[ARM]     [RUS]     [ENG]

ՖՐԱՆՍԱՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ

ԼՂՀ առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոնում հերթական անգամ ֆրանսիական ՙՀայ-մեդ՚ մարդասիրական ասոցիացիայի նախաձեռնությամբ ապրիլի 10-14-ը կազմակերպվեց ՙԲաց դռների՚ օր։ Ասոցիացիայի նախագահ, անեստեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան Միշել Էրքերյանը, ուրոլոգ Շանթ Բալյանը, բուժքույր Վալեղի Սայաղանը և նշյալ կառույցի ներկայացուցիչ Արման Սանոսյանը Ստեփանակերտում և հանրապետության տարբեր շրջաններում անվճար իրականացրին հիվանդների ընդունելություններ, խորհրդատվություններ ու վիրահատություններ։ 

 Ֆրանսահայ մասնագետներն Արցախի առողջապահական համակարգի բուժաշխատողներին ներկայացրին ուրոլոգիայի և անեստեզիոլոգիայի ոլորտների նորագույն մեթոդները, բուժօգնության եվրոպական չափանիշները։ Այդ ամենին զուգահեռ նրանք տեղերում տրամադրեցին դեղորայք և բժշկական անհրաժեշտ պարագաներ։ 

Ֆրանսիական այս կազմակերպությունը տարիներ ի վեր համագործակցում է ԼՂՀ առողջապահության նախարարության հետ և պարբերաբար ցուցաբերում ոչ միայն մասնագիտական, այլ նաև մարդասիրական տարաբնույթ օժանդակություն։ Ժան Միշել Էրքերյանի պարզաբանմամբ՝ Արցախում  ՙՀայ-մեդ՚-ն իրականացնում է վիրաբուժական, վերակենդանացման, ռեանիմատոլոգիական, ուրոլոգիական և հարակից նեղ մասնագիտություններին վերաբերող ծրագրեր։ Այս անգամ, բացի բուժօգնությունից և բժշկական պարագաների նվիրատվություններից, նրանք անց են կացրել  դասախոսություններ՝ եվրոպական չափանիշներով բուժսպասարկման թեմայով։ 

Ֆրանսիացի մասնագետները, լինելով Արցախի շրջանների առանձին գյուղերում, ծանոթացել են բուժկետերի աշխատանքներին, առկա բժշկական պարագաներին ու խնդիրներին։ Ամեն անգամ նրանք տեղեկանալով անհրաժեշտ դեղորայքի, բժշկական պարագաների պահանջարկին՝ հերթական այցելության ժամանակ լրացնում են պակասը։ Կազմակերպությունն իրականացնում է նաև համայնքային բուժկետերի վերանորոգման աշխատանքներ։ ՙՏարեցտարի, ըստ անհրաժեշտության և մեր հնարավորությունների, փորձում ենք օժանդակել Արցախի առողջապահության ոլորտին, որպեսզի առկա խնդիրները հեշտությամբ լուծվեն։ Մեր ծրագրերին ընդգրկում ենք նաև ֆրանսիացի բուժաշխատողների՚,-նշեց Ժան Միշել Էրքերյանը։ 

Տեղի մասնագետների հետ ֆրանսիացի բժիշկները կատարեցին համատեղ վիրահատություններ, որոնց ընթացքում պարզաբանվեցին եվրոպական չափանիշներով իրականացվող վիրահատական միջամտությունները։ Ասոցիացիայի նախագահի խոսքով՝ նշյալ վիրահատությունների համար ոչ բոլոր պայմաններն ու սարքավորումներն են առկա, սակայն տեղի բժիշկները  ուշիմ, հոգատար և պարտաճանաչ են իրենց գործունեության մեջ։ ՙՎերադառնալով Ֆրանսիա,  միշտ հորդորում ենք մյուսներին, որ գան Արցախ և միասնաբար օգնեն արցախցիներին, ավելի մոտիկից շփվեն մարդասեր, հյուրասեր այս ժողովրդի հետ՚,-հավելեց Ժան Միշելը։ 

ՙՀայ-մեդ՚-ի այս ծրագրով ֆրանսուհի Վալեղի Սայաղան ցանկություն է հայտնել այցելել Արցախ և օժանդակել մարդասիրական աշխատանքներին։ Նա նույնպես եղել է շրջաններում, ծանոթացել բուժկետերի վիճակին և ցուցաբերել իր օգնությունը տեղացիներին։ Վ. Սայաղան  զգացված է արցախցիների ընդունելությունից, հյուրասիրությունից և զարմացած, որ արցախցիները ոչ խաղաղություն և ոչ պատերազմ իրավիճակում շարունակում են ապրել, արարել  և պայքարել յուրաքանչյուր դժվարության հաղթահարման համար։ ՙԻնձ հաճելիորեն հիացրել են արցախցիները, նրանք արտակարգ ժողովուրդ են ու` կարևորը` պահպանել են մարդկայնությունը։ Սարքավորումներն ու դեղորայքը կարելի է հայթայթել և լրացնել պակասը, բայց մարդկային արժեքներ ունենալը կարևորագույնն է։ Եվ այդ արժեքները պահպանում են արցախցիներիը՚,-ասաց Վ. Սայաղան։ 

Ֆրանսիական այս կազմակերպության հետ շարունակական համագործակցության շրջանակներում հնարավորինս կկազմակերպվեն տարբեր ծրագրեր, որպեսզի համատեղ հասնեն մասնագիտական բարձր որակավորման, Արցախում ժամանակակից բժշկագիտության համահունչ պայմանների։

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ