ՄԵԿ ԳԻՇԵՐ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐՈՒՄ
Մարտի 26-ից ապրիլի 2-ը 23 հոգուց բաղկացած խումբը Արցախից ուխտագնացության մեկնեց Երուսաղեմ:
Դա արցախցիների առաջին խմբովին այցելությունն էր Սուրբ Երկիր: Լինել այնտեղ, որտեղ տեղի են ունեցել աստվածաշնչյան իրադարձությունները, որտեղ հայկական ներկայությունը գնում է մինչև վաղնջական ժամանակները, որտեղ ամեն պահի հպվում ես պատմությանը, շատերն են երազում: Այստեղ ապրած ամեն ակնթարթի մասին առանձին պատմություն կարելի է գրել: Հաշվի առնելով, որ քրիստոնեական աշխարհի ամենասքանչելի տոնի` Սուրբ Հարության տոնի նախաշեմին ենք, որոշեցինք նախ ներկայացնել Սուրբ Հարության տաճարը, որտեղ գտնվում է Հիսուս Քրիստոսի գերեզմանը և որից հարություն առավ Փրկիչը:Մենք մեկ գիշեր անցկացրինք տաճարում: Այդտեղ հասանք այն պահին, երբ պետք է դռները փակվեին: Իսկ այդ ժամն անփոփոխ է` ամեն երեկոյան ութ անց կես: Դա արարողակարգ է, որ կատարվում է դարերով: Ուխտավորների խմբերը հատուկ գալիս են դրսից դիտելու այդ տեսարանը: Նույն արարողությամբ եկեղեցու դռները բացվում են առավոտյան ժամը 5-ին:
Ամեն գիշեր ժամը 12-ից մինչև առավոտյան 7-ը նախ` հույները, ապա` հայերը, հետո` կաթոլիկները Ս. Պատարագ են մատուցում Քրիստոսի Ս. Գերեզմանի վրա: Հայր Վազգենի ուղեկցությամբ շրջեցինք տաճարում` կանգ առնելով Քրիստոսի չարչարանքներին և տնօրինական այլ հիշատակներին նվիրված սրբատեղիներում, որտեղ հայերը այցելում են շաբաթվա երեք օրը` ուրբաթ, շաբաթ, կիրակի, երեկոյան թափոր կազմելով` Ավետարանի ընթերցմամբ, երգեցողությամբ: Մեր շրջագայությունը սկսեցինք այնտեղից, որտեղ, ըստ ավանդության, Հիսուսի 4-րդ բանտն էր, երբ արդեն խաչելության ժամերը մոտենում էին, և նրան այդտեղ պահեցին 2 ավազակների հետ: Ներկայում այն նորոգության մեջ է: Մեր հեռախոսների լույսի օգնությամբ ճաղերի արանքից նշմարեցինք 3 խուց, որտեղ Հիսուսին պահել են` մինչև պատրաստվեն խաչելության գործիքները: Այդ մասը հույներին է պատկանում: Այստեղ է գտնվում Աստվածածնի մրոտ, յուղոտ սրբապատկերը: Վկայություններ կան, որ երբ աղոթում ես խորը, հավատքով, սրբապատկերի աչքից արցունք է գալիս:
Եվս մեկ հունական խորան, որն անվանված է այն կույր զինվորի պատվին, ով ստիպողաբար խոցեց Հիսուսի կողը։ Եվ երբ ժայթքած արյունից նրա աչքերը բացվում են, նա, ծնկի գալով, խոստովանում է, որ Հիսուսը, իրոք, Աստծո որդին է: Դրա համար նրան գլխատում են, բայց նա ունենում է բազում հետևորդներ և դասվում է սրբերի շարքը:
Մյուսը, որը կոչվում է Հանդերձից բաժանման խորան, պատկանում է հայերին: ՙԲաժանեցին զհանդերձս իմ իւրեանս և ի վերայ պատմուճանի իմոյ վիճակս արկանեին՚. կարդում ենք խորանի վրա: Դա Հիսուսի մարգարեություններից մեկն էր, որն ասում է` պետք է փորձեն բաժանել, բայց չկարողանան:
Այդտեղից իջնում ենք Ս. Գրիգոր Լուսավորչի եկեղեցի, որտեղ նա 7 տարի ճգնել է: Պատկանում է հայերին, և այդտեղ են նրանք արարողություններ կատարում:
Նորից հունական խորան է, որտեղ այն սյուներից մեկն է, որի վրա Հիսուսին նստեցրին, ծաղրուծանակի ենթարկեցին, գլխին փշե պսակ դրին: Պատմում են, որ երբ մայրապետները ականջները դնում են այդ քարին, հեծեծանքի ձայներ են լսում: Այդպիսի սյուներ տեսանք տարբեր տեղերում: Սյուները շատ են, որովհետև չարչարանքի 4 բանտ է եղել` յուրաքանչյուրն իր սյուներով: Հետևի խորանը` հայերին պատկանող, անվանվում է Ս. Վարդան, որը գտնվում է Գողգոթայի ստորոտում:
Բարձրանում ենք խաչելության վայր` Գողգոթա: Շատ բարձր, ուղղաձիգ աստիճաններ են, դժվար բարձրանալի: Խորհուրդ ունի, անշուշտ: Խաչի ճանապարհը փշոտ է, բայց, ի տարբերություն այն ժամանակների, հիմա փշոտ չէ, ուղղակի դժվար է: Խորանը հայերին է պատկանել մինչև 15-րդ դարը: Սուլթանական շրջանում հայերն ի վիճակի չէին բարձր հարկերը վճարել, խորանը ձեռքից ձեռք է անցել, և այսօր պատկանում է հույներին:
Աստվածածնի խորանում սիրտ է պատկերված, սուր է խոցված Մարիամ Աստվածածնի մարմնի մեջ: Մեր բոլոր աղոթքներում Աստվածամոր բարոյախոսությունն ունենք, խորաններում միշտ Աստվածամայրն է պատկերված:
Հաջորդը Տարածման խորանն է, այդպես է կոչվում, որովհետև տարածեցին Հիսուսին խաչի վրա: Կաթոլիկներն այստեղ ամեն օր պատարագ են մատուցում:
Պատանատեղին է: Միշտ բուրում է: Ըստ ավանդության` արյունաքամ Հիսուսը իջեցվեց խաչից, օծվեց նրա մարմինը, մաքրվեց անուշահոտ յուղերով, խնկով և փաթաթվեց, որպեսզի տեղադրվի գերեզմանում: Այստեղից, ասում են, ժամանակին անուշահոտ բույր է բխել և մինչ օրս այն պահպանվում է: Մարդիկ են բերում անուշահոտ յուղը, լցնում վրան, բայց ժամանակին, հավանաբար, տեղի է ունեցել այդ հրաշքը: Ուխտավորները սուրբ իրեր, շորեր են բերում այստեղ օծում:
Աստվածածնի ուշաթափման խորանն է, պատկանում է հայերին: Պատմում են, որ այդտեղից Աստվածածինը, տեսնելով խաչված որդուն, ուշաթափվել է:
Հիսուս Քրիստոսի գերեզմանը ամենասուրբ վայրն է ամբողջ աշխարհի քրիստոնյաների համար, որովհետև հարությունն է քրիստոնեության բուն հավատքի կորիզը: Հայերն էլ հարության ազգ են, միշտ հարություն են առել տանջանքներից:
Խորանի մուտքի վրա` կենտրոնական մասում, մեր Լուսավորչի կանթեղն է: Գրիգոր Լուսավորիչը, որը, ինչպես նշվեց, 7 տարի ճգնել է այս վայրում, ավարտին գալիս է Տիրոջ գերեզմանի առջև ծնկաչոք, լացակումած աղոթում: Ի նշան իր ճգնության և հարության` հրաշք է տեղի ունենում` վառվում է կանթեղը: Եվ այդ հրաշքից է բխում մինչ օրս կատարվող ճրագալույցի արարողությունը: Ս. Գերեզմանի խորանի պատերին կա 2 անցք, որտեղից հայ և հույն հոգևորականները հանում են մոմով լույսը: Հունաց պատրիարքը և հայ վարդապետն են մտնում: Միայն երկուսով պիտի ներկա լինեն ներսում: Անշուշտ, մեզ համար մեծ պատիվ է, որ հայը մասնակից է լինում լուսահանությանը: Մենք, որ փոքր ածու ենք հզորների մեջ, պատիվ ունենք մեր ամենօրյա պատարագները, աղոթքները մատուցելու Քրիստոսի գերեզմանի վրա` հարության հույսով:
Սուրբ, նվիրական տեղերով քայլելը, մոտիկից տեսնելը, շոշափելը իրարամերժ զգացումներ են առաջացրել յուրաքանչյուրիս մեջ: Հիրավի, կարծես, Աստծուն տեսած լինեինք, նրա չարչարանքները զգացած, նրա հետ տառապած: Բոլորս մեր աղոթքները հղեցինք ամենամեծ սրբավայրում նախ` Արցախ աշխարհի խաղաղության, սահմանում կանգնած զինվորի համար, ապա մեր սրտի փափագը հայտնեցինք:
Մեզանից բացի էլի ուխտավորներ կային` այլ ազգերի, որոնք իրենց սրբատեղիներում էին աղոթք մրմնջում:
Գիշերվա ժամը երկուսին հնչում են հայոց զանգերը: Հայերը ժամերգություն են անցկացնում: Ծունկի ենք գալիս, ՙՏեր ողորմյան՚ է երգվում, աղոթում ենք միասնաբար: Շատ խորհրդավոր, ազդեցիկ արարողություն է` լացելու աստիճան, որ նման սուրբ վայրում հնչում է հայ աղոթքը, հայ շարականը հայեցի ձևով, և դա տալիս է մեզ հպարտություն, ուժ, նորոգվելու հնարավորություն. ոնց որ զարթոնք ապրես: Ամեն Աստծո գիշեր Ս. Գերեզմանի վրա, երբ ամբողջ ազգը քնի մեջ է, մեր հոգևոր հայրերը աղոթում են բոլորի համար:
Առավոտյան ժամը 5-ին բացվում են Տաճարի դռները, և ուխտավորները ներս են լցվում: Դա լինում է հայերի Ս. Պատարագի ժամը, այսինքն` կաթոլիկ, ուղղափառ հավատացյալները ամեն առավոտ Հարության տաճար են մտնում հայոց խոսքի ներքո: Դա էլ մեզ` հայերիս համար, հպարտության առիթ է. ինչքա՛ն մեծ հոգևոր իշխանություն ունենք այստեղ:
Երկու օր անց, երբ Հայր Թեոդորոսը մկրտում էր մեր ուխատավորներից մեկին, մի հետաքրքիր դիտարկում արեց. ՙԱյն գիշերից, որ դուք հսկեցիք Քրիստոսի գերեզմանը, մեկ տարի առաջ, Արցախում պատերազմ սկսվեց: Ապրիլյան այդ օրերին Քրիստոսի գերեզմանի առաջ ծնկած աղոթում էինք Արցախի համար: Թող Տիրոջ ողորմությունը, խաղաղությունը, օրհնությունը, պահպանությունն իջնեն մեր ժողովրդի, մեր սահմանների, զինվորների, մանուկների և մեր հերոսական ժողովրդի վրա: Այն ոգուց, կամքից, որ ունենք, առավել հավատն է Աստծո նկատմամբ: Եթե Աստված մեզ հետ է, ոչ ոք չի կարող մեզ հակառակ կանգնել: Օտարները չեն հասկանում, ասում են` ինչպե՞ս կարող է դա պատահել, ինչպես՞ հայերը դրան հասան: Բայց մենք հասկանում ենք, որ դա Աստծո պարգևն է, իսկ Աստված իր պարգևը տալիս է պարգևի արժեքը հասկացող մարդուն՚:
Սուրբ Հարության տաճարից դուրս եկանք այն զգացողությամբ, որ մեր հոգևոր սահմաններն ամուր են, իշխանությունը` մեծ: Միլիարդանոց կաթոլիկների, 700-800 մլն ուղղափառների հետ, որոնց եկեղեցիները վայելում են հզոր երկրների հովանավորությունը, հայերը, փոքր ազգ լինելով հանդերձ, հավասար իրավունքներով քայլում են հոգևոր տիրույթում: Մնում է, որ մեր միասնությամբ, ազգային մտածողությամբ նույնը կարողանանք անել աշխարհիկ կյանքում, ինչպես դա եղել է շատ դարեր առաջ, ինչպես դա կարողացան անել նոր ժամանակներում իսրայելցիները:
Ստեփանակերտ-Երուսաղեմ-Ստեփանակերտ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ