[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ ԱՆՑ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԱՅԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՇՈՒՇԻ՚

 Շուշիի շրջանը և՜ տարածքով, և՜ համայնքների թվով ամենափոքրն  է Արցախի Հանրապետության  վարչատարածքային միավորների շարքում։ Ունի ընդամենը 7 համայնք, շրջանի տարածքը կազմում է 381քառ. կիլոմետր:

Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ ԿԱՍՅԱՆԻ խոսքով, կոմպակտ լինելու շնորհիվ այստեղ   աշխատանքների կազմակերպումն ինչ¬որ չափով  ստացվում է։ Սա, իհարկե, չի նշանակում, որ Շուշիում խնդիրներն ավելի քիչ  են կամ հեշտ լուծելի  են։ Շուշին Արցախի  և համայն հայության համար առանձնահատուկ  նշանակություն ունի, և  շրջվարչակազմի ղեկավարի համար  այդ հանգամանքը  ծառայում է որպես աշխատանքին  կրկնակի պատասխանատվությամբ վերաբերելու գործոն: 

-Պարոն Կասյան,  այսօրվա Շուշին էականորեն տարբերվում է նախորդ տարիների Շուշիից:  Ոքանո՞վ  է իմ այդ տպավորությունը հիմնավոր։

-Ես անչափ ուրախ եմ, որ մեր քաղաքը  նման տպավորություն է թողնում։ Այստեղ ահռելի աշխատանք է կատարվում ամեն օր: Սակայն չի կարելի ասել, որ այն, ինչին հասել է Շուշին, միայն  քաղաքային կամ շրջանային ղեկավարության աշխատանքի արդյունքն է։ 1994-ից առայսօր ես ընդհատումներով շուրջ 16 տարի ղեկավարում  եմ շրջանը, աշխատել եմ տարբեր իշխանությունների հետ, բոլորն էլ սրտացավությամբ են վերաբերվել Շուշիին, բայց վերջին տարիների ներդրումներն էականորեն տարբերվում են, ասենք, 10 տաի առաջ հատկացվածից։   2013թ., երբ ինձ երրորդ անգամ նշանակեցին շրջվարչակազմի ղեկավար,  ընդամենը 800 մլն դրամի էր հասնում կապիտալ շինարարության ծավալը: Անցյալ  տարի շուրջ 2մլրդ դրամի  շինարարություն է իրականացվել։ Եվ դա՝  ոչ միայն պետբյուջեի միջոցների հաշվին. օգտագործվում են արտաբյուջետային, բարեգործական ռեսուրսներ  ևս։ Հիմնականում  ներդրումներ իրականացվում  են Քարինտակ և Շուշի համայնքներում, բայց դա չի նշանակում, որ մնացած գյուղերն անուշադրության են մատնված։

Արցախն արտերկրում ճանաչում են նախ Շուշի քաղաքով։ Բոլորս գիտենք, թե ինչ նշանակության, ինչ մակարդակի քաղաք է եղել Շուշին, և  բոլորս պիտի ձգտենք վերականգնել նրա  երբեմնի փառքը։

-Իշխանությունները գտնում են, որ  Շուշին  կրկին պիտի դառնա   հայկական  պատմամշակութային, կրթական, գիտական կենտրոն, և պատահական չէ, որ  պատասխանատու մի շարք կառույցների շարքում  Շուշի տեղափոխվեցին  հենց մշակութային  և  գիտակրթական օջախներ։ Ի՞նչ տվեց այդ ամենը Շուշիին։

-Քաղաքի  զարգացման հիմնական  նախադրյալներից մեկը հենց այդ քաղաքականությունն էր. այն աշխուժացրեց քաղաքը, նոր ռիթմ հաղորդեց նրան։  Աճեց բնակչության թիվը։ Առաջիկայում  այլ կառույցներ ևս մայրաքաղաքից այստեղ  տեղափոխելու ծրագրեր կան, ուղղակի  համապատասխան շենքեր կառուցելու անհրաժեշտություն կա։

-Շուշին պետք է  վերականգնվի  իր պատմական ոճի հաշվառումով։ Որքանո՞վ է դա  հաջողվում։ 

-Առանց որևէ դժվարության։ Օրենքը մնում է օրենք, և Շուշիում վերակառուցման ցանկություն հայտնած որևէ կազմակերպություն կամ քաղաքացի գիտի, որ  բոլոր աշխատանքները պիտի համաձայնեցված լինեն շրջանի ղեկավարության, քաղաքապետի, ճարտարապետի, զբոսաշրջության  վարչության հետ։ Նման խնդիր կար մի քանի տարի առաջ. ով ինչպես ուզում՝ կառուցում էր, բայց  այսօր այդ խնդիրը վերացված է:   

-Պարոն Կասյան, ինչպես նշեցիք,  ավելի քան մեկուկես տասնամյակ  Դուք շրջանի վարչակազմի ղեկավարն եք։ Ինչպիսի՞ն է այստեղ ժողովրդագրական շարժընթացը։ Տարիների ընթացքում մարդկանց կենսամակարդակը բարելավվե՞լ, թե՞ վատթարացել է. ասում են՝  Շուշիում հիմնականում սոցիալապես անապահով մարդիկ են բնակություն հաստատել...

-1995-97թթ. շրջանի բնակչության  սոցիալական վիճակը չի կարելի համեմատել այսօրվա վիճակի հետ. տարբերությունը մեծ   է։  Այո, քաղաքում  հիմնականում  վերաբնակվել են ամենաաղքատ, մեծամասամբ Ադրբեջանից գաղթած ընտանիքներ, սոցիալապես անապահով  խավեր։ Շուշի եկել են  այն պատճառով, որ այստեղ անվճար կամ ցածր գնով բնակարան  ձեռք բերեն։ Այսօր, ընդամենը 10-20 տարի անց,  նրա  բնակչությունն այլ  գաղափար, մտածելակերպ, այլ կենսամակարդակ ունի, և ես այս մասին հպարտությամբ եմ ասում։ Եվ ամենակարևորը՝ շուշեցիները սրտացավություն  են ցուցաբերում իրենց քաղաքի հանդեպ: Ես պարծենում եմ  մեր երիտասարդներով, նրանց գիտակցական մակարդակով, մտածելակերպով, տաղանդով։  Ինչ վերաբերում է բնակչության թվին.  1997-98թթ.    Շուշին  ուներ 3000 բնակիչ։ Այսօր այդ  թիվը 5000-ից անցնում է:  Բնակչության աճ կա նաև Քարինտակ համայնքում: Այն ունի ավելի քան 650 բնակիչ։ Ցավոք, մյուս համայնքներում երիտասարդների մի մասը  գյուղում մնալ չի ուզում։ Վերջին տարիներին սակայն գրանցվել են դեպքեր, երբ  որոշ ընտանիքներ Ստեփանակերտից վերադարձել են գյուղ և վերահաստատվել այնտեղ։ Կարծում եմ, տարիների ընթացքում նման ընտանիքների թիվը կավելանա։

 -Դուք նշեցիք, որ Շուշիում հիմնականում վերաբնակվել են սոցիալապես անապահով  մարդիկ, ովքեր   նպաստների, օգնությունների հաշվին էին գոյատևում: Կամա՛ց¬ կամաց  հասարակության մեջ  առաջացավ մի խավ, որը, բավարարվելով դրանով, աստիճանաբար կորցնում է աշխատելու ցանկությունը և սպառողական վերաբերմունք դրսևորում  պետության հանդեպ։  Ինչպե՞ս եք պայքարում  այդ երևույթի  դեմ,  և, ընդհանրապես, ինչպիսի՞ն է զբաղվածության մակարդակն այստեղ։

-Վերաբնակիչներին սահմանված կարգով, արտոնություններով որոշ ժամանակ օժանդակություն ցուցաբերվում է։ Ես ինքս կողմնակից  չեմ և նույնիսկ նախկին սոցապ նախարարներից մեկի հետ այդ թեմայով  խոսակցություն եմ ունեցել, որ պետք չէ ժողովրդին  սովորեցնել ՙօգնությունների՚ հույսով ընտանիք պահել, դա մարդկանց մեջ իրոք որ  սպանում է մի շարք կարևոր արժեքներ, այդ թվում և՝  աշխատասիրությունը։ Այսօր եզակի  օրինակներ կան, բայց՝ որպես համատարած երևույթ, այն   բացառվում է՝ շնորհիվ  շրջանում սոցիալական ճիշտ  քաղաքականության վարման։ Ոլորտի  պատասխանատուները պարբերաբար շրջայցեր են կազմակերպում, հետազոտություններ անցկացնում՝ վերհանելու  դժվար կացության մեջ գտնվող աղքատ, որևէ խնդրի լուծման  կարիք ունեցող անձանց, փորձում  օգտակար լինել։  Վերջին տվյալներով՝ Շուշիում ծայրահեղ աղքատ ընդամենը 11 ընտանիք կա, նրանց մի մասը միայնակ ապրող,   թոշակառու մարդիկ են, որոնց բնակարանային պայմաններն անմխիթար են, և ինչով կարողանում՝ օժանդակում ենք։  Համեմատության համար նշեմ, որ 10 տարի առաջ սուր կարիքավոր հարյուրավոր ընտանիքներ կային։ 

 Ընդհանրապես Շուշի քաղաքում  և համայնքներում շատերը  բնակարանի խնդիր ունեն։ Մենք պարբերաբար տրամադրում ենք շինանյութեր, օժանդակում  մասնակի վերանորոգումներին։ 

-Շուշիում  պատմամշակութային արժեք  ներկայացնող կառույցները քիչ չեն: Դրանց մեծ մասը պահպանվում է  պետության կողմից։  Սակայն կան շենքեր, որոնք ժամանակի ընթացքում  սեփականաշնորհվել են, բայց  այնտեղ վերանորոգում չի իրականացվել:  Ի՞նչ ճակատագիր կունենան նման կառույցները:

-Ժամանակին այդ թեմայով  քննարկումներ եղել են։ Նույնիսկ հետ վերցնելու  մեխանիզմներ են արծարծվել, բայց դա բարդ գործընթաց է, կարծում եմ, միայն դատարանի միջոցով լուծելի։ Մեր ունեցած ցանկի համաձայն  մոտ 200  նման օբյեկտ կա:  

- Ի՞նչ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ ունի այսօր բերդաքաղաքը:

-Որքան էլ նկատելի լինի Շուշիի բարգավաճումը, այնուամենայնիվ,  հիմնախնդիրները քիչ չեն:  Շուշիի առօրեական խնդիրները  լուծվում են, բայց միաժամանակ առաջանում են նորերը: Առաջնային եմ համարում  բնակարանային խնդիրը. նույնիսկ միջին խավը (չեմ ասում ծայրահեղ աղքատները) հաճախ  ի վիճակի չեն լինում վերանորոգել կամ ձեռք բերել սեփական  կացարանները։ Փորձում ենք, իհարկե, տարբեր ծրագրերի միջոցով օժանդակել, բայց, ինչպես գիտեք, մեր միջոցներն էլ սահմանափակ են։ Ընդհանուր առմամբ, Շուշիում կա խմելու ջրի խնդիր, չնայած  արդեն ունենք շուրջօրյա ջրամատակարարում: Լիսագորից ջուրն ինքնահոս հասցվեց Շուշի, այն դեպքում, երբ  քաղաքը   Արցախի՝ ծովի մակարդակից ամենաբարձր բնակավայրն է:   Ֆիլտրկայանի կառուցման հարցը  հրատապ է. ճիշտ է, իրականացվում են   սանիտարահիգիենիկ անհրաժեշտ միջոցառումներ, բայց խմելու ջուրը չի ֆիլտրվում։ Խնդիրն օրակարգում է և  առաջիկա տարիներին կլուծվի:

Գործազրկության, աշխատանքի տեղավորման խնդիր նույնպես  գոյություն ունի, քանի որ տարեցտարի աճում է բնակչության թիվը։ Փորձում ենք ընդառաջել, աջակցել, պայմանավորվածություն ունենք որոշ հիմնարկ-ձեռնարկությունների հետ տրանսպորտի տրամադրման մասին, որպեսզի Շուշիի բնակիչները կարողանան  շրջանից դուրս աշխատանքի մեկնել։ Շուշիում  աշխատատեղերի պակաս իրոք  կա. հիմնականում աշխատում են շինարարության ոլորտում, համայքներում  գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում։ Քաղաքում անասնապահությունն արգելված է (բացառությամբ ծայրամասի՝ փակ վիճակում պահելու պայմանով)։

-Շուշին Արցախի ամենաշատ զբոսաշրջիկ ընդունող քաղաքն է։ Ինչպե՞ս եք դիմավորում հյուրերին։

-Այո, Արցախ մտնող բոլոր տուրիստները, կարելի է ասել,  պարտադիր լինում են նաև Շուշիում։ Այստեղ զբոսաշրջիկների համար ստեղծված են  լավ պայմաններ. ունենք առանձնատներ, բարձրակարգ մի քանի հյուրանոց, կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի տեսարժան վայրեր: Ի դեպ՝ դրանց  մի  մասը գտնվում է հենց այստեղ, ինչը ևս  հարմար է զբոսաշրջիկի համար։ Այնպես որ, կարծում եմ, զբոսաշրջիկն այստեղ իրեն բավականին լավ է զգում։ Իհարկե, տարեցտարի սպասարկման ավելի  լավ պայմաններ կառաջարկենք: Շուշին իր անվանը,  պատմությանը համահունչ  ապագա կունենա։  Մինչև ապրիլյան քառօրյա պատերազմը շատ մեծ էր տուրիստների հոսքը. վերջին տարում փոքր¬ինչ  նվազում է արձանագրվել։ Բնականաբար,  պատերազմն իր ազդեցությունը թողել է ոչ միայն Շուշիի, այլև Արցախի և նույնիսկ Հայաստանի վրա։ Հուսանք, առաջիկայում վիճակը կփոխվի,  կանխատեսումներն այդպիսին են։ 

-Շուշին ունի՞ գլխավոր հատակագիծ։ 

-Այո, և բոլոր աշխատանքները համաձայն դրա են իրագործվում։ Պատվիրել ենք 2000 թվականին։ Կան  որոշ թերություններ, բացթողումներ, բայց այն գոյություն ունի։ 

-Զարգացման ի՞նչ հեռանկարներ կան։ Ինչպիսի՞ն կլինի Շուշին առաջիկա  տարիներին՝ զարգացման նման  տեմպը պահպանելու  դեպքում։ 

-Զարգացման վերջին 7-8 տարիների տեմպերը հուսադրող են։ Իսկ  եթե նման ձևով շարունակվի, առաջիկա 10 տարվա մեջ կունենանք բոլորովին այլ մակարդակի Շուշի։ Շինարարության ծավալներն աճում են (նաև՝ արտաբյուջետային միջոցների հաշվին)։ Շուշիի վերականգնումը՝ ենթակառուցվածքներ,  բնակարաններ և այլն, 70 տոկոսով  կատարված է։ Ծրագիր կա՝ Շուշի-Ստեփանակերտ ճոպանուղի կառուցել,  նախագծի ֆինանսավորման ուղղությամբ բանակցություններ են ընթանում, առաջիկա տարիներին  ծրագիրը կյանքի կկոչվի։ Նախնական տարբերակով այն կձգվի Շուշիի պարսպից մինչև Ստեփանակերտի հուշահամալիր կամ Կրկժանի տարածք։ Նախագիծը լրամշակման փուլում է։ 

-Շուշիում շա՞տ կան ավերակներ։ 

-Չի կարելի ասել, որ դրանց թիվը  մեծ է, բայց կան։ Խնդիրն այն էր,  որ չբնակեցված  առանձնատներից, բնակավայրերից մարդիկ  շինանյութը քանդում տանում էին, ինչը լրացնում է  ավերակների շարքը։ Դրանց  մեծ մասը նախկինում սեփականաշնորհված, բայց չվերականգնված օբյեկտներն են, պատմամշակութային արժեք ներկայացնող շենքեր, որոնց վերակառուցման համար ֆինանսական միջոցներ  են պետք։ 

Շատ բարերարներ կան, որ Շուշիում ներդրումներ են կատարում. մենք երախտապարտ ենք նրանց: Օրինակ,  Սերգեյ  Սարգսյանի  շնորհիվ Շուշին կունենա մանկապատանեկան ստեղծագործության  կենտրոնի գեղեցիկ, հարմարավեհ շենք։ Այն շահագործման կհանձնվի սեպտեմբերին: 

-Նկատեցինք՝  Շուշիում շաբաթօրյակ է։ 

-Շուշիում ամեն օր շաբաթօրյակ է։ Բայց Մայիսյան եռատոնից առաջ մեկ ամիս աշխատանքի եռուն շրջան է մեզ մոտ։ Քաղաքը պատրաստվում է դիմավորելու իր հյուրերին։ Կա տոնակատարությունների, այլ միջոցառումների ցանկ, և Շուշիի բոլոր հիմնարկ¬ձեռնարկությունները, կրթօջախներն ու մշակութային օբյեկտներն  ակտիվ աշխատում են։ Կատարվում են ծառատունկ, վերանորոգում։ Յուրաքանչյուր տարածքի կցված է մեկ  հիմնարկ, և յուրաքանչյուրը գիտի իր գործը։ Եռատոնի միջոցառումների գերակշիռ  մասը  կկատարվի հենց Շուշի քաղաքում, և ճիշտը դա է։ 

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ