[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՌՈՒՑՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐ

Արդեն տեղեկացրել ենք, որ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում` Ազատամարտիկների թաղամասում, ՙՔաշաթաղ՚ բարեգործական հիմնադրամի կողմից կառուցվում են նոր առանձնատներ:

Անցած տարի այս թաղամասում շահագործման հանձնվեցին 10 տուն և 8 բնակարանոց մեկ շենք: Բնակարանները հատկացվեցին բազմազավակ ընտանիքների, նորապսակների, զինվորականների: Բնակարանամուտին ներկա էր ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը: 

Արդեն մեկ ամիս է, ինչ թաղամասում 11 նոր առանձնատուն է կառուցվում: Տարվա սկզբից շրջվարչակազմի ենթակայությամբ գործող ՙՔաշաթաղի ջրամատակարարում՚ ՓԲԸ-ի կողմից բարեկարգվում են նաև շրջանի ճանապարհները: Այժմ բարեկարգման ընթացքում է Բերձոր-Իշխանաձոր հատվածը: Աշխատանքների պատասխանատու Արամայիս Խաչատրյանի խոսքով` 1 ամսվա ընթացքում բարեկարգվել է  մոտ 30կմ ճանապարհ: Բացի միջհամայնքային ճանապարհներից, աշխատանքներ են իրականացվել նաև Վուրդավան, Ուռեկան, Հակարի և այլ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների վրա: Վերանորոգվել է նաև Հակարի գետի վրա գտնվող կամուրջը: 1 շաբաթից կավարտեն տվյալ հատվածի ճանապարհների բարեկարգումը, և աշխատանքներ կընթանան այլ հատվածներում:

 Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանն այցելեց Իշխանաձոր ու գոհ մնաց շինարարական աշխատանքներից: Շինհրապարակում եռուզեռ է, 11 առանձնատների պատերն արդեն կանգուն են: Շինարարներն սկսել են կտուրները կապել: Որմնադիր-վարպետներ Սլավիկ Թևանյանն ու Արևշատ Խաչատրյանն այս ընթացքում 2 տուն են կառուցել: Թաղամասի շինարարությունը ղեկավարում է Իշխանաձորի գյուղական համայնքի ղեկավար Արսեն Թելունցը տեղեկացրեց, որ այս պահին աշխատում է 8 բրիգադ, մեկը ՀՀ Արտաշատ քաղաքից, մնացածն Իշխանաձորից ու մոտակա բնակավայրերից են: Կարևորեց թաղամասի կառուցումը նաև այն առումով, որ աշխատատեղ է, և մոտ 100 մեր հայրենակիցներ ստիպված չեն եղել մեկնել արտերկիր, աշխատում են տանը և ժամանակին վարձատրվում: 

Թաղամասում ՙՀայրենասեր՚ բարեգործական կազմակերպության կողմից նաև խաղահրապարակ է կառուցվում: Մոտ 1 ամսից տները պատրաստ կլինեն, և հնարավոր է ևս 10 կամ ավելի նման տներ կառուցվեն: Բացի բնակելի տներից, թաղամասում նաև ժամանցի կենտրոն է կառուցվում: Նախատեսված է կենտրոնը շահագործման հանձնել հացահատիկի բերքահավաքի ժամանակ: