[ARM]     [RUS]     [ENG]

ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԿՆՊԱՍՏԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ

Ապրիլի 16-21-ը հանրապետության գրեթե բոլոր  դպրոցներից ու Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան  ռազմամարզական վարժարանից ընտրված  թվով հիսունհինգ բարձրդասարանցիներ վեցօրյա ճանաչողական այցով եղան Հայաստանի Հանրապետությունում։ 

 Շրջագայությունը, որը հավակնում է դառնալ ավանդական, իրականություն է դարձվել ԱՀ ՙՄայրություն՚ ՀԿ-ի նախաձեռնությամբ և երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության գործուն աջակցությամբ։ 

Մինչ շրջագայությունն սկսելը դպրոցականները  ծաղիկներ խոնարհեցին Ստեփանակերտի Հուշահամալիրում, ապա հյուրընկալվեցին Վայքի զորամասերից մեկում, հանդիպում  ունեցան զինվորների հետ, նրանց նվիրեցին արցախցի գրողների նոր հրատարակած գրքերից։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունում աշակերտներն ու նրանց ուղեկցող անձինք հյուրընկալվել են պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանին։ Գեներալ Սարգսյանը նրանց ծանոթացրել է Պաշտպանության նախարարության ողջ համալիրին,  բացատրել  յուրաքանչյուր շենքի, շինության նշանակությունն ու կարևորությունը, ապա ներկայացրել իր անցած մարտական ուղու նշանավոր դրվագներ։ 

Ապրիլի 17-ին (Մեռելոցի օրը) շրջագայության մասնակիցներն այցելել են Եռաբլուր պանթեոն, ծաղիկներ  խոնարհել ազատամարտիկների ու ապրիլյան պատերազմի զոհերի գերեզմաններին, մոմ վառել զոհվածների հիշատակին։ Անչափ հուզիչ էր, երբ  Եռաբլուրում  տղաները շրջում էին Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարով  վերնաշապիկներով։ Նրանք դրան նախապատրաստվել էին Ստեփանակերտում։ Այնուհետեւ արցախցի դպրոցականները բարդիներ են տնկել Եռաբլուր պանթեոնի Հուշապուրակում: 

Շրջագայության  հաջորդ հասցեն Ծիծեռնակաբերդն էր, ուր ծաղիկների խոնարհմամբ ու լռության րոպեով դպրոցականները հարգեցին Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը։ 

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում ու Էջմիածնի  զորամասերից մեկում արցախցիները մասնակցեցին տեսական ու գործնական մի շարք  պարապմունքների։ 

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ գեներալ-մայոր  Արմեն Ղահրամանյանը դպրոցականների համար անցկացրեց բաց դաս, պատմեց ռազմական համալսարանի անցած ուղու մասին, ծանոթացրեց կուրսանտների ուսումնառության ու սոցիալ-կենցաղային պայմաններին, պատասխանեց արցախցի աշակերտների հուզող  հարցերին։ Դպրոցականները մեծ հետաքրքրությամբ դիտեցին թանգարանի ցուցանմուշները, մասնակցեցին շարային ստուգատեսին, իսկ կրակակետում  նաև ցուցադրեցին իրենց կարողություններն ու հմտությունները։ Մասնավորապես Ստեփանակերտի 11-րդ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արմեն Մուսայելյանը 100 հնարավորից հավաքեց 97 միավոր, 86 միավոր վաստակեց Էդուարդ Բարսեղյանը (թիվ 3 դպրոցի  սան), իսկ ՙԻգլա՚-ով ուղղաթիռը հաջողությամբ ՙխոցեց՚  Մամիկոն Գալստյանը (թիվ 8 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ)։ Բոլոր երեք աշակերտներն էլ  ՙՄայրություն՚ ՀԿ-ի կողմից արժանացան նվերների։ Զորամասերից ու ռազմաուսումնական  հաստատություններից բացի, դպրոցականներն  այցելեցին  նաև Պարույր Սևակի  ու Հովհաննես Թումանյանի տուն-թանգարաններ։ 

Դպրոցականների վրա անջնջելի տպավորություն է թողել հանդիպումն Արցախի հերոս, ՙՈսկե արծիվ՚ շքանշանի ասպետ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հետ։ Կոմանդոսն աշակերտներին պատմեց իր  գլխավորությամբ գործող ԴՕՍԱԱՖ ՀԿ-ի գործունեության, իրենց  ծրագրերի ու  նպատակների մասին, որոնք միտված են նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը։ Նա աշակերտներին շատ զուսպ պատմեց իր անցած ուղու, մարտական ընկերների ու նրանց սխրագործությունների մասին,  դրվագներ ներկայացրեց Շուշիի ազատագրումից։ 

Շրջագայության վերջին օրն արցախցի դպրոցականները մոմեր վառեցին Էջմիածնի  Մայր տաճարում, այցելեցին թանգարան։ 

Շրջագայության նախաձեռնող ու կազմակերպիչ ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ  Հ. Միքայելյանի բնորոշմամբ` շուրջ մեկ շաբաթվա ընթացքում բարձր դասարանների աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու ռազմաուսումնական  հաստատությունների  հնարավորություններին և որ շատ կարևոր է` կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության գործում։ Հանգստյան ժամերին աշակերտները խաղացել են  ռազմասպորտային խաղեր,  անցկացրել  մշակութային միջոցառումներ,  Հանրապետության հրապարակում դիտել  երգող շատրվանների ՙպարը՚։

Ըստ Հ. Միքայելյանի՝ մեր բանակին անհրաժեշտ են  բազմակողմանի զարգացած մասնագետներ, ռազմական գործի գիտակներ, ովքեր կկարողանան տիրապետել  ժամանակակից բարդ զինտեխնիկային և, ինչու չէ, ապագայում  նաև  կլինեն  նոր զինտեխնիկայի հեղինակները։ Կազմակերպիչների նպատակը  ոչ միայն ռազմահայրենասիրական դաստիարակության խթանումն  է, այլև ճիշտ մասնագիտության ընտրությունը։ Եվ դա նրանց  հաջողվել է. մի խումբ  պատանիներ ու  աղջիկներ հենց տեղում էլ կատարեցին  իրենց վերջնական ընտրությունը։ 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ