ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԵՏ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ապրիլի 14-ին ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հերթական հանդիպումն է կազմակերպել հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պաշտպանը բարձր է գնահատել արդեն ավանդական դարձած այդ հանդիպումներն ու դրանց արդյունքում իրականացված աշխատանքը:
Ըստ Ռ. Մելիքյանի` Արցախի քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ փոխգործակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) հաստատության համար ռազմավարական ուղղություն է, քանի որ Պաշտպանը հավատարիմ է մարդու իրավունքների ազգային հաստատությունների այն մոդելին, որով օմբուդսմենի գրասենյակը դառնում է քաղաքացիական հասարակության և պետական ապարատի միջև յուրատեսակ միջնորդ կառույց: Այս ուղղությամբ Պաշտպանն ակտիվ գործունեություն է իրականացրել պահպանելու և զարգացնելու Արցախի քաղաքացիական հասարակության կառույցների հետ երկխոսությունը: Քաղաքացիական հասարակության հետ երկկողմանի կապերի զարգացման նպատակով Աշխատակազմը հաշվետու տարում համալրվել է նոր աշխատակցով, ով կատարում է քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատուի պարտականությունները: Այդ կապերը խորացնելուն են ուղղված Պաշտպանի և աշխատակազմի պատասխանատուի այցելությունները հասարակական կազմակերպությունների գրասենյակներ:
Հանդիպման ընթացքում օմբուդսմենը նաև ներկաներին մանրամասներ է պատմել վերջերս Եվրոպա և ԱՄՆ կատարած աշխատանքային այցելությունների ընթացքից: Բանախոսը համաձայնեց, որ հանրապետության միջազգայնորեն չճանաչված լինելն արցախյան ՀԿ-ների համար միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության առումով լուրջ դժվարություններ է ստեղծում: Նա այն համոզմունքը հայտնեց, որ այսօրվա իրավիճակում չափազանց կարևոր է հասարակական հատվածի ակտիվությունը` Արցախը որպես քաղաքակիրթ արժեքներով առաջնորդվող հասարակություն ունեցող պետություն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու առումով:
Անդրադառնալով Եվրոպա կատարած իր այցելությանը` Ռ. Մելիքյանը նշեց, որ այդ ընթացքում կարևոր հանդիպումներ է ունեցել մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարների հետ: Արցախի օմբուդսմենը եվրոպական գործընկերներին համառոտակի ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի արցախյան ինստիտուտի կայացման ուղին, իրավական վիճակը, առաջնահերթությունները, Պաշտպանի և աշխատակազմի առջև կանգնած խնդիրները։ Խոսվեց նաև ընթացիկ տարվա մարտ ամսում ԱՄՆ կատարած այցի մասին, որը կազմակերպվել է ԱՄՆ Արևելյան ափի Հայ Դատի գրասենյակի կողմից։ 10 օրվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը Նյու-Յորքում, Բոստոնում, Փրովիդենսում, Վաշինգտոնում մասնակցել է 38 միջոցառման, յոթ հրապարակային ելույթներ է ունեցել ակադեմիական հանրության և Սփյուռքի տարբեր շրջանակների առջև։
Պաշտպանը նաև ներկայացրել է 2016թ. ապրիլին ադրբեջանական ԶՈւ¬ի կողմից իրականացված դաժանությունների վերաբերյալ փաստահավաք աշխատանքի ընթացքը: Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի թույլ տված վայրագության համակարգված դեպքերը մանրամասն փաստագրվել և հանրությանն են ներկայացվել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի երեք փաստաթղթերով: Ռ. Մելիքյանը նշեց, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը 2016թ. մայիսից իրականացվող փաստահավաք առաքելության շրջանակներում ուսումնասիրության առարկա է դարձրել նաև 2017 թվականի փետրվարին Թալիշ գյուղի հրետակոծության, ինչպես նաև Արցախի պետական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները՝ որպես մարդու իրավունքների նոր կոպիտ խախտումների կատարմանն ուղղված փոխկապակցված իրադարձություններ: Ըստ բանախոսի` Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված զեկույցները լայն արձագանք են գտել միջազգային կազմակերպությունների շրջանում: Գործընթացին ակտիվորեն մասնակցում են նաև ՀՀ և Սփյուռքի տարբեր կազմակերպություններ:
Հանդիպմանը մասնակցող ՀԿ-ների ղեկավարները ևս ներկայացրին իրենց կողմից կյանքի կոչվող ծրագրերը, անդրադարձան գործունեության ընթացքում ի հայտ եկող դժվարություններին ու խնդիրներին: Ըստ ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանի` հանրապետությունում քիչ չեն գործող հիմնարկ-ձեռնարկություններն ու անհատ ձեռներեցները, որոնք ցանկանում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել այս կամ այն կազմակերպությանը, սակայն գործող բավական կոշտ հարկային օրենսդրության պայմաններում ձեռնպահ են մնում այն իրագործելուց: ՙՄայրություն՚ ՀԿ ղեկավար Հասմիկ Միքայելյանը կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է ստեղծել պետական մի կառույց, որն օժտված կլինի հասարակական հատվածի հետ համագործակցության խորացման գործառույթով:
Նկատելով, որ ՀԿ-ներն իրենց գործունեության մեջ պետք է ազատ և նախաձեռնողական լինեն, Ռ. Մելիքյանը նշեց, որ նրանք կարող են փոխգործակցության ուղիղ կապեր հաստատել Արցախը ճանաչած ԱՄՆ նահանգների հետ: Բանախոսը նաև տեղեկացրեց, որ հավանաբար այս տարվա հունիսին կսկսի գործել ԱՀ ՄԻՊ հիմնադրամը: