[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից ավանդական դարձրած կանաչապատման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակն ավարտվեց ապրիլի 22-ի համաքաղաքային շաբաթօրյակով:

Ինչպես տեղեկացրել էինք, այդ կապակցությամբ ստեղծված հանձնաժողովը` քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանի նախագահությամբ, նախապատրաստական աշխատանքներ է տարել` շաբաթօրյակը բարձր մակարդակով անցկացնելու համար:

Ըստ Ա. Հակոբյանի, պետական կառավարման հիմնարկները, գերատեսչությունները, հիմնարկ-ձեռնարկությունները, կազմակերպությունները, անկախ սեփականության ձևից, նախօրոք գիտեին կատարվելիք աշխատանքների մասին` ուղղված մայրաքաղաքի տարբեր հատվածների սանմաքրմանը, կանաչապատմանն ու բարեկարգմանը: Անշուշտ, միամսյակում նախատեսված հիմնական աշխատանքներն իրականացնում էին քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող  ծառայությունները, որոնք առաջին իսկ օրվանից փուլ առ փուլ իրականացրել են նախատեսվածը:  Ա. Հակոբյանի տեղեկատվությամբ՝ Կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության կողմից հատկացվել են 450 լորենու և 150 հացենու տնկիներ, մնացածը տրամադրել է ակադեմիկոս Թախթաջյանի անվան բուսաբանական այգին:

Հուրախություն մասնակիցների` շաբաթօրյակի օրը եղանակը բարենպաստ էր, ամենուրեք հնչում էր ուրախ ու զվարթ երաժշտություն, ինչն էլ ավելի էր բարձրացնում մարդկանց տրամադրությունը: Կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների ծառայությունը նույնպես մասնակցեց շաբաթօրյակի աշխատանքներին. հիմնարկին հանձնարարված էր մայրաքաղաքի հուշարձանների լվացման գործը: Ջրցան մեքենաներով լվացվեցին նաև հրապարակներն ու փողոցները: Համայնքի գրեթե բոլոր թաղամասերում իրականացվել են սանմաքրման աշխատանքներ: Ծառատունկ իրականացվեց մայրաքաղաքից կենտրոնական աղբանոց տանող ճանապարհի երկայնքով: Դպրոցականները, ուսուցիչները ծառեր ու ծաղիկներ տնկեցին  իրենց կրթօջախի շրջակայքում: Մեծ թափով ծառատունկ կազմակերպվեց 5-րդ դպրոցի մերձակա տարածքում` տնկվեցին տարբեր տեսակի 350-ից ավելի ծառեր ու թփեր, որոնք Ստեփանակերտի ու Երևանի համագործակցության շրջանակներում ուղարկվել են ՙԷլ-Թի-Փի՚ բարեգործական հիմնադրամի կողմից: 

Ընդհանրապես շաբաթօրյակին գործուն մասնակցություն ցուցաբերեցին մայրաքաղաքի բոլոր կրթական և մարզամշակութային օջախները, զինվորականները: Հանրապետական հիվանդանոցի աշխատողները սանմաքրման, ծաղիկների ու թփերի տնկման  աշխատանքներ կազմակերպեցին հիվանդանոցի տարածքում: 

Այս տարի ՀՕՄ-ի Արցախի միավորի համար հոբելյանական է. արդեն 25 տարի կառույցն ազգանպաստ գործունեություն է ծավալում և այդ կապակցությամբ քաղաքի տարածքում ծառատունկ կազմակերպելու որոշում է կայացրել, ինչի համար նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ: Արցախի միավորին տրամադրվել է տարածք Թումանյան փողոցում գտնվող նորակառույց, զինծառայողների ընտանիքներին տրված շենքերի մերձակայքում, որտեղ և ՀՕՄ-ուհիները տնկեցին եղևնիներ:

Ա. Հակոբյանը հատկանշեց, որ շաբաթօրյակի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար Քաղաքաշինության նախարարության աջակցությամբ նախնական պայմանավորվածություն էր ձեռքբերվել մայրաքաղաքի խոշոր շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ, համաձայն որի այդ կազմակերպությունների տեխնիկական ներուժը կընդգրկվի շաբաթօրյակի շրջանակներում նախատեսված աշխատանքներին, ինչը և տեղի ունեցավ: Շինկազմակերպությունների բեռնատար մեքենաների օգնությամբ մեծ քանակությամբ շինարարական աղբ տեղափոխվեց:

Օգտվելով առիթից, Ա. Հակոբյանը կոչ արեց համաքաղաքացիներին հարգել կատարած համընդհանուր գործը, պահպանել քաղաքի մաքրությունը, խնամքով վերաբերվել մատղաշ տնկիներին, կանաչ գոտիներին, ինչը կնպաստի քաղաքի արտաքինի առավել բարելավմանը:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ