ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀՈՎ
Երկրորդ դասարանցի աղջնակը բողոքել է ծնողներին, որ ինքն էլ է ուզում սերիալ դիտել, որպեսզի դասընկերուհինների հետ քննարկելու բան ունենա: Փաստորեն սերիալը դարձել է ամենաքննարկվող ու ամենահետաքրքիր ոլորտը, առանց որի շատերն այլևս չեն պատկերացնում իրենց գոյությունը:
Բայց ի՞նչ է մատուցում հասարակությանը ժամանակակից սերիալը: Հեռուստացույցը միացնելուն պես ականատես ես դառնում սրտաճմլիկ տեսարանների, ողբի, լացուկոծի: Տպավորություն է ստեղծվում, որ հայկական նորահայտ սերիալների հեղինակների առանցքային նպատակը հերոսների համար հնարավորինս շատ դժբախտություններ ու տառապանքի պատճառներ հորինելն է: Իսկ հերոսները քրեական աշխարհի ներկայացուցիչներն են կամ դաժան ճակատագրեր ունեցող մարդիկ: Սերիալները լեցուն են սեռական, ֆիզիկական և հոգեբանական բռնության զազրելի տեսարաններով: Ընդ որում` դրանց զգալի մասը հեռուստադիտողի աչքում ՙարդարացվում՚ է սցենարային զանազան լուծումների միջոցով: Ուրախությունն ու երջանկությունն էլ, կարելի է ասել, շռայլություն է, ինչին հերոսներն արժանանում են միայն վերջին սերիայում: Սերիալի սիրահարներն ապրումակցում են հերոսներին, ինչն ուղեկցվում է սթրեսներով՝ բացասական ազդեցություն թողնելով առողջության վրա:
Սցենարները մարդկանց դրդում են ներկայացվող վարքը արտացոլել իրականում, ինչն անհետևանք չի մնում հատկապես հասարակության ավելի խոցելի շերտի` անչափահասների համար: Նրանց մոտ ձևավորվում է պատկերացում, որ անընդմեջ դեպրեսիվ ապրումները բնականոն են, դժբախտություններն` ամենուր, ուզածին հասնելու համար ցանկացած միջոց` հարիր: Ավելին, անչափահասները, սերիալների հերոսներին ընդունելով որպես չափանիշ, փորձում են նմանակել նրանց վարքը, խոսելաոճն ու բառապաշարը, որոնք մեծապես աղավաղում են նաև մեր մայրենին:
Սերիալները նաև մարդկանց մոտ զբաղվածության զգացողություն են առաջացնում: Երբ որևէ մեկին տեղ ես հրավիրում, հրաժարվում է` ՙժամանակի սղության՚ պատճառաբանությամբ: Մինչդեռ այդ ժամերին նրանց այցելելու դեպքում կտեսնենք զբաղվածության իրական պատճառը, այն է` սերիալադիտում: Հարց է առաջանում. սերիալների նկատմամբ աճող հետաքրքրությունն ի՞նչ ազդեցություն կունենա մեր հասարակության մշակութային կյանքի ձևավորման վրա: Այն փաստը, որ հեռուստադիտողների քանակը մեծապես գերազանցում է ընթերցանությամբ զբաղվողների քանակին, շատ բան է ասում: Պետք է ընդունել, որ հիմնովին փոխվել են 21-րդ դարի մարդու նախասիրությունները: Ուստի այս հանգամանքը պետք է գործածվի ի բարին, այլ ոչ թե այնպես, ինչպես հիմա կա: Սերիալները երբեմն լիցքաթափվելու, առօրյա հոգսերից փոքր-ինչ հեռանալու հնարավորություն են տալիս: Ուստի դրանք լրիվությամբ բացառել մեր կյանքից հնարավոր չէ: Ուղղակի կարելի է համացանցով ընտրել շատ ավելի հետաքրքիր, բովանդակալից ու իմաստալից սերիալներ, այլ ոչ թե դառնալ հեռուստատեսության գերին: Իսկ ահա հայ սցենարիստներն ու ռեժիսորները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սերիալներն այսքան պահանջված են հասարակության կողմից, կարող են շատ ավելի նպատակային և լուրջ գործ կատարել պետության և հասարակության օգուտի համար` որակյալ, մեր մշակույթն ու պատմությունը ներկայացնող, բարոյադաստիարակչական իմաստ ունեցող սերիալներ նկարահանել, ստեղծել արժանի, հայրենասեր հերոսներ, որոնց ընդօրինակելը ամոթալի չէր լինի։ Շատ նորարարություններ ձեռք են բերվում համեմատության միջոցով: Եվ այսպես, չնայած բազմիցս ու տեղին քննադատում ենք հարևան Թուրքիային, այնուամենայնիվ, չպետք է անտեսենք այն փաստը, որ նրանք իրենց սերիալների միջոցով գրավել են բազմաթիվ երկրների բնակչության հետաքրքրությունը: Հայտնի “Великолепный век” բազմասերիանոց ժապավենն ունի հարյուր հիսուն միլիոն դիտող, ցուցադրվում է աշխարհի 40-ից ավել երկրում: Ու վատն այն է, որ այս սերիալում Թուրքիան ամբողջ աշխարհով մեկ սուտ ու կեղծ քարոզչություն է տարածում: Այս պարզունակ սերիալներն օգտագործելով՝ այն հետին պլանում հաղորդում է այն, ինչ ուզում է: Այդ դետալներն, իհարկե, առաջին հայացքից անտեսանելի են, մինչդեռ լուրջ հոգեբանական ազդեցություն են թողնում դիտողի հոգեկանի ու աշխարհընկալման վրա: “Великолепный веꔬը աղավաղում է պատմական փաստերը, սակայն սա ամենադյուրին միջոցն է աշխարհի հանրությանը հրամցնելու կեղծ պատմություն. չէ՞ որ ոչ բոլորն են պատմություն ուսումնասիրում, բայց ահա սերիալներ դիտում է մեծամասնությունը: Պատմությունն ամբողջովին խեղաթյուրված է, խառնել են փաստերն ու ժամանակագրությունը: Որոշ առիթներով խոսում են նաև Ադրբեջանի մասին, այն դեպքում, երբ սուլթան Սուլեյմանի օրոք այդ երկիրը պարզապես գոյություն չուներ: Մինչդեռ հարյուր հիսուն միլիոնանոց լսարանը չգիտի, որ նրանք ստում են: Գլխավոր հերոսներն, ի տարբերություն մեր սերիալների, ունեն բարձրագույն կրթություն, խոսում են կիրթ լեզվով: Թուրքական հեռուստանովելներում երբեք չես տեսնի ալկոհոլով կամ ծխախոտով մեկին, ինչը չի կարելի ասել մեր սերիալների մասին: Շեշտադրված են թուրքերի ազգային գծերը, սովորությունները, մշակույթը, կրոնը: Այն դեպքում, որ մեզանում ոմանք խուսափում են վկայել Հիսուս Քրիստոսի անունը, նրանք, տեղի¬ անտեղի ալլահին են փառաբանում, ղուրանի ուսմունքները հրամցնում և այլն: Թուրքիան պրոպագանդում է այն, ինչ իրեն է ձեռնտու: Իհարկե չենք ասում, թե պետք է դասեր քաղել ստելու ու կեղծելու հարցում, դրա կարիքը չկա, քանզի մենք ունենք հիանալի մշակույթ, կրոն, պատմություն, ավանդույթներ, որոնք կարող ենք գեղարվեստորեն ներկայացնել ոչ միայն մեր հեռուստադիտողին, այլև աշխարհին: Մինչդեռ, մենք մեր հարուստ պատմությունը թողած, նկարահանում ենք թմրամոլների, հանցագործների, կաշառակերների մասին պատումներ: Չափն այնքան են անցնում, որ որոշ սփյուռքահայեր նույնիսկ վկայում են, թե վախենում են հայրենիք գալ, մտածելով, որ այստեղ ամենուրեք մաֆիոզներ ու հանցագործներ են…
Պետք է միասնական բոյկոտենք ցածրորակ ու ազգը խայտառակող սերիալները և պարտադրենք, որ մեր սերիալ նկարահանողները փոքր-ինչ մտորեն, թե ինչպես է հարևան երկիրը սերիալների միջոցով մեծ հաջողությունների հասնում, զբոսաշրջության համար դրանք որպես հիանալի գովազդ ներկայացնում, և ձգտեն առավելագույնս ստեղծել դաստիարակող ու մեր ազգային արժեքները գոնե չաղավաղող գործեր: Հեռուստաընկերությունները պետք է խորքային ուշադրություն դարձնեն նկարահանվող սերիալների բեմագրերին, գիտակցելով, որ բարձր վարկանիշն ու շահույթը, անկասկած, կարելի է ապահովել` զերծ մնալով վերոհիշյալ բացասական միտումներից:
Սոֆի ԲԱԲԱՅԱՆ
Հոգեբան