[ARM]     [RUS]     [ENG]

ՏՈՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Շուշիի շրջվարչակազմի ղեկավարի համապատասխան կարգադրությամբ ապրիլի 1-ից հայտարարվել է  քաղաքի սանմաքրման, բարեկարգման և ծառատնկման միամսյակ։ Ստեղծվել է աշխատանքների համակարգման հանձնաժողով  Գրիշա Հովհաննիսյանի նախագահությամբ։

 Ըստ Գ. Հովհաննիսյանի, միամսյակի ընթացքում կտնկվի մոտ 200 լորենու և ակացիայի ծառ, շաբաթօրյակների միջոցով քաղաքի փողոցներն ու պուրակները կմաքրվեն ձմռանը կուտակված աղբից։ Քաղաքում գործող հիմնարկ-կազմակերպություններին որոշակի տարածքներ են ամրագրված, որոնք ամբողջ տարվա ընթացքում պատասխանատու կլինեն դրանց մաքրության համար։ Կընթանան կանաչապատման, փողոցների խճապատման, սանմաքրման աշխատանքներ։ Ծառատունկը կիրականացվի Ն.Դումանի, Մուրացանի, Ա. Բեկորի փողոցներում։ Գյուղական համայնքներում ևս կիրականացվեն բարեկարգման և սանմաքրման աշխատանքներ։

***

Հիմք ընդունելով ԼՂՀ կառավարության 2017թ. փետրվարի 23-ի ՙՀաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա 25-րդ տարեդարձի տոնակատարության մասին՚  որոշումը, Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վ. Կասյանի համապատասխան որոշմամբ  Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի  տոնակատարության միջոցառումների կազմակերպման և համակարգման  նպատակով ստեղծվել է շրջանային հանձնաժողով։

 Հաստատվել է  տոնակատարության   կազմակերպման և  անցկացման   միջոցառումների  ծրագիրը  և  անհրաժեշտ  ծախսերի  նախահաշիվը։  Շրջանի համայնքների և հիմնարկ-կազմակերպությունների ղեկավարներին հանձնարարվել է տեղերում անցկացնել հանդիսավոր միջոցառումներ` նվիրված հոբելյանին: Մինչ այդ կբարեկարգվեն և կխճապատվեն քաղաքի մի շարք փողոցներ։ Քաղաքը տոնականորեն կձևավորվի, կբարեկարգվեն ՙՏանկ՚ հուշակոթողին, Ն. Ստեփանյանի և Վ. Սարգսյանի հուշարձաններին հարող տարածքները։ Հանդիպումներ կկազմակերպվեն Արցախյան գոյամարտի և  ապրիլյան պատերազմի մասնակիցների հետ, այցելություններ Արցախյան  պատերազմի 1-ին կարգի հաշմանդամների ընտանիքներ և ապրիլյան պատերազմում զոհված ազատամարտիկների գերեզմաններ։ Ծաղկեպսակադրության արարողություն կկազմակերպվի  Շուշի քաղաքի և շրջանի համայնքների հուշահամալիրներում, կլինի ժողովրդական զբոսահանդես և տոնական համերգ Շուշիի Վ. Իշխանյանի  անվան  մարզահրապարակում  և համայնքներում։ Կկազմակերպվեն զինվորական շարասյան երթ Շուշի քաղաքում, ինչպես նաև Հաղթանակի օրվան  նվիրված  մարզամշակութային միջոցառումներ  շրջկենտրոնում և շրջանի համայնքներում։   Երեկոյան կլինի տոնական հրավառություն։

       * * *

Շուշիի քաղաքային համայնքի ավագանու որոշմամբ`  բերդաքաղաքի  ազատագրման գործում ներդրած զգալի ավանդի համար Շուշի քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումներ են  շնորհվել Արկադի Տեր-Թադևոսյանին (Կոմանդոս), Սամվել Կարապետյանին և Գագիկ Սարգսյանին։ Պատվավոր քաղաքացու կոչումը հավաստող վկայագրերը արժանավորներին կհանձնվեն քաղաքի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության շրջանակներում կազմակերպված միջոցառման ժամանակ։ 

 

Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ք. Շուշի