[ARM]     [RUS]     [ENG]

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐ

Ի՞նչ գործառույթներ է իրականացնում Շուշիի շրջվարչակազմի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը, և որո՞նք են ծառայության առջև դրված հիմնական խնդիրները։ Այս մասին է զրույցը տարածքային գործակալության պետ Մանանա ԳՈԳՄԱՉԱՁԵԻ հետ։ 

 Գործելով հանրապետությունում իրականացվող սոցիալական բարեփոխումների ծրագրի շրջանակներում, Շուշիի շրջվարչակազմի աշխատակազմի տարածքային գործակալությունն անում է ամեն ինչ՝ հատկացված նյութական և ֆինանսական միջոցները սահմանված ժամկետներում հասցեատերերին հասցնելու համար։

ՙՄեզ հուզող հարցերից է շրջանում ժողովրդագրական վիճակի բարելավումը, ծնելիության և բազմազավակության ծրագրերի խթանումը, ինչի համար մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում բազմազավակ ընտանիքներին,- ասաց Մ.Գոգմաչաձեն։- Մեր երկիրը շենացնելու, մեր  անվտանգությունն ապահովելու համար մեզ այդպիսի ընտանիքներ են պետք։ Այն, ինչ ստեղծել ենք մենք, նույն այդ ստեղծածն ամրապնդելու, բազմապատկելու համար պետք է հերթափոխի կանգնի վաղվա սերունդը։ Ուստի, բոլորս քաջ գիտակցում ենք և  հնարավորինս ներդնում  ջանքեր՝ առողջ սերունդ ունենալու, նոր սերնդի համար լավագույն պայմաններ ապահովելու համար՚։ 

Շուշիի ազատագրումից հետո այստեղ հանգրվանեցին հիմնականում բնակարանի խնդիր ունեցող քաղաքացիներ։ Այսօր էլ շարունակվում է վերաբնակեցման գործընթացը։ Նախորդ տարում շրջվարչակազմ է դիմել  վերաբնակեցվող մեկ  ընտանիք Հայաստանից։ Ընտանիքի գլխավորի անվամբ ստեղծվել է անձնական գործ և ուղարկվել փախստականների և միգրացիայի վարչություն։ Ընտանիքին տրվել է վերաբնակչի կարգավիճակ, միանվագ գումար, 3 գլուխ խոշոր եղջերավոր անասուն և վերանորոգված առանձնատուն։

Ծառայությունը մեծ ուշադրություն է դարձնում հաշմանդամ երեխաներին։ Բոլոր խմբերի երեխաները նպաստներից օգտվում են մինչև 18 տարեկանը՝ բացի առանց ծնողական խնամքի մնացածներից։ Վերջիններիս հանդեպ գործընթացը շարունակվում է մինչև 23 տարին լրանալը։ Այդ ընթացքում լուծվում է նաև երկկողմանի ծնողազուրկի բնակարանային խնդիրը։

Ծառայության աշխատանքների հիմնական ծավալը կազմում են նպաստները։ Գործընթացն այս բաժնում իրականացվում է ըստ երեխաների քանակի։ ԼՂՀ կառավարության ՙՊետական նպաստների, ծնելիության խթանման և բազմազավակության միջոցառումների մասին՚ որոշման համաձայն,  2016թ. մինչև 18 տարեկան երեխա ունեցող առանձին խմբերի 474 ընտանիք (թվով 958 երեխա) օգտվել է նպաստների ուղղությամբ գործող ծրագրերից, այդ թվում՝ մանկուց հաշմանդամ 14 երեխա, միակողմանի ծնողազուրկ՝ 60, միայնակ մոր՝ 131, առանց ծնողական խնամքի մնացած՝ 2, զոհված զինծառայողի՝ 7, ալիմենտ ստացող՝ 83, առաջին  խմբի հաշմանդամի՝ 2, երկրորդ  խմբի հաշմանդամի՝ 80,  անչափահաս չորս  երեխա ունեցող ընտանիքների՝ 165, հինգ և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների՝ 115,  անչափահաս  երեք  երեխա ունեցող՝  44 և մինչև երկու  տարեկան 255 երեխա։ Տարվա կտրվածքով տրամադրված գումարը կազմել է 133 մլն 957 հազ. դրամ։ Բացի այդ, ծնելիության և բազմազավակության խթանմանն ուղղված ծրագրի շրջանակներում 130 նորածնի հատկացվել է միանվագ նպաստ, որի գումարը կազմել է 30 մլն 300 հազ. դրամ։

Նշված տարում 7 մլն 673 հազ. դրամ միանվագ դրամական օգնություն է տրամադրվել շրջանում բնակվող ԼՂՀ հաշմանդամներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին՝ Մայիսի 9-ի, Սեպտեմբերի 2-ի և Դեկտեմբերի 10-ի տոն և հիշարժան օրերի կապակցությամբ (185 հոգու)։

Տարածքային գործակալության ուշադրության կենտրոնում են բազմազավակ ընտանիքներն ու երկկողմանի ծնողազուրկ երեխաները։ Շրջանի բազմազավակ  մեկ ընտանիքի համար կառուցվել է բնակելի տուն, իսկ երկու բնակելի տուն գնելու կամ կառուցելու գործն ընթացքի մեջ է։ Շուշի քաղաքում  երկկողմանի ծնողազուրկ երկու երեխայի բնակարանով ապահովելու նպատակով պատրաստվել է փաստաթղթերի փաթեթ և ներկայացվել ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Որպես պետական աջակցություն՝ նորաստեղծ երիտասարդ ընտանիքների 74 անձի հատկացվել է 150-հազարական դրամ՝ 11 մլն 100 հազ. դրամ ընդհանուր գումարով։ Ամենամսյա դրամական օժանդակություն է ստացել երկու և ավելի զոհ ունեցող 5 ընտանիք, գումարի չափը կազմել է 1 մլն 800 հազ. դրամ։  

 Գործակալությունը զբաղվում է նաև հաշմանդամների պրոթեզաօրթոպեդիկ ապարատների, թիկնասայլակների, լսողական սարքերի տրամադրմամբ, օգնում  միայնակ տարեցներին։ 2016թ. շրջանի երկու թոշակառուի լսողական սարք է տրամադրվել, իսկ Արցախյան պատերազմի 2-րդ կարգի մեկ հաշմանդամի ուղեգիր է տրվել՝ ՀՀ-ում աչքի պրոթեզ տեղադրելու համար։ Երկու միայնակ տարեցի՝ համաձայն իրենց դիմումների, տեղավորել են Ստեփանակերտի տուն-ինտերնատում։ 

Արդեն քանի տարի ծառայությունում հոգ են տանում սոցիալական առանձին խմբերի առողջարանային բուժման և հանգստի մասին։ Այդ կապակցությամբ ուղեգրերի բաշխումը տեղի է ունենում նախապես մշակված կարգով։ Մ. Գոգմաչաձեի խոսքով՝ ԲՍՓ (բժշկասոցիալական փորձաքննություն) կենտրոնում ներկայումս գործող հաշմանդամի վերականգնման անհատական ծրագրի համաձայն՝ ուղեգրերը հաշմանդամներին տրվում են համապատասխան հետազոտությունից հետո, քանզի այս կամ այն առողջարանում բուժվելը կարող է նրան հակացուցված լինել։

Զոհված ազատամարտիկների ընտանիքների մասով, ինչպես ասաց գործակալության պետը, անցյալ տարի երկու ընտանիքի տրվել է 2 մլն 800 հազար դրամ փոխհատուցում՝ տապանաքարերի պատրաստման և տեղադրման համար, իսկ ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների երկու ընտանիքի տրամադրվել է նաև միանվագ օգնություն՝ 3 մլն դրամի չափով։

Շուշիի տարածքային գործակալությունը նաև մի շարք այլ ծրագրեր է իրականացրել՝ կապված 2016թ. ապրիլյան պատերազմի հետ։ Մասնավորապես, մոբիլիզացված զինծառայողների 410 ընտանիքի ապրիլ ամսին և 509 ընտանիքի մայիսին հատկացվել է 919 արկղ սննդամթերք։ Քառօրյա կոչվող պատերազմի հետևանքով Արցախի Մատաղիս և Թալիշ բնակավայրերից տեղահանված բնակիչներից 174-ը ապաստանել էին Շուշի քաղաքում գործող Հայ Ավետարանչական ընկերակցության մանկապարտեզում, 47-ը՝ Մուրացանի անվան դպրոցում և 179-ը՝ քաղաքի տարբեր առանձնատներում։ Նրանց տրամադրվել են  սննդամթերք, հագուստեղեն և հիգիենայի պարագաներ։ Բացի այդ, Թալիշ գյուղից փախած 4 ընտանիքի շրջանի Հին շեն համայնքում հատկացվել են  վերանորոգված բնակարաններ, 2 գլուխ անասուն, իսկ Արցախի կառավարությունն էլ իր հերթին նրանց ֆինանսական աջակցություն է ցուցաբերել։ Մերօրյա փախստականներին օգնություն են ցույց տվել Շուշիի առանձին անհատ քաղաքացիներ, ընկերություններ, այդ թվում՝ ՙԱրթուր՚ ՍՊԸ-ն, ՙԱրցախգազ՚ ՓԲԸ-ն։

Այլ ծրագրերի շրջանակներում ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանի առանձին սոցիալական խմբի տեր 410 ընտանիքի տրամադրվել է 6 տոննա սննդամթերք։

Անշուշտ, պետությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հասարակության խոցելի խավերին, բայց քիչ չեն  նաև ՙկողքից՚ օգնողները։ Ուրախալի է, որ աշխարհում դեռևս կան բարի մարդիկ, ովքեր իրենց ունեցածից բաժին են հանում ուրիշներին, հատկապես կարիքավորներին։ Դեկտեմբեր ամսին ՙԴիակոնիա՚ բարեգործական հիմնադրամը 70 բազմազավակ ընտանիքի՝ յուրաքանչյուրին 2-ական արկղ, սննդամթերք ու հիգիենայի պարագաներ է բաժանել։  

Ծառայության կոլեկտիվը, շնորհիվ համապատասխան գերատեսչության և շրջվարչակազմի ղեկավարության աջակցության, կարողանում է ինչ-ինչ խնդիրներ լուծել՝ երբեմն նույնիսկ հայտնվելով անելանելի վիճակում։ Հաճախ այցելում են սոցիալապես անապահով ընտանիքներին՝ փորձելով խորքային ուսումնասիրություններ կատարել, և, ինչու չէ, բարոյական նեցուկ դառնալ։  2016-ին գործակալությունում գրանցվել է 335 դիմում, որից 130-ը՝ միանվագ նպաստի, 74-ը՝ նորաստեղծ ընտանիքի, 109-ը՝ պետական նպաստ նշանակելու և 22-ը՝ այլ հարցերով։ Դրանք ուսումնասիրվում և քաղաքացիներին հուզող հարցերին հնարավորության սահմաններում լուծումներ են տրվում։ 

Մ. Գոգմաչաձեն ուրախությամբ փաստեց, որ գնալով փոխվում, բարելավվում է շրջանի բնակչության սոցիալական վիճակը։ Նրա հավաստմամբ՝ տարածքային գործակալության կողմից կատարվող աշխատանքները հետայսու ևս կկրեն շարունակական բնույթ՝ ուղղված բնակչության բարեկեցության հետզհետե բարձրացմանը։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ