[ARM]     [RUS]     [ENG]

ՏՈՂԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՆՐԲԵՐԱՆԳ

Որոնվում են Դիզակի մելիքների տապանաքարեր

 Խորհրդային տարիներին հրաշքով փրկված երկու տապանաքարեր արդեն Տող այցելող զբոսաշրջիկներին հասանելի են: Որոնողական աշխատանքների հիմնական ուղղությունն այս պահին Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցին է:

Անգամ հետագա տարիների կցակառույցներով` Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցին պահպանում է իր ազդեցիկ տեսքը: Խորհրդային տարիներին 18-րդ դարի եկեղեցին ակումբ դարձնելը չարյաց փոքրագույնն էր եւ եկեղեցու ֆիզիկական գոյությունն ապահովելու երաշխիքը: ՙԳյուղի տարեցները պատմում են, որ մինչեւ 1928-30թթ. Սուրբ Հովհաննեսը գործող եկեղեցի էր: Հետո ակումբ են դարձրել: Փայտե հատակ են ավելացրել, բեմ կառուցել: Հատակի տակ էլ տապանաքարերի ու քանդակազարդ քարերի կտորներն են լցրել՚,-պատմում է Տողի մելիքական ապարանք պատմամշակութային արգելոցի վարիչ Վահե Սահակյանը:

1989-90թթ., ազգային զարթոնքի շրջանում, տապանաքարերն ու քանդակազարդ քարերի բեկորները հատակի տակից հանվեցին: Պարզվեց, որ դրանց մեջ նաեւ հռչակավոր մելիք Եգանի տապանաքարն է: Սակայն ըստ աղբյուրների` Տողում պետք է եւս 4-5 մելիքական տապանաքարեր լինեին: Դրանցից որոշները, ըստ ամենայնի, Սուրբ Հովհաննես եկեղեցու տապանատանն էին, հենց տեղում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում տապանատան ավերակները ցույց է տալիս ու պատմում  էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը: Ենթադրվում է, որ մելիք Եգանի տապանաքարն էլ այդտեղից են տարել եկեղեցու ներսն ու դրել կառուցվող հատակի տակ, գուցե որպես շինաքար, գուցե որպեսզի փրկեն: Ըստ էության, հաջողվեց ե՜ւ մեկը, ե՜ւ մյուսը: Փայտե հատակը քանդելուց հետո այլ մասունքների հետ մելիքական տապանաքարն էլ ազատվեց: Փայտե հատակը խորհրդային տարիների միակ ժառանգությունը չէր: Ավելի ուշ պարզվեց` եկեղեցին այլ մուտք եւս ունեցել է` հյուսիսային կողմում: Խորհրդային տարիներին այն փակվել էր: ՙՇարված էր հասարակ քարով, ծեփված՝ ավազի ու ցեմենտի խառնուրդով: Այնպես որ՝ անգամ տասնամյակներ անց զգացվում էր, որ պատի այդ հատվածն ավելի ուշ է կառուցվել: Այս տարի քանդեցինք. պարզվեց՝ կամարակապ մուտք է՚,- աշխատանքի արդյունքն է ցույց տալիս Վահե Սահակյանը: Մուտքը ոչ միայն ներսից էր քողարկված, այլեւ դրսից: Եկեղեցու հյուսիսահայաց պատը փակված մուտքի բարձրությամբ հողաշերտով էր ծածկված, հյուսիսային բակը՝ նույնպես:

Եկեղեցու հյուսիսային բակում մաքրման եւ պեղման աշխատանքներն արդեն ավարտվել են: Որ այստեղ տապաններ կան` գիտեին, քանի որ դրանցից մի քանիսը մասամբ երեւում էին: Մաքրելուց հետո պատկերն ամբողջացավ: ՙԱյս բակում մոտ երկուսուկես տասնյակ տապանաքարեր են բացվել, հիմնականում բավական լավ պահպանված,- աշխատանքների արդյունքներն է ի մի բերում ՙՊատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն՚ ՊՈԱԿ գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը:- Ինչպես եկեղեցին, տապանաքարերը ևս 18-րդ դարով են թվագրվում՚: Պատասխանատուների ակնկալիքները` տապանաբակում նաեւ մելիքական տապանաքարեր գտնել` չարդարացան, սակայն եղածից էլ դժգոհ չեն: Հողի շերտից ազատված տապանաքարերի արձանագրությունները լավ են պահպանվել: Պահպանվել են նաեւ զարդաքանդակները` խնջույքի տեսարաններով, որսի կամ տոնակատարությունների դրվագներով: Այս ամենը բաց է նաեւ զբոսաշրջիկների այցելությունների համար: ՙՍուրբ Հովհաննես եկեղեցին ՙՏողի մելիքական ապարանք՚ պատմամշակութային արգելոցի մաս է կազմում եւ բաց է զբոսաշրջիկների համար: Նախատեսում ենք պեղումների մի փուլ ևս հենց տապանատան հատվածում եւ հարավային բակում իրականացնել. գուցե մելիքների տապանաքարերը հենց այդտեղ գտնենք: Բայց դա ապագայում: Իսկ այս փուլում պարզապես նախատեսում ենք մաքրել եկեղեցու տարածքը՚,-ընդհանուր գծերով եկեղեցու հետ կապված ծրագրերին է անդրադառնում Սերգեյ Շահվերդյանը:

Ինչ վերաբերում է Տողի մելիքական տապանաքարերին, ապա այս պահին, մելիք Եգանից բացի, հայտնի է միայն մեկ մելիքի տապանաքարի գտնվելու վայրը: ՙԵվս մեկ տապանաքար Տողի Նահատակաց եկեղեցում է: Խոսքը մելիք Բախտամի տապանաքարի մասին է,-արձանագրում է էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը:-Սակայն 3-4 մելիքական տապանաքարերի ճակատագիրն այս պահին անհայտ է՚: Որոնողական աշխատանքները շարունակվելու են: Չի բացառվում, որ տապանաքարերի մասերը գտնվեն խորհրդային տարիներին Սուրբ Հովհաննես եկեղեցուն կից կառուցված շինություններում: Անգամ առանց որոնողական աշխատանքների՝ պատերի՝ ծեփից ազատ հատվածում նկատվում են քարերին առկա քանդակների ու արձանագրությունների պատառիկները:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ