[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՏԱՐՎԱԾԸ ՔԻՉ ՉԷ, ԱՆԵԼԻՔՆԵՐԸ` ՆՈՒՅՆՊԵՍ

2017թ. հունվարի 1-ի դրությամբ Մարտունու համայնքում հաշվառված է 1732 ընտանիք՝ 5955 բնակչով: Կենսաթոշակառուները կազմում են ընդհանուրի 23,5%-ը, 0-14 տարեկանները` 23,5 %-ը:  2016թ. համայնքում ծնվել է 69 երեխա:  Բնական աճը կազմել է 21 հոգի:

 Մարտունու հիմնարկ-ձեռնարկություններում աշխատում է 1304 հոգի, մոտ 1000-ը զբաղված է գյուղատնտեսությամբ, 135 մարդ էլ այլ բնույթի՝ ոչ գյուղատնտեսական աշխատանքներ է կատարում։ 

Մարտունու քաղաքապետ Մհեր ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ մեր զրույցը 2016-ի ձեռքբերումների և ընթացիկ տարվա ակնկալիքների մասին է։ -Պարոն Խաչատրյան, ինչպիսի՞ն էր անցած տարին համայնքի համար:

- 2016թ. համար լուրջ ծրագրեր ունեինք, սակայն ապրիլյան պատերազմի պատճառով որոշ չափով խաթարվեց դրանց մի մասի իրագործումն ու ընթացքը: Բայց, ընդհանուր առմամբ, տարին վատ չենք եզրափակել, հասցրել ենք կատարել նախատեսվածի հիմնական մասը: 

Այսօրվա դրությամբ Մարտունու բնակչությունն ապահովված է խմելու ջրով, լրիվությամբ վերակառուցված է արտաքին և ներքին ջրատարը: Համայնքում ոռոգման նպատակով գործում է 7 արտեզյան ջրհոր: 

Համայնքը գազիֆիկացված է, բոլոր ընտանիքները, բացառությամբ Աբրիկավան և Քաջավան թաղամասերի, օգտվում են երկնագույն կրակից:

- Բնակչության համար դեռևս խնդիր է  մնում քաղաքի անբարեկարգ վիճակը…

- Բարեկարգման ուղղությամբ բավականին աշխատանքներ են տարվել։ Այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ ճանապարհների վիճակը հեռու է բավարար լինելուց: Անցած տարի խորանարդ քարով սալահատակման աշխատանքներ են կատարվել, կոյուղագծեր են փոխվել, փողոցներում գիշերային լուսավորության ուղղությամբ աշխատանքներ են իրականացվել: Պետական ծրագրով շահագործման է հանձնվել Մարտունու անասնաբուժական սպասարկման կայանի շենքը: Շարունակվել է բազմաբնակարան շենքերի և նոր բնակելի թաղամասի կառուցումը: Պետական ծրագրի շրջանակներում բազմազավակ ընտանիքների համար  շահագործման է հանձնվել երկու  առանձնատուն: 

Հարկ է նշել, որ Մարտունու աշխարհագրական դիրքը պահանջում է ունենալ ջրահեռացման համակարգ, ինչը գրեթե բացակայում է։ Անձրևից հետո ցեխաջրերը տարածվում են քաղաքով մեկ: Խնդրի լուծման միակ տարբերակը, ըստ իս, ամբողջ քաղաքի ասֆալտապատումը կամ սալահատակումն է, որն արդեն իսկ ընթացքի մեջ է: 2017թ. նախատեսված է մի շարք փողոցների անձրևաջրերի հոսքն ուղղել սահմանված տեղեր, ինչի արդյունքում մասամբ կխուսափենք ցեխաջրերի տարածումից:

- Ի՞նչ արդյունքներ ունեք՝ կապված բյուջեի կատարողականի հետ:

- Մարտունու քաղաքային համայնքի 2016թ. տարեկան բյուջեի կատարողականը կազմել է 95,8%: Պլանով նախատեսված 100080 900 դրամի փոխարեն մուտքագրվել է 95901 200 դրամ: Սեփական եկամուտների մասով տարեկան պլանը նախատեսված էր 30782500 դրամ, բայց մուտքագրվել է 30600200 դրամ՝ առանց դոտացիայի, որը կազմում է սեփական եկամուտների 99,4%-ը: Պլանով նախատեսված 68038400 դրամ դոտացիայից տրամադրվել է 64041000 դրամ:

Ճանապարհները սալահատակելու նպատակով տրամադրվել է 5 000 000 դրամ: Ընդհանուր առմամբ՝ 2016թ. տարեկան բյուջեով նախատեսված ծախսերի պլանը կատարվել է 95,7%-ով: 

-Բնակչության զգալի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ:  Ինչպիսի՞ն է վիճակն այս ոլորտում:

-  2017թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմել է 142 գլուխ, այդ թվում կովեր` 103 գլուխ, խոզերի գլխաքանակը` 430, մանր եղջերավոր անասուններ` 1030 գլուխ, թռչուն` 23 000 թև:

Արտադրվել է 627,95ց միս, այդ թվում տավարի` 320ց, խոզի` 140,8ց, ոչխարի` 139,95ց, թռչնամիս` 27,2 ց, կաթ` 1884,4 ց, ձու` 980,5հազ. հատ, բուրդ` 8,7 ց:

Մարտունու համայնքի վարչական տարածքը կազմում է 8243,64 հա, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողեր` 5466,74 հա, վարձակալած` 562,52 հա, չվարձակալած` 578,74հա, բազմամյա տնկարկներ` 93,426 հա, արոտավայրեր` 2096, 3642հա, խոտհարք` 8,37 հա, այլ հողատեսքեր` 284,14 հա:

2016թ. բերքի տակ կատարվել է 1082,3 հա աշնանացան մշակաբույսերի ցանքս: Գարնանացան կատարվել է 71,14 հա:

Հնձվել է 1082,3 հա ցանքատարածք, ամբարվել 31753ց համախառն բերք, միջին բերքատվությունը կազմել է 29,3 ց: 

2017թ. բերքի տակ կատարվել է 895,86 հա հերկ,  1052,3 հա ցանքս։

Համայնքն ունի 7 կոմբայն, 10 տրակտոր, 9 գութան, 3 սկավառակային փոցխ, 5 շարքացան, 4 կուլտիվատոր, 31 բեռնատար մեքենա: 

- Պարոն Խաչատրյան, քաղաքի զարգացման ու բնակչության կենսապայմանների բարելավման աշխատանքները տեսանելի են, սակայն չլուծված խնդիրները նույնպես քիչ չեն: 

-Այո, Մարտունին մի շարք հիմնախնդիրներ ունի: Դրանցից մեկը փողոցների անբարեկարգ վիճակն է, ինչպես նաև՝ վթարային շենքերի առկայությունը, բազմաբնակարան շենքերի տանիքների վատթար վիճակը, ծայրամասային թաղամասերում կոյուղու բացակայությունը, քաղաքի երեք կամուրջների անմխիթար վիճակը, արտեզյան ջրհորների պակասը, գործազրկության բարձր մակարդակը, բնակարանի կարիք ունեցող ընտանիքների մեծ թիվը: Անելիքները շատ են հատկապես սանմաքրման, կանաչապատման և բարեկարգման ուղղությամբ:

2017թ. համայնքում բարեկարգման ծավալուն աշխատանքներ են նախատեսվում:

Կարևորում եմ այն հանգամանքը, որ քաղաքում իրականացվող աշխատանքներին ակտիվ մասնակցություն պետք է ցուցաբերեն թե՜ բնակչությունը և թե՜ հիմնարկ-ձեռնարկությունների կոլեկտիվները: 2017թվականը ևս կհայտարարվի սանմաքրման, կանաչապատման և բարեկարգման տարի: 

Հաշվետու տարում շարունակվել է համագործակցությունը Երևանի Արաբկիր և Ավան վարչական շրջանների, Ֆրանսիայի Լե-Պեն Միրաբո քաղաքի հետ: Համագործակցությունը շարունակական բնույթ կկրի: Ունենք մի շարք ծրագրեր, որոնք, հուսով եմ, կյանքի կկոչվեն: