[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑՆ ԱՐՑԱԽ

ՙԲաց դռների օր՚  ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումում

 Երևանի քաղաքապետարանի պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև բժիշկ-մասնագետներ։ Հունվարի 20-ին ԼՂՀ ԱՆ ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության և ՙՍուրբ Աստվածամայր՚ բժշկական կենտրոնի մասնագետները կազմակերպեցին ՙԲաց դռների օր՚։ Խմբում ընդգրկված էին օրթոպեդ-վնասվածքաբան, նյարդաբան, քիթ-կոկորդ-ականջաբան և ընդհանուր վիրաբույժ։ Այցի շրջանակներում նրանց ուղեկցում էր ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը։ 

ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումում կայացավ նաև խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի, ՙՍուրբ Աստվածամայր՚ բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի, նույն բժշկական կենտրոնի առաջատար մասնագետների մասնակցությամբ։ 

Ողջունելով հյուրերին ծրագրի նախաձեռնության համար` ԼՂՀ առողջապահության նախարար Կ. Աթայանը հույս հայտնեց, որ նման այցերը կկրեն շարունակական բնույթ՝ ի շահ բնակչության առողջության պահպանման, ինչպես նաև մասնագետների փորձի փոխանակման, կազմակերպական աշխատանքների հստակեցման և բարձրակարգ սպասարկման։ Հանդիպման ժամանակ Կ. Բաբինյանն իր հերթին նշեց, որ կձգտեն Արցախում բուժսպասարկման որակի կատարելագործմանն ուղղված ծրագրերն իրականացնել պարբերաբար, ինչի շնորհիվ հայաստանյան և տեղի մասնագետներն իրարից շատ բան  կսովորեն։ ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորման տնօրեն Մեսրոպ Մարգարյանն ուրախությամբ հավելեց, որ հայաստանյան գործընկերների հետ համագործակցությունը տարիների պատմություն ունի: Համատեղ ջանքերով իրականացվում են մեծ թվով վիրահատություններ, օգտագործվում են նաև հեռահար օնլայն հաղորդակցման ու խորհրդատվության եղանակները։ Միայն խիստ անհրաժեշտության դեպքում և որոշ գործիքային ախտորոշիչ հետազոտությունների  բացակայության պատճառով են մինչև 18 տարեկան երեխաներն ուղեգրվում  ՀՀ մանկական հիվանդանոցներ։ Մ. Մարգարյանի խոսքով՝ հիմնականում այդ դեպքերը վերաբերում են մանկական կարդիովիրաբուժության խնդիրներին։ 

Քննարկվեցին նաև ոլորտի մի շարք հարցեր, նախանշվեցին առաջիկա ծրագրերն, ու կողմերն  երկուստեք հավաստիացրին, որ նման ձևաչափով հանդիպումները կկրեն շարունակական բնույթ։ 

Կ.Աթայանը հյուրերին ներկայացրեց 2016թ. ընթացքում ոլորտում կատարված բացառիկ վիրահատությունների ընթացակարգը, որոնք կատարվել են ոչ միայն ՀՀ-ի, այլև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ավստրիայի  և արտերկրի մի շարք առաջատար մասնագետների շնորհիվ։ Առաջին անգամ Զալցբուրգից ժամանած առաջատար մասնագետները ԼՂՀ ԱՆ հանրապետական բժշկական կենտրոնում իրականացրել են ստորին վերջույթների էնդովասկուլյար հետազոտություններ և վիրահատություններ, նվիրել բժշկական պարագաներ և նման վիրահատական միջամտությունների համար անհրաժեշտ ստենտեր։ Այդ ծրագրերի նպատակն է տեղում կատարել բարդ և ժամանակակից վիրահատություններ, ինչը նախընտրելի է և՜ հիվանդների, և՜ բժիշկների համար, որովհետև վերջիններս նույնպես զարգացնում են իրենց մասնագիտական հմտությունները։ ՙՍուրբ Աստվածամայր՚ բժշկական կենտրոնի տնօրեն, Երևանի գլխավոր մանկական վիրաբույժ  Ն.Դալլաքյանը խոստացավ  մշտապես սատարել Արցախի մանկական բուժծառայություններին։ ՙՄեր նպատակն է  Արցախում նաեւ զարգացնել թոքային վիրաբուժության ճյուղը, որովհետև բուժմիավորումն ունի բրոնխոսկոպ և այլ ախտորոշիչ ու բուժական սարքավորումներ, որոնք չեն գործարկվում։ Մտադիր ենք ակտիվացնել դրանց կիրառումը, ինչպես նաև  կազմակերպել  թրենինգներ։ Փորձում ենք ամեն մի տարբերակ օգտագործել կյանքին վտանգ սպառնացող դեպքերին դրական ընթացք տալու համար։ Դա վերաբերում է այն անհետաձգելի իրավիճակներին, երբ մարդու կյանքը փրկելու համար պետք է հնարավորինս արագ և տեղում կազմակերպել բուժօգնությունը՚,-նշեց Ն. Դալլաքյանը։ Երևանում արցախյան մասնագետների վերապատրաստման ծրագրի մանրամասները քննարկվել են ԼՂՀ առողջապահության նախարարի հետ։ 

Այցի  շրջանակներում իրականացվել է 43 խորհրդատվություն, որից 25-ը՝ քիթ-կոկորդ-ականջաբանի, 18-ը՝ նյարդաբանի կողմից։ Բացի դրանից, ընդհանուր վիրաբույժի կողմից կատարվել են 1, օրթոպեդ-վնասվածքաբանի՝ 3 և քիթ-կոկորդ-ականջաբանի` 5 վիրահատություններ։ ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորման տնօրենի պարզաբանմամբ՝ այս վիրահատությունները նախօրոք ծրագրված էին, իսկ 2-3 ամիս հետո նշյալ մասնագետների հերթական այցի ժամանակ կիրականացվեն այլ վիրահատություններ։ Դրանք հիմնականում կատարվում են բնածին արատներ ունեցող երեխաների շրջանում։ 

Երևանյան մասնագետներն ինչպես միշտ, այս անգամ ևս մանկական բուժմիավորմանը տրամադրել են անհրաժեշտ դեղորայք, բուժսարքավորումներ, բժշկական այլ պարագաներ։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ