[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՒՇԱՐՁԱՆ ԲԱՌԻ ԱՐՄԱՏԸ ՀՈՒՇՆ է

Յուրաքանչյուրն, ով մոտենում է լեգենդար և հերոսական Ապարանին, ակամա և սրտի թրթիռով ուշադիր զննում է մեսրոպյան կախարդական այբուբենի հսկայական քարե տառերը, որոնք տեղադրված են հրաշագեղ թեք լանջին։ Տուֆե երեսունվեց գլուխգործոցներ։

 Այն ժամանակ (2004-2005 թվականներին) դժվար թե որևէ մեկը կարողանար մտածել, թե այդ եզակի համալիրը, փոքր ճարտարապետության իրական այդ գլուխգործոցը, թվում է, թե պատմական լրացման կարիք ունի։ Եվ շուտով հայկական ահռելի այբուբենի կողքին, այդ նույն հիասքանչ սարալանջին, իրոք, հայտնվեցին յուրաքանչյուր հայի սրտին թանկ անուններ. Գրիգոր Լուսավորիչ, Վռամշապուհ արքա, Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Տիգրան Մեծ, Մխիթար Գոշ։ Դրված է նաև հուշարձան Աբովյանին, որը մեսրոպյան տառերով, ըստ էության, ստեղծեց ժամանակակից հայոց լեզուն։ Ճիշտ է, այդ նույն սրբազան սարալանջին կան նաև այլ հեղինակների հոյակապ աշխատանքներ։ Եվ ես խորապես համոզված եմ, որ հիրավի անկրկնելի նմանատիպ ճարտարապետական աշխատանքները գրավում են ոչ միայն մեր հայրենակիցների, այլև շատ ու շատ հյուրերի և զբոսաշրջիկների  սրտերն ու հոգիները։ Հոյակապ և նաև հեռավոր ապագային ուղղված քանդակների հեղինակների մասին չէ, որ կուզեմ խոսել հիմա, այլ նրանց մասին, ովքեր կազմակերպում են, ես կասեի՝ պատվիրում են հուշարձաններ։ Այսօր դա, անկասկած, կարևոր թեմա է մեր մշակույթում, առանձնապես՝ քանդակագործության ժանրում։ 

Շուտով ես իմացա, որ լայն համբավ վայելող Եսայանների ընտանիքը հանձն է առել, ես կասեի՝  հիմնավորապես ձեռնամուխ է եղել Ղարաբաղում իր փոքր հայրենիքի՝ Մեծշեն գյուղի վերականգնմանը։ Նախ հիշեցնեմ, որ 1992 թվականի ամռանից մինչև 1993 թվականի կեսերը Մարտակերտի և Հադրութի շրջանների համարյա քառասուն տոկոսը զավթել էին ազերները։ Իսկ զավթած տարածքներում գործնականում բոլոր բնակավայրերը լիովին ավերված էին։ Վանդալներն առանձնակի բարբարոսությամբ էին ծանակել հայկական գերեզմանոցները։ Տարել էին մարմարե բոլոր սալիկները, փշրել խաչքարերի մեծամասնությունը և այլ շիրմաքարեր։ Այստեղ պետք է ընդգծել, որ ամենից շատ վնասվել էր Մեծշենը, որտեղ գտնվում էին միանգամից չորս ընդարձակ գերեզմանոցներ։ Պատահական չէ, որ հենց պատմությունն է այդ բնակավայրին տվել իր անունը. Մեծշեն՝ Մեծ գյուղ։ Եվ հանկարծ այդ մեծ գյուղում կանգուն չմնաց ոչ մի տուն։ Ես հաճախ էի այցելում մարտիկներին բազմաթիվ ուղղություններում։ Տղաների հետ հանդիպումներից մեկը Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ լեդի Քերոլայն Քոքսի և բազմաթիվ երկրներից նրա հյուրերի հետ էր։ Այդ ժամանակ էլ խնդրեցի մարտիկներին, որ Մեծշենն ազատագրելուն պես ինձ անմիջապես հաղորդեն այդ մասին։ Նրանք կատարեցին իրենց խոստումը։ Եվ ես առաջիններից մեկն էի, որ այցելեցի իմ հրապարակախոսական և պատմագիտական կուռք Դավիթ Անանունի տան փլատակները և, չթաքցնեմ, նաև զոքանչիս տան։ Ըստ էության ոչինչ, կրկնում եմ, չէր մնացել։ Ոչ մի հատիկ տուն։ Նույնն էր նաև Հադրութի շրջանում։ Մարտակերտցիները, հադրութցիները, բերդաձորցիները, և ոչ միայն նրանք, ստիպված էին եղել թողնել իրենց հարազատ գյուղերը։ Ցրվել աշխարհով մեկ։ Կվերադառնա՞ն,  արդյոք. բոլորս այս հարցն էինք տալիս ինքներս մեզ։ Այո, կվերադառնան, եթե վերականգնենք տները, աշխատատեղերը, դպրոցները։

Այդ ամենի մասին ես խոսել էի մի մարդու հետ, ում ծանոթ էի դեռ պատանեկան տարիներից, դեռևս հիսունականների սկզբից, երբ նա սովորում էր Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում։ Դա Կառլեն Եսայանն էր։ Ինստիտուտի բակում մարզական մի փոքրիկ համալիր կար՝ մարմնամարզական ձողով և այն ժամանակ շատ տարածված երկփթանոց սև ծանրաքարերով։ Տարիներ անց, եթե չասենք՝ տասնամյակներ, մենք նրա հետ հանդիպեցինք ազատագրված Մեծշենում։ Այն ժամանակ նա առաջիններից մեկը այցելեց հայրենիք։ Իհարկե, մենք չէինք կարողանում թաքցնել մեր երջանկությունը։ Հաղթանակի երջանկությունը։ Սակայն, չնայած հաղթանակի իսկական երջանկության շոշափելի զգացողությանը, ես չէի կարող չնկատել անթաքույց տագնապը Կառլենի աչքերում։ Ասենք, նա չէր էլ թաքցնում իր հենց այդ տագնապը։ Տագնապ՝ վաղվա օրվա հանդեպ։ Եվ նա, հիշում եմ, հառաչանքով մի ինչ-որ ճակատագրական նախադասություն արտաբերեց, անավարտ թողնելով էությունը. ՙԲայց չէ՞ որ այս ամենը պետք է վերականգնել, հակառակ դեպքում…՚։ Ես ժպտացի։ Ամեն ինչից երևում էր, որ նա զարմացավ։ Նրան թվաց, թե ժպիտս անհամատեղելի է իր բառերի էությանը։ Իսկ ես, այդ անավարտ նախադասությունը նկատի առնելով, ասացի նրան. ՙՀիշո՞ւմ ես, մենք մանկուց լսել ենք մեծերից, որ ՙավարտուն միտքն ասում են միայն ավանակին՚։ Այդժամ Կառլենն արդեն ինքը ժպտաց, ապա ծիծաղեց։ Իհարկե, ես չէի կարող չիմանալ, որ մենք այլ ելք չունեինք։ Այդ ամենը պետք էր վերականգնել։ Հակառակ դեպքում… ՙՀակառակ դեպքում,- ասաց Կառլենը,- մենք պարզապես հայրենիք ենք կորցնում՚։ Ահա այդպիսին է նա՝ իմ ընկեր Կառլենը։ Ամեն առանձին տուն, ամեն գյուղ անպայման անվանում էր Հայրենիք։ Ես գիտեի, որ նա օր ու գիշեր գտնվում էր իր պոլիկլինիկայում, իսկ ես անվերջանալի գործուղումների և ճանապարհորդությունների մեջ էի։ Եվ ահա 2011 թվականի վաղ աշնանը, շուրջերկրյա նավարկության ավարտից անմիջապես հետո, ես հրավեր ստացա Արցախի նախագահ Բակո Սահակյանից, ինչպես նա ասաց, ՙմասնակցելու տոնին՝ ոչ միայն Մեծշենի համար՚։ Կցանկանայի հիշեցնել, որ դեռևս 2006 թվականին ես բավական հաճախ ու տևականորեն այցելում էի այն ժամանակ արդեն կառուցվող Մեծշեն։ Եվ չէի թաքցնում երջանկությունս։ Չէ՞ որ խոսքն իսկապես Հայրենիքի վերածննդի մասին է։Ես բազմիցս եմ ականատես դարձել մի երևույթի, որում տեսել եմ ռազմավարական և փրկիչ մի ողջ ծրագիր։ Իսկ դա արդեն, իրոք, մարտավարություն չէ, որն իր մեջ ամփոփում է ընդամենը այսօրվա կենսական հարցերի լուծման նախապատրաստությունը։ Դա իսկական ռազմավարություն է, որն ուղղված է հեռանկարին։ Ես հիշեցի Մարտակերտի բրիգադի մարտիկներին, որոնց հետ մենք լուռ ու սրտի ցավով զննում էինք ամայացած, կարելի է ասել, փլատակների մեջ փռված քաղաքը։ Այո, քաղաքը, և ոչ թե՝ գյուղ։ Քանզի չորս ահռելի գերեզմանատները շատ բանի մասին են խոսում։ Եվ հանկարծ տեսնում ես տոնական հագնված ժողովրդին՝ նորակառույց եկեղեցիների, տների, շենքերի, գործարանների, ֆաբրիկաների, մարզադաշտի, ֆուտբոլի դաշտի, մարզահրապարակների խորապատկերին։ Եվ այդ ամենը՝ շնորհիվ նախևառաջ Կառլեն և Սառա Եսայանների։ Այդ օրը այնտեղ էին Արցախի նախագահը, գեներալներ, սպաներ, Հայաստանի գլխավոր դատախազը, հարյուրավոր մեծշենցիներ՝ մանուկների բազմությամբ։ Իմ ուշադրությունը գրավեցին, որ քիչ հեռվում, մի տեսակ համեստ խմբով կանգնած էին Եսայանների ընտանիքի բոլոր անդամները։ Ես ինձ բռնացրի այն մտքի վրա,  որ վաղուց նման շոշափելի երջանկություն չէի զգացել՝ կապված հետպատերազմյան Արցախի հետ, և նույնքան շոշափելիորեն զգում էի սրտիս զարկերի մի ինչ-որ քաղցրություն։ Երջանկությունս չթաքցնելով, ես նայում էի արդեն կառուցված և ակներեևորեն կառուցվել շարունակող լեգենդար Մեծշենին։ Եվ ինչպես այստեղ չկրկնես. ՙԱյդ ամենը՝ Եսայանների շնորհիվ՚։

Իհարկե, Եսայանները միակը չէին։ Անմահություն ոտք դրեցին նաև նրանք, ովքեր վերականգնում էին Շուշին, Գանձասարը, Մատաղիսը, Չափարը, Մարտակերտը (ի դեպ, այստեղ էլ Եսայանները շատ բան են արել), Մաղավուզը, Ակնաբերդը, Թալիշը, ինչպես նաև Հադրութը, Մարտունին, Ասկերանը և այլն։ Եվ այդ ամենի մասին, կասկած չունեմ, կգրեն պատմաբանները, գրողները, լրագրողները։ Չէ՞ որ, իրոք, խոսքը սրբազան ռազմավարության և ազգային գլխավոր խնդրի մասին է։ 

Սակայն պատահական չէ, որ ես, հատկապես հիմա, անդրադարձա  կոնկրետ Եսայանների զարմանալի սխրանքին։ Անցած՝ 2016 թվականի աշնան ճիշտ կեսին զանգվածային լրատվամիջոցները  շատ և բավական հանգամանորեն գրեցին Եսայանների ընտանիքի հանգուցյալ ղեկավարի՝ Կառլեն Եսայանի պատվին հուշարձան կանգնեցնելու մասին։ Ինչպես հայտնի է, տարիներ առաջ Կառլեն Եսայանի ջանքերով հուշարձան էր կանգնեցվել Հայրենական մեծ պատերազմի ճակատներում 1941-1945 թվականներին զոհվածների պատվին։ Եվ նույնպիսի հուշարձան էր տեղադրվել նաև Արցախյան պատերազմում զոհված մեծշենցիների համար։ Մենք չէ, որ պիտի ասենք՝ հուշարձան բառի արմատը հուշն է։ Սակայն սրանով չի ավարտվում Եսայանների ընտանիքի սխրանքը։ Ես խորապես համոզված եմ, որ առանց հուշաթերթիկի պարզապես անհնար է թվարկել այն ամենը, ինչ արդեն ստեղծվել է և տեղադրվել։ Եվ շատ լավ գիտեմ այդ վեհաբարո ընտանիքի բազմաթիվ ծրագրերի մասին։

Լիովին ծանոթանալով այն ամենին, ինչ արված է, ստեղծված է Եսայաններ ընտանիքի կողմից, ես հասկացա, որ եթե թվարկենք առանց բացառության բոլոր աշխատանքները, վերականգնումները և նոր հուշարձանների ստեղծումը, ապա դրա համար պետք է, ես կասեի, պարզապես արդեն ուրիշ ժանր։ Չէ՞ որ խոսքը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի հանրապետության մասին է։ Նույնիսկ՝ Նախիջևանի։ Այո՜։ Այո, հենց Նախիջևանի։ 2015 թվականին Սուրբ Հովհաննես եկեղեցու կենտրոնական մուտքի երկու կողմերում տեղադրվեցին Նախիջևանի խաչքարերի պատճենները։ Խոսքը համաշխարհային փոքր ճարտարապետության գլուխգործոցների մասին է, որոնք ադրբեջանական բարբարոսների և վանդալների կողմից վերածվել էին խճաքարի։ Մնում է ավելացնել, որ նման սրբազան աշխատանքներ Եսայանների կողմից իրագործվել են ևս շատ եկեղեցիների մուտքերի մոտ։

Գրելով այս հոդվածը, ես հընթացս հասկացա և գիտակցեցի, որ ժանրը, որի մասին խոսվեց սկզբում, ոչ մի կերպ չի տեղավորվում լրագրային էջերի շրջանակներում։ Ես կասեի, որ խոսքը գրքի մասին է, մենագրության։ Չէ՞ որ պետք է յուրաքանչյուր նյութի կամ նույնիսկ նյութերի համալիրի մասին պատմել գիտականորեն մանրամասն ու հանգամանալի, քանզի խոսքն էության, իսկական սխրանքի մասին է։

Բավական է բերել միայն մեկ օրինակ։ Երևանում հաճախ կարելի է լսել, որ Նորքի առաջին զանգվածում տեղադրվել է Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանը։ Ի դեպ, և ի երջանկություն, Հայաստանում դա առաջին հուշարձանը չէ նորվեգացի մեծ հետազոտողի, ճանապարհորդի, ռազմագերիների և փախստականների գործերով Ազգերի լիգայի կոմիսարի պատվին։ Ո՞վ չի հիշում Ցեղասպանության զոհ հարյուր հազարավոր հայերի փրկության՝ նանսենյան լեգենդար անձնագրերի մասին։ Այնպես որ՝ պատահական չէր, որ Եսայանների ընտանիքն էլ հուշարձան կանգնեցրեց Ֆրիտյոֆ Նանսենի պատվին։ Սակայն նրանք, ովքեր տեսել են մեծ հումանիստի հսկայական, ես կասեի, բառացի իմաստով՝ լուսավոր արձանը, կանգնած ողջ հասակով, չգիտեն, որ խոսքը եզակի համալիրի մասին է, որը մարմնավորում է Ցեղասպանությունից հետո Հայաստանի վերածնության փաստը։ Դրանք են Սուրբ Տիրամայր և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ աննման եկեղեցիները։ Մեսրոպ Մաշտոցի և Վարդան Մամիկոնյանի հուշարձանները։ Այնտեղ կա ամեն ինչ, կապված ազգային հիշողության հետ։ Դա և՜ 1915 թվականն է, և՜ 1988 թվականի Երկրաշարժը, և՜ հիշատակն այն հերոսների, ովքեր իրենց կյանքը զոհեցին Ղարաբաղի ազատագրման համար։ Գիրք-հուշարձանը և բրոնզե հուշարձանը ժուռնալիստին, ով ճեղքում է քարաբեկորը, պատմելու համար ճշմարտությունը։ Եվ  շատ այլ բաներ։ Եվ այդ ամենը առարկայացած հուշ է։ Հուշարձան բառի արմատը։ Ինձ համար շատ կարևոր է և այն, որ ՙՖրիտյոֆ Նանսեն՚ անվանումը ստացած ճարտարապետական համալիրի երկու կողմերում Եսայանների ընտանիքը երեխաների համար ստեղծել է մեկ այլ համալիր՝ մարզաբուժական, առողջությունը մարմնավորող սպորտային գույքով։

Ի դեպ, առողջության մասին։ 2016 թվականի վերջին Քանաքեռ-Զեյթուն թաղամասում Հրաչյա Ներսիսյան փողոցում հանդիսավորությամբ բացվեց Եսայանների կողմից, ըստ էության, նորից կառուցված պոլիկլինիկան՝ հագեցած ժամանակակից բժշկական սարքավորմամբ։ Պոլիկլինիկան կրում է Կառլեն Եսայանի անունը և պետական սեփականություն է։ 

Կառլեն Եսայանի պես մարդկանց մասին է, որ ասվել է դեռևս հեռավոր անցյալում. ՙՄեռածների կյանքը շարունակվում է ապրողների հիշողության մեջ՚։ 

 

Զորի ԲԱԼԱՅԱՆ