերի հետ համատեղ իրականացրեց այս ակցիան՝ փորձելով հայրենիքի սահմաններում կանգնած մեր զինվորներին փոքրիկ ուշադրությամբ գոտեպնդել, տոներին ընդառաջ ուրախացնել և մեկ անգամ ևս շեշտել, որ իրենք մենակ չեն, զեփյուռականները միշտ էլ պատրաստ են անհրաժեշտության դեպքում աջակցել ու թիկունք կանգնել նրանց։ Զինվորներին փոխանցվել են նաև ՀՀ և ԼՂՀ տարբեր դպրոցների աշակերտների կողմից ուղարկված շնորհավորական նամակներ, որտեղ երեխաներն իրենց հերթին ջերմագին խոսքեր, բանաստեղծություններ և այլ մաղթանքներ էին գրել։ Հայրենիքի պաշտպաններն անչափ հուզված էին, որովհետև դիրքերում իրենք միշտ էլ կարիք ունեն նման սատարման։ 

ՙԶեփյուռ՚-ի ներկայացուցիչները զինվորներին մաղթեցին  ծառայությունն անցկացնել խաղաղ ու ջինջ երկնքի տակ։ Իր հերթին  զորամասի հրամանատարությունը հատուկ շնորհակալություն է հայտնել կազմակերպության պատասխանատուներին տոնական օրերին մատուցված անչափ ցանկալի անակնկալի համար։                                                                                                              

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ