Logo
Print this page

ՄԵԿ ԳԻՇԵՐ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐՈՒՄ

Մարտի 26-ից ապրիլի 2-ը 23 հոգուց բաղկացած  խումբը  Արցախից ուխտագնացության մեկնեց  Երուսաղեմ:

Դա արցախցիների առաջին խմբովին այցելությունն էր Սուրբ Երկիր:  Լինել այնտեղ, որտեղ տեղի են ունեցել աստվածաշնչյան իրադարձությունները, որտեղ հայկական ներկայությունը գնում է  մինչև   վաղնջական ժամանակները, որտեղ ամեն պահի հպվում  ես պատմությանը, շատերն են երազում: Այստեղ ապրած ամեն  ակնթարթի մասին  առանձին պատմություն  կարելի է գրել: Հաշվի առնելով, որ քրիստոնեական աշխարհի ամենասքանչելի տոնի` Սուրբ  Հարության տոնի նախաշեմին ենք, որոշեցինք նախ ներկայացնել  Սուրբ Հարության տաճարը, որտեղ գտնվում է Հիսուս Քրիստոսի գերեզմանը և որից հարություն առավ Փրկիչը:Մենք  մեկ  գիշեր անցկացրինք տաճարում: Այդտեղ  հասանք այն պահին, երբ  պետք է դռները փակվեին: Իսկ այդ ժամն անփոփոխ է`  ամեն երեկոյան  ութ անց կես: Դա  արարողակարգ է, որ կատարվում է դարերով: Ուխտավորների  խմբերը հատուկ գալիս են  դրսից դիտելու այդ տեսարանը: Նույն  արարողությամբ եկեղեցու դռները բացվում են առավոտյան ժամը 5-ին: 

Ամեն գիշեր ժամը 12-ից մինչև առավոտյան 7-ը նախ` հույները, ապա` հայերը, հետո` կաթոլիկները Ս. Պատարագ են մատուցում Քրիստոսի Ս. Գերեզմանի վրա:  Հայր Վազգենի ուղեկցությամբ շրջեցինք տաճարում` կանգ առնելով  Քրիստոսի չարչարանքներին և տնօրինական այլ հիշատակներին նվիրված սրբատեղիներում, որտեղ հայերը այցելում են շաբաթվա երեք օրը` ուրբաթ, շաբաթ, կիրակի, երեկոյան թափոր կազմելով` Ավետարանի ընթերցմամբ, երգեցողությամբ:  Մեր շրջագայությունը սկսեցինք  այնտեղից, որտեղ, ըստ ավանդության, Հիսուսի 4-րդ բանտն էր, երբ արդեն խաչելության ժամերը մոտենում էին, և նրան այդտեղ պահեցին 2 ավազակների հետ: Ներկայում այն  նորոգության մեջ է: Մեր հեռախոսների լույսի օգնությամբ ճաղերի արանքից նշմարեցինք 3 խուց, որտեղ Հիսուսին պահել են` մինչև պատրաստվեն խաչելության գործիքները: Այդ մասը հույներին է պատկանում: Այստեղ է գտնվում Աստվածածնի մրոտ, յուղոտ  սրբապատկերը: Վկայություններ կան, որ երբ աղոթում ես խորը, հավատքով, սրբապատկերի աչքից արցունք է գալիս: 

Եվս մեկ հունական խորան, որն անվանված է այն կույր զինվորի պատվին, ով ստիպողաբար խոցեց Հիսուսի կողը։ Եվ երբ  ժայթքած  արյունից նրա աչքերը բացվում են,  նա, ծնկի գալով, խոստովանում է, որ Հիսուսը, իրոք, Աստծո որդին է: Դրա համար նրան գլխատում են, բայց նա ունենում է բազում հետևորդներ և դասվում է սրբերի շարքը: 

Մյուսը, որը կոչվում է Հանդերձից բաժանման խորան, պատկանում է հայերին: ՙԲաժանեցին զհանդերձս իմ իւրեանս և ի վերայ պատմուճանի իմոյ վիճակս արկանեին՚. կարդում ենք խորանի վրա:  Դա Հիսուսի մարգարեություններից մեկն էր, որն ասում է` պետք է փորձեն բաժանել, բայց չկարողանան: 

 Այդտեղից իջնում ենք Ս. Գրիգոր Լուսավորչի եկեղեցի, որտեղ նա 7 տարի ճգնել է: Պատկանում է հայերին, և  այդտեղ են նրանք արարողություններ կատարում:

Նորից հունական խորան է, որտեղ այն սյուներից մեկն է, որի վրա Հիսուսին նստեցրին, ծաղրուծանակի ենթարկեցին, գլխին փշե պսակ դրին: Պատմում են, որ երբ մայրապետները ականջները դնում են այդ քարին,  հեծեծանքի ձայներ են լսում: Այդպիսի սյուներ տեսանք տարբեր տեղերում: Սյուները շատ են, որովհետև չարչարանքի 4 բանտ է եղել` յուրաքանչյուրն  իր սյուներով: Հետևի խորանը` հայերին պատկանող,  անվանվում է Ս. Վարդան, որը գտնվում է Գողգոթայի ստորոտում:

Բարձրանում ենք խաչելության վայր` Գողգոթա:  Շատ բարձր,  ուղղաձիգ աստիճաններ են, դժվար բարձրանալի: Խորհուրդ ունի, անշուշտ: Խաչի ճանապարհը փշոտ է, բայց, ի տարբերություն այն ժամանակների, հիմա փշոտ չէ, ուղղակի դժվար է:  Խորանը  հայերին է պատկանել մինչև 15-րդ դարը: Սուլթանական շրջանում հայերն ի վիճակի չէին բարձր հարկերը վճարել, խորանը  ձեռքից ձեռք է անցել, և այսօր պատկանում է հույներին:

Աստվածածնի խորանում սիրտ է  պատկերված,  սուր է խոցված Մարիամ Աստվածածնի մարմնի մեջ: Մեր բոլոր աղոթքներում Աստվածամոր բարոյախոսությունն ունենք, խորաններում միշտ Աստվածամայրն է պատկերված:

 Հաջորդը  Տարածման խորանն է,  այդպես է կոչվում, որովհետև տարածեցին Հիսուսին խաչի վրա: Կաթոլիկներն այստեղ ամեն օր պատարագ են մատուցում:

Պատանատեղին է: Միշտ բուրում է: Ըստ  ավանդության` արյունաքամ Հիսուսը իջեցվեց խաչից, օծվեց նրա մարմինը, մաքրվեց անուշահոտ յուղերով, խնկով և փաթաթվեց, որպեսզի տեղադրվի գերեզմանում:  Այստեղից, ասում են, ժամանակին անուշահոտ բույր է բխել և մինչ օրս այն պահպանվում է:  Մարդիկ են  բերում անուշահոտ յուղը, լցնում  վրան, բայց ժամանակին, հավանաբար, տեղի է ունեցել այդ հրաշքը: Ուխտավորները սուրբ իրեր, շորեր են բերում  այստեղ  օծում:

Աստվածածնի ուշաթափման խորանն է, պատկանում է հայերին: Պատմում են, որ այդտեղից Աստվածածինը, տեսնելով խաչված որդուն, ուշաթափվել է: 

 Հիսուս Քրիստոսի գերեզմանը ամենասուրբ վայրն է ամբողջ աշխարհի քրիստոնյաների համար, որովհետև հարությունն է քրիստոնեության բուն հավատքի կորիզը: Հայերն էլ   հարության ազգ են, միշտ հարություն են առել  տանջանքներից: 

Խորանի մուտքի վրա` կենտրոնական մասում, մեր Լուսավորչի կանթեղն է: Գրիգոր Լուսավորիչը, որը, ինչպես նշվեց, 7 տարի ճգնել  է այս վայրում,  ավարտին գալիս է Տիրոջ գերեզմանի առջև ծնկաչոք, լացակումած աղոթում: Ի նշան իր ճգնության և հարության` հրաշք է տեղի ունենում` վառվում է կանթեղը: Եվ այդ հրաշքից է բխում մինչ օրս կատարվող ճրագալույցի արարողությունը: Ս. Գերեզմանի խորանի պատերին կա 2 անցք, որտեղից  հայ և հույն հոգևորականները հանում են  մոմով լույսը: Հունաց պատրիարքը և հայ  վարդապետն են մտնում: Միայն երկուսով  պիտի ներկա լինեն ներսում: Անշուշտ, մեզ համար մեծ պատիվ է, որ հայը մասնակից է լինում լուսահանությանը: Մենք, որ փոքր ածու ենք հզորների մեջ,  պատիվ ունենք  մեր ամենօրյա պատարագները, աղոթքները մատուցելու Քրիստոսի գերեզմանի վրա`  հարության հույսով:

 Սուրբ, նվիրական  տեղերով քայլելը,  մոտիկից տեսնելը, շոշափելը իրարամերժ զգացումներ են առաջացրել յուրաքանչյուրիս մեջ: Հիրավի, կարծես, Աստծուն տեսած լինեինք, նրա չարչարանքները զգացած, նրա հետ տառապած: Բոլորս մեր աղոթքները  հղեցինք  ամենամեծ սրբավայրում նախ` Արցախ աշխարհի խաղաղության, սահմանում կանգնած զինվորի համար, ապա մեր  սրտի փափագը  հայտնեցինք: 

Մեզանից բացի էլի ուխտավորներ կային` այլ ազգերի, որոնք իրենց սրբատեղիներում էին աղոթք մրմնջում: 

Գիշերվա ժամը երկուսին հնչում են հայոց  զանգերը: Հայերը ժամերգություն են անցկացնում: Ծունկի ենք գալիս, ՙՏեր ողորմյան՚ է երգվում, աղոթում ենք միասնաբար: Շատ խորհրդավոր, ազդեցիկ արարողություն է`  լացելու աստիճան, որ նման սուրբ վայրում հնչում է հայ աղոթքը, հայ շարականը հայեցի ձևով, և դա տալիս է մեզ հպարտություն, ուժ, նորոգվելու հնարավորություն. ոնց որ զարթոնք ապրես: Ամեն Աստծո գիշեր Ս.  Գերեզմանի վրա, երբ ամբողջ ազգը քնի մեջ է, մեր հոգևոր հայրերը աղոթում են բոլորի համար: 

 Առավոտյան  ժամը 5-ին բացվում են Տաճարի  դռները, և ուխտավորները ներս են լցվում: Դա լինում է հայերի Ս. Պատարագի ժամը, այսինքն` կաթոլիկ, ուղղափառ հավատացյալները ամեն առավոտ Հարության տաճար են մտնում հայոց խոսքի ներքո: Դա էլ մեզ` հայերիս համար, հպարտության առիթ է. ինչքա՛ն մեծ հոգևոր իշխանություն ունենք այստեղ: 

 Երկու օր անց, երբ Հայր Թեոդորոսը մկրտում էր մեր ուխատավորներից մեկին,  մի հետաքրքիր դիտարկում արեց. ՙԱյն գիշերից, որ դուք հսկեցիք Քրիստոսի գերեզմանը,  մեկ տարի առաջ,  Արցախում պատերազմ սկսվեց: Ապրիլյան այդ օրերին Քրիստոսի  գերեզմանի առաջ  ծնկած աղոթում էինք  Արցախի համար: Թող Տիրոջ ողորմությունը, խաղաղությունը, օրհնությունը, պահպանությունն իջնեն մեր ժողովրդի, մեր սահմանների, զինվորների, մանուկների և մեր հերոսական ժողովրդի վրա: Այն ոգուց, կամքից, որ ունենք, առավել  հավատն է Աստծո նկատմամբ:  Եթե Աստված մեզ հետ է, ոչ ոք չի կարող մեզ հակառակ կանգնել: Օտարները չեն հասկանում, ասում են` ինչպե՞ս կարող է դա պատահել, ինչպես՞ հայերը դրան հասան: Բայց մենք հասկանում ենք, որ դա  Աստծո պարգևն է, իսկ Աստված իր պարգևը տալիս է պարգևի արժեքը հասկացող մարդուն՚:

Սուրբ Հարության տաճարից դուրս եկանք այն զգացողությամբ, որ մեր հոգևոր սահմաններն ամուր են,  իշխանությունը` մեծ: Միլիարդանոց կաթոլիկների, 700-800 մլն ուղղափառների հետ, որոնց եկեղեցիները վայելում են հզոր երկրների հովանավորությունը, հայերը, փոքր ազգ լինելով հանդերձ, հավասար իրավունքներով քայլում են հոգևոր տիրույթում:  Մնում է, որ մեր միասնությամբ, ազգային մտածողությամբ  նույնը կարողանանք անել աշխարհիկ կյանքում, ինչպես դա եղել է շատ դարեր առաջ, ինչպես դա կարողացան անել նոր ժամանակներում իսրայելցիները:  

 

Ստեփանակերտ-Երուսաղեմ-Ստեփանակերտ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.