[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Լուսանկարից մեզ նայող տղայի  անունը Վարդան է։ Լուսանկարն արված է 1992թ. Մոսկվայում, երեխան հազիվ թե 5 տարեկան լիներ, կողքինը նրա դաստիարակչուհին է՝ Արզնուհի Սարգսյանը, ով շուրջ մեկ տարի Արցախյան  պատերազմի թեժ օրերին մոտ 75 երեխայի պահել ու խնամել է մերձմոսկովյան Մամոնտովսկ և Վատուտինո առողջարաններում։

 Վարդան անունով այս մանկանը Երևանում ՙԱրցախ՚  կոմիտեի մոտ գտել է հայտնի իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Հընթացս նրան էլ մտցրել են ավտոբուսի  մեջ և բերել  օդանավակայան, որպեսզի Մոսկվա մեկնող երեխաների հետ ժամանակավոր ապաստանի մերձմոսկովյան առողջարաններից մեկում։ Նրա մասին ոչ ոք ոչինչ չգիտեր, և ինչպես դաստիարակչուհին է վկայում՝ մաշկը ձկան մաշկի պես  թեփուկներով էր պատված։ ՙՀետո մենք նրան արքայազն դարձրինք,-վերհիշում է Արզնուհին,-ով տեսնում էր՝ չէր ճանաչում։ Նա առողջարանում է սովորել քայլել, խոսել։ Այնքան էր ակտիվացել, որ բոլորը զարմացած էին նրա պահվածքով, չափից դուրս կոկիկ էր, իր շորերը, գուլպաներն այնպես էր դասավորում, կարը-կարին դնում, որ ասես նոր արդուկված լինի։ Տեղաշորն այնպես էր հարդարում, որ մեծերն անգամ այդպես հարդարել չէին կարող՚։ Կարճ ժամանակում տղան  դարձել էր բոլորի սիրելին, ակտիվորեն մասնակցում էր միջոցառումներին։

1993թ. մայիսին, երբ վերադարձել են Մոսկվայից, ՙԱրցախ՚ թերթում հայտարարություն են տվել։ Տղայի մայրը չկար, բայց հայրը գտնվել է։ Ասում են նաև, որ նա ազատամարտիկ էր և Վարդանին իր մոտ է տարել։ Ո՞վ է, որտեղացի՞ է` ոչ-ոք չգիտի...Եթե այն ժամանակ նա հինգ տարեկան էր, ապա այսօր արդեն 30-ն անց տղամարդ է։ Որտե՞ղ ես, Վարդան, եթե այս աղոտ լուսանկարում կճանաչես քեզ, արձագանքիր. քո հին ընկերներն ու դաստիարակները ոչ միայն կարոտել են քեզ, այլև մտահոգ  են քո հետագա ճակատագրով...

Արձագանքի՛ր...

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ