[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ, ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՄԻԱՄՍՅԱԿ

 Ապրիլի 29-ից մինչև մայիսի 29-ը Քաշաթաղի շրջանում հայտարարված է բարեկարգման, կանաչապատման, սանմաքրման միամսյակ, որի  առաջին  իսկ օրը շրջկենտրոն Բերձորում գործող կազմակերպությունները, շրջվարչակազմը, քաղաքապետարանն իրականացրեցին լայնածավալ  շաբաթօրյակ: 

 Շրջվարչակազմի կառույցների աշխատակիցները մի քանի ժամ  աշխատեցին Երևանյան մայրուղու վրա՝ ԵԿՄ պուրակից մինչև Ներքին Սուս գյուղի մոտակա հատված՝ մաքրելով մայթերին մերձ հատվածներն ու պուրակները: Մինչ այդ մաքրման աշխատանքներ իրականացվեցին նաև շրջվարչակազմի շենքի մոտակա հատվածներում: Ինչպես միշտ, այս անգամ ևս շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ունեցավ անասնաբուժական կայանի աշխատակազմը՝ տնօրեն Արմեն Էլբակյանի գլխավորությամբ: Նրանք աշխատեցին Բերձորի արևելյան մուտքի տարածքում: Բերձորի քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանի  տեղեկատվությամբ՝  օրվա ընթացքում մայրուղու երկայնքով ձգվող էլեկտրասյուններին փակցվել են  երկու հայկական  հանրապետությունների Եռագույնները՝ Բերձորի ազատագրման 25¬ամյակի առթիվ: Այս օրերին քաղաքի 2 մուտքերի մոտ փոխվել և ժամանակակից ու գեղեցիկ տեսք է ստացել ՙԲերձոր՚ ցուցանակը:

 Որոշակի բարեկարգման աշխատանքներ են կատարվում նաև քաղաքի կենտրոնում: ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ¬ի  շրջանային կառույցի աշխատակիցներն իրենց շենքի մոտակայքում էին շաբաթօրյակ իրականացնում: Նրանց հարևանությամբ էին ԱՀ ԿԱ ԱԻՊԾ Քաշաթաղի շրջանային փրկարար ծառայության մարտիկները,  Բերձորի պետական մանկապարտեզի շենքի մոտակայքում էին աշխատում մանկապարտեզի և Բերձորի արվեստի դպրոցի  անձնակազմերը: Այս օրերին շրջվարչակազմի ենթակայությամբ գործող ՙՔաշաթաղի ջրամատակարարում՚ ՓԲԸ-ն իրականացնում է Աղավնո-Լեռնահովիտ ճանապարհահատվածի բարեկարգում, փոխվում ու թարմացվում են բնակավայրերի անվանումների ցուցանակները: Շաբաթօրյակներ կայացան նաև շրջանի մեծ թվով այլ բնակավայրերում: 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր