[ARM]     [RUS]     [ENG]

ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ ՇՈՒՇԻԻ ՊԱՐՍԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ՙՊատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն՚ ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախմբի անդամները մարտի 21-ից մաքրման, պեղման աշխատանքներ են իրականացնում Շուշիի պարսկական ՙՎերին մզկիթ՚ հուշարձանի տարածքում։

Այն կառուցվել  է 1883 թվականին՝ իրանցի ճարտապարետ Կարբելի սեֆի  Խանի նախագծով։ Խորհրդային տարիներին մզկիթը ձևափոխվել էր պատմաերկրագիտական թանգարանի։Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության գիտական գծով փոխտնօրեն, հնագիտական արշավախմբի ղեկավար Նժդեհ Երանյանի պարզաբանմամբ՝ պեղումները կտևեն մեկ ամիս։ Ուսումնասիրությունները թույլ կտան կազմել հուշարձանի վերականգնման ճշգրիտ նախագիծ։ Ներկայումս արշավախումբն աշխատում է հուշարձանի արևելյան և արևմտյան տապանաբակերում։ Ն. Երանյանի կարծիքով՝ պեղումներն ու վերականգնման աշխատանքները հնարավորություն կընձեռեն լայն պատկերացում կազմել մզկիթի մասին, ինչու չէ, նաև վկայել, որ Արցախի տարածքում հոգատար վերաբերմունք է ցուցաբերվում ոչ միայն հայկական մշակութային ժառանգության հանդեպ։ Այդ է վկայում դեռևս 2008-2009թթ. նույն հուշարձանի նորոգված տանիքը։ Բացի այս կառույցից, Շուշիում կա նաև իրանական ՙՆերքին մզկիթ՚ հուշարձանը, որը կառուցվել է նախորդից ավելի վաղ և դարձյալ կանգուն է։ 

Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը զուգահեռաբար պեղման, մաքրման և վերականգնման աշխատանքներ է կատարում նաև Տողի մելիքական ապարանքի տարածքում, Սուրբ Հովհաննես եկեղեցուց հյուսիս գտնվող միջնադարյան դամբարանադաշտում։ ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արման Գրիգորյանի տեղեկատվությամբ՝ աշխատանքները կտևեն 20 օր, որից հետո կորոշվեն հետագա անելիքները։ Նշյալ տարածքներում մաքրվում և բացվում են տապանաքարեր և, ըստ տեղեկությունների, հնարավոր են այլ գտածոներ, սակայն դրանց վերաբերյալ Ա. Գրիգորյանը չի շտապում մեկնաբանումներ տալ։ Մաքրման աշխատանքների ավարտից հետո կորոշվեն հնագիտական ուսումնասիրության նյութն ու ծավալները։ 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ