ԽԱՉՔԱՐԵՐ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻՆ
Երուսաղեմում, Հին քաղաքի հայոց թաղամասում` Ժառանգավորաց վարժարանի բակում, կանգնեցված է յոթ խաչքար: Վերջերս արցախցի մի խումբ ուխտավորներով լինելով Սուրբ երկրում` եղանք նաև այդտեղ:
Ժառանգավորաց վարժարանի և Ընծայարանի տեսուչ հայր Թեոդորոս Զաքարյանը խաչքարերի մասին պատմեց հետևյալը. հայերը Երուսաղեմում Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան չունեին: Խաչքարերն այդ նպատակով բերվել են 2007 թվականին` մոսկվաբնակ արցախցի բարերար Արթուր Բաղրյանի կողմից, որը ներկայում հաստատվել է Իջևանում: Խաչքարերը նրա նվիրատվությունն են: Յոթ վարպետների գործեր են, քարն էլ Իջևանի ֆելզիտն է: Յուրքանչյուր խաչքար ունի իր իմաստը: Խաչքարերից վեցը խորհրդանաշում են Արևմտյան Հայաստանի վիլայեթները, իսկ մեկը` մայր Հայաստանը:
Առաջին խաչքարը կրակի բոցի մեջ է, խորհրդանշում է հայերի ջարդը: Երկրորդում մեր ավանդական ծաղկյալ խաչն է` առաջին քրիստոնեական երկրի խորհրդանիշը: Երրորդ խաչքարին պատկերված փոքր խաչերը խորհրդանշում են մեր նահատակներին:
Չորրորդը` կենտրոնում գտնվողը, դարձյալ մեր ավանդական ծաղկյալ խաչն է, ներկայացնում է բոլոր հայերի հայրենիքը` մայր Հայաստանը: Հայր Թեոդորոսի մեկնությամբ` հայկական խաչքարի վրա Քրիստոս չկա, որովհետև Քրիստոսն ինքը մեզ համար խաչ է: Խաչը ոչ միայն Քրիստոսի մահվան գործիքն է, այլ նաև հարության և նոր կյանքի արտահայտությունը, դրա համար էլ մեր խաչը բողբոջում է, ծաղկում:
Հինգերորդը շատ յուրօրինակ խաչ է: Ներքևի զարդաքանդակն իր տեղից սահել է: Հեղինակի բնորոշմամբ` դա խորհրդային տարիներին մեր ժողովրդի հավատքի անկումն է, սակայն այն ամբողջական ընկած չէ, քանի որ հավատքը չի վերացել, գաղտնի պահվել է տատիկների մոտ, տներում, թեկուզ` ոչ գրագետ ձևով: Հայր Թեոդորոսը պատմելիս օրինակ բերեց իր արցախցի տատիկին: Ասում է` շատ լավ հիշում է, թե ինչպես էր տատն ամեն առավոտ մեկ ժամ աղոթք անում արեգակին նայելով, ինչպես էր նա երկրպագություն անում: Այսինքն` հավատքը մեր ժողովրդի մեջ մնացել է անթեղված: Խաչքարին խաչը մագաղաթի վրա է, ինչը Աստծո խոսքը, Աստվածաշունչն է: Վերևում Քրիստոսն է` հրեշտակների գահի վրա բազմած: Դա էլ խորհրդանշում է նոր զարթոնքը` մեր ժողովրդի հավատքի վերականգնումը:
Վեցերորդ խաչը Հայաստանն է` իր հարևաններով, շրջապատված է փշերով:
Յոթերորդը նորից ծաղկած խաչ է: Կամարի վրա պատկերված խաղողը գինու` Քրիստոսի արյան խորհրդանիշն է: Նուռը եկեղեցին է` մի պատյանի մեջ հատիկները միասին, թագը` գլխին: Քրիստոսը և հավատացյալներն են:
Հայր Թեոդորոսն ասաց, որ երբ մի օր խաչքարերի մասին պատմում էր ուխտավորներին, նրանցից մեկն այդ յոթերորդի մասին ասաց` դա էլ մեր լուսավոր ապագան է:
ՙԵվ իրոք, դրան հավատում ենք: Պետք է հավատանք և պետք է աղոթենք, պետք է նաև գործենք, որ Աստծո օգնությամբ այդ ապագան մենք ունենանք: Եվ փառք Աստծո, արդեն այս վերջին տարիներին թե՜ հավատքի առումով, թե՜ ազգասիրության և թե՜ այն մարդկանց կյանքի գնով, որ զոհվեցին, ու նաև հերոսների, որ ապրում են, Աստված մեզ հաղթանակներ պարգևեց՚,-ասաց նա:
Իսկ ես ավելացրի. ՙԱրցախը նռան` թագակիր մրգի երկիր է, որը, ինչպես ասացիք, խորհրդանշում է Քրիստոսին և ժողովրդին: Այսօր հայ ժողովրդի հույսը, լույսը, զարթոնքը նորից Արցախից է սկսվել: Եվ այդ լուսավոր ապագան Արցախից է գալու՚:
-Հարկավ,-պատասխանեց հայր Թեոդորոսը: - Երկու տարի առաջ, երբ Արցախում էի, Շուշիի Ս. Հովհաննես եկեղեցու բակում քահանան հավաքված ժողովրդին ասաց. ՙՄենք Սուրբ երկիր` Երուսաղեմ, չգնացինք, բայց Երուսաղեմը եկավ ձեզ տեսնելու՚: Ես ասացի. ՙԱյս հողը պակաս սուրբ չէ, քան Երուսաղեմը: Ես դա չեմ չափազանցնում, անվերջ ասում եմ: Որովհետև այս հողն էլ քրիստոնյայի արյամբ է թաթախված, նաև Քրիստոսի արյան կաթիլները կան: Եվ պետք է այն պահենք: Պահենք նորից իր օգնությամբ: Եվ վստահ եմ, որ բարեհաճ աջը վերևից կա, մնում է, որ հավատարիմ մնանք դրան և ազգովին այդ դարձը, այդ հավատքն ունենանք, ապաշխարությամբ հասնենք և միշտ վայելենք նրա օրհնությունը:
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ստեփանակերտ-Երուսաղեմ-Ստեփանակերտ