Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ՃԻՇՏ ԸՆՏՐԵԼ ՔԱՅԼԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

 

 

Շուշի… Սա լոկ քաղաք չէ, որտեղ հիմնականում հանգրվանել են Ադրբեջանի տարբեր բնակավայրերից մազապուրծ ընտանիքներ…

Այն նաև ծննդավայր է, հուշերիդ մեջ մշտապես բաբախող ցավ, որ արթուն է  պահում խիղճդ, մաքուր՝ հավատդ և միշտ զգոն՝ հիշողությունդ։  Շուշին բախտ է, ճակատագիր, որ միշտ քեզ հետ է, նախնիներիդ գեներից արյանդ մեջ ներծծված և քեզնից զավակներիդ փոխանցված ճակատագիր։ Բերդաքաղաքի երեկվա և այսօրվա հոգսերի, կատարածի և անելիքների մասին է մեր հարցազրույցը Շուշիի քաղաքապետ Արծվիկ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

-Պարոն Սարգսյան, մարտին լրացավ Ձեր պաշտոնավարման 4 տարին։ Ի՞նչ է արվել այդ ժամանակաընթացքում, ի՞նչ փոփոխություններ կան։

- Նախ, ասեմ, որ քաղաքապետարանի աշխատանքները հիմնականում ուղղված են եղել շրջկենտրոնի բարեկարգման,  կոմունալ ծառայությունների մատուցման մակարդակի բարձրացման, համայնքային բյուջեի եկամուտների ապահովման ծրագրերի իրականացմանը։ Շուշիում գործում են Խ.Աբովյանի անվան հիմնական, ՙԴանիել Ղազարյան՚ մասնագիտացված երաժշտական դպրոցները, ՙՍոսե՚ և Հայ Ավետարանչական ընկերակցության մանկապարտեզների մասնաճյուղերը, ՙՇուշիի շրջբուժմիավորում՚ ՓԲԸ-ն, մշակույթի և երիտասարդության տունը, շրջանային գրադարանը, թանգարանները և պատկերասրահները, ՙՆարեկացի՚ արվեստի միությունը և քաղաքի կենսագործունեությունն ապահովող այլ հիմնարկներ։ Քաղաքապետի կողմից քաղաքացիների ընդունելության հատուկ օրեր սահմանված չեն։ Աշխատանքային օրերի բոլոր ժամերին քաղաքացիները հնարավորություն  ունեն հանդիպելու քաղաքապետի հետ և ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները։ Հաշվետու տարում  քաղաքապետի մոտ տարբեր հարցերով ընդունելության է եկել 158 անձ։

Երևանի  ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի տեղափոխումը Շուշի, Տեխնոլոգիական համալսարանի և Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի բացումը դրական ազդեցություն ունեցավ  քաղաքի զարգացման վրա,  ստեղծվեցին նոր աշխատատեղեր։ 

-Ուրախալի է, որ այսօր Շուշին մի հսկայական շինհարթակ է հիշեցնում…

-Ճիշտ է, անցած տարվա ապրիլը ինչ-որ չափով ազդեց մարդկանց հոգեբանությանը, սակայն դա որևէ կերպ չանդրադարձավ շինարարական աշխատանքների թափի վրա։ 2016թ. Շուշիի շրջանում կապիտալ ներդրումների պետական ծրագրով վերակառուցվել են  Ագրարային համալսարանի, հանրակացարանի շենքերը, նախկին Մուրացանի անվան դպրոցի որոշ սենյակներ։ Բնական աղետից տուժած առանձնատների և հասարակական օբյեկտների վերանորոգմանը տրամադրվել է 10 մլն դրամ՝ շինանյութերի ձեռքբերման համար։ 

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հետ համաֆինանսավորվող ծրագրերի շրջանակում վերակառուցվել է և շուտով շահագործման կհանձնվի Շուշի քաղաքի մշակույթի տունը ։ Ավարտվել է արհեստագործական ուսումնարանի շենքի կառուցումը։   

  Պետբյուջեի միջոցներով կապիտալ վերակառուցվում են Նիկոլ Դումանի, Մուրացանի և  Բեկոր Աշոտի փողոցները՝ հարակից բազմաբնակարան շենքերի բակերով: Մանուկյան 1 բազմաբնակարան շենքի առաջին հարկը վերակառուցվում է որպես 150-տեղանոց մանկապարտեզ, վերակառուցվել է հուշարձան հանդիսացող 2 աղբյուր, կառուցվում են Շուշի քաղաքի ջրամատակարարման ցանցի 3-րդ և 4-րդ գոտիները։ 

-Ինչպես ասում են` մի ձեռքը ծափ չի տալիս: Ասել է թե` միայն պետական միջոցներով անհնար է  վերակառուցել ավերված քաղաքը…

-Անշուշտ: Բացի կապիտալ ներդրումներից, քաղաքում ծավալուն բարեգործական աշխատանքներ են կատարվում նաև  ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի, բարերարների և  անհատ  ներդրողների միջոցներով։ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի  միջոցներով  վերակառուցվում է Շուշի  քաղաքի մշակույթի  տունը,  կառուցվում  է  երեխաների գիշերօթիկ դպրոցը։ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հովանավորությամբ Պռոշյան փողոցին կից կառուցվել և շահագործման  է հանձնվել  մանկական խաղահրապարակ։ Բարերար  Կարո Սարգսյանի կողմից կառուցվում է մանկապատանեկան դպրոց, բարերար  Ռուբեն Հայրապետյանի կողմից   Իսահակի աղբյուրին հարակից տարածքում՝ առանձին հյուրատներ, ռուսաստանահայ գործարար Սերգեյ Հարությունյանի  կողմից Հախումյան 25 հասցեում՝ տուրիստական կենտրոն։ Նաև նշենք, որ  Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից մեր քաղաքապետարանին նվիրատվության կարգով տրամադրվել է տոնածառ, ինչի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում Ստեփանակերտի քաղաքապետ Ս.Գրիգորյանին։

-Շուշին աշխարհով մեկ սփռված հայության իղձերի դուռն է, և յուրաքանչյուր հայ, իրոք, երազում է գոնե մեկ անգամ այցելել քաղաք։ Տեղյակ ենք, որ շատ քաղաքներ են բարեկամական կապերով կապվել Շուշիի հետ։

-Այո, Շուշիի հետ քույր քաղաքներ են իրենց հայտարարել Լոս Անջելեսը, Ֆրանսիայի Բուրգ լե Վալանսը, Վիլյորբանը, որոնց հետ հաստատվել են բարեկամական կապեր։ Մենք համոզված ենք, որ դրանք կնպաստեն մեր քաղաքի կրթամշակութային և սոցիալական զարգացմանը։

- Շուտով ամառ է, և կրկին կսկսվի զբոսաշրջիկների հոսքը Արցախ։ Զբոսաշրջիկները զարմանում են մեր քաղաքի փողոցների մաքրությամբ: 

-Քաղաքի սանիտարական նորմալ վիճակի ապահովումն իրականացվում է ՙԲարեկարգում՚ ՓԲԸ-ի  կողմից։ 2016թ., կենցաղային աղբից բացի,  ընկերության կողմից  քաղաքի մի շարք   փողոցներից տեղափոխվել է մեծ քանակությամբ շինարարական աղբ, որն առաջացել է քաղաքում կատարված ակտիվ շինարարական աշխատանքների հետևանքով։ Հորդառատ անձրևներից և ուժեղ քամիներից հետո քաղաքի փողոցների մաքրման աշխատանքները կատարվում են նաև շաբաթօրյակների միջոցով։ Կցանկանայի նշել ՙԱրցախէներգո՚, ՙԱրցախգազ՚, ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲԸ-երի Շուշիի մասնաճյուղերի, հրշեջ-փրկարար ծառայության աշխատողների ակտիվ մասնակցությունը:

-Խմելու ջրի հիմնախնդիրը Շուշիում առկա էր անգամ խորհրդային տարիներին։ Ինչպիսի՞ լուծում է տրվել հարցին անցած տարիների ընթացքում։

 -Շուշի քաղաքի ջրամատակարարումը իրականացվում է ՙՔիրս՚, ՙԹադևոս՚ և ՙԽանի աղջիկ՚ ջրատարներից։ Ջրամատակարարման և ջրահեռացման տեղամասի աշխատողների ուժերով իրականացվել են մի քանի փողոցների ջրամատակարարման և ջրահեռացման  ցանցերի վերանորոգման և նոր ցանցերի տեղադրման աշխատանքներ։ Փոխվել են ջրատար խողովակները, կառուցվել են դիտահորեր։ Միայն 2016թ.  բնակարաններում տեղադրվել է 162 ջրահաշվիչ։ Վերջապես Շուշիի բնակչության համարյա 80 տոկոսը բավարարված է մշտական ջրով։

 Այս տարի բարեկարգման աշխատանքները  ևս կշարունակվեն։ Առ այսօր քաղաքի համար թիվ մեկ խնդիր է մնում խմելու ջրի որակի բարելավման հարցը։ Գաղտնիք չէ, որ անձրևներից հետո ջուրը խմելու համար այլևս պիտանի չի լինում, և այդ ուղղությամբ  դեռևս շատ աշխատանքներ ունենք անելու։ Օրակարգում է ֆիլտրման կայանի կառուցման հարցը։ Քաղաքի ներքին թաղամասում շարունակվում է ջրահաշվիչների տեղադրումը։ 

-Ինչպե՞ս են լուծվում աշխատանքային գործընթացում ծագած խնդիրները։

-Չնայած դժվարություններին, որոնք կապված են տեխնիկական պարկի մաշվածության, ինչպես նաև քաղաքի ավերվածության աստիճանի հետ, այնուամենայնիվ ձգտում ենք կատարել մեր առջև դրված խնդիրները։ Բնակչության որոշ մասի  անվճարունակությունը և վճարների կատարման  ցածր կարգապահությունը խոչնդոտում են ծառացած խնդիրների ժամանակին լուծմանը։

Իհարկե, սխալ կլիներ բավարարվել կատարվածով։ Անելիքները շատ են, հնարավորությունները` քիչ։ Դեռևս անհրաժեշտություն կա փոխելու մի քանի բազմաբնակարան շենքերի տանիքներ։ Պետք  է պայմաններ ստեղծել նոր աշխատատեղերի բացման համար, խթանել փոքր և միջին բիզնեսի զարգացումը։ Կցանկանայի նաև նշել, որ քաղաքապետարանը չունի ավտովարորդի   հաստիք, ինչն, իհարկե, խոչնդոտում է իրականացվող աշխատանքներին, իսկ ծառայողական ավտոմեքենան ենթակա է դուրսգրման։ Անհրաժեշտ է նաև մեկ աշտարակավոր մեքենա՝ քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների և ջրհորդանների վերանորոգման, ինչպես նաև տոնական օրերին քաղաքի փողոցները զարդարելու համար։ Օգտվելով առիթից, կցանկանայի շնորհակալություն հայտնել հանրապետության ղեկավարությանը և Շուշիի շրջվարչակազմին` քաղաքի խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։ Հուսով ենք, որ  այսուհետ ևս առանձնակի ուշադրություն կդարձվի Շուշիին:

Այնուամենայնիվ, քաղաքապետարանի աշխատակազմը և ենթակա կառույցի աշխատողները անում են ամեն ինչ՝ համայնքի առջև դրված հիմնախնդիրները ժամանակին լուծելու համար։ Բոլորիս  խնդիրն է անել հնարավորը, որպեսզի մեր   հանրապետության ամենահին ազգային ավանդույթներ ունեցող քաղաքը կրկին հառնի ու նորանա։ Ամենակարևորը՝  ճիշտ ընտրել քայլերի հաջորդականությունը։ Շուշիի երբեմնի կրթամշակութային փառքի վերականգնումն այսօր օրակարգի ամենահրատապ հարցերից մեկն է։ Դրա իրագործմանն են նպատակաուղղված քաղաքապետարանի ջանքերը։  

- Առջևում Եռատոնն է: Շուշիի համար այն առանձնահատուկ  խորհուրդ ունի: Ձեր խոսքը արցախցիներին։

- Բոլորիս կանխավ շնորհավորում եմ Եռատոնի կապակցությամբ։ Թող Արցախի հողը վերջապես հանգիստ առնի և արցախցին զբաղվի միայն խաղաղ, ստեղծագործ աշխատանքով: 

Արցախ աշխարհին շուտափույթ ճանաչում եմ ցանկանում, արցախցիներին՝ արժանավայել ու բարգավաճ կյանք։

 

Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ք. Շուշի